Ոստիկանութիւնը հետեւողականօրէն ոտնահարում է Րաֆֆի Յովհաննիսեանի իրաւունքները


Ոստիկանութիւնը հետեւողականօրէն ոտնահարում է Րաֆֆի Յովհաննիսեանի իրաւունքները

  • 24-03-2011 10:50:49   | Հայաստան  |  Քաղաքական
Մարտի 24-ին հայաստանեան մի շարք հասարակական կազմակերպութիւններ հանդէս էն եկել յայտարարութեամբ, որում ասուած է. «Արդէն իններորդ օրն է, ինչ Րաֆֆի Յովհաննիսեանը հացադուլի մէջ է Ազատութեան հրապարակում: Մենք, ներքոստորագրեալներս, ամբողջովին զօրակցում ենք նրա գործողութիւններին եւ կիսում ենք նրա բոլոր մտահոգութիւնները առանձին եւ ամբողջութեամբ վերցուած, որոնք եւ ստիպեցին նրան դիմել այս միջոցին: Եւ միայն իշխանութիւնների վերաբերմունքն է ստեղծուած իրավիճակին, որ ստիպոմ է մեզ հանդէս գալ այս յայտարարութեամբ: Այն պահից ի վեր, երբ Րաֆֆի Յովհաննիսեանը դիմել է այս առաւել ծայրայեղ, բայց խաղաղ միջոցին, իշխանութիւնները ուժ չէն խնայում նսեմացնելու նրան եւ ի չիք դարձնելու նրա հսկայական ջանքերն` ուղղուած երկրում ճչացող անարդարութեան վրայ ուշադրութիւն գրաւելուն: Իշխանութիւնները դրանք անում էն թէ ուղղակի` ոստիկանական ուժերի միջոցով եւ թէ անուղղակի` իրենց կամակատար լրատուամիջոցների օգնութեամբ: Մենք հանդէս ենք գալիս այս յայտարարութեամբ, պահանջելով մեր հայրենակցի իրաւունքների ու արժանապատուութեան պաշտպանութիւնը, որին եւ նա, եւ իւրաքանչիւր այլ քաղաքացի անվերապահօրէն արժանի է: Մենք պահանջում ենք. Հայաստանի իշխանութիւնների կողմից անյապաղ ներողութեան հայցում` ի դէմս Ոստիկանութեան, որը հետեւողականօրէն եւ անմարդկայնօրէն ոտնահարում է Րաֆֆի Յովհաննիսեանի իրաւունքները եւ շարունակական ոտնձգութիւններով նուաստացնում է նրա անձը` հակաօրինական ձեւով չթոյլատրելով վրանի տեղադրումը եւ չապահովելով պայմաններ նրա քաղաքացիական իրաւունքների իրականացման համար: Երաշխաւորել բոլոր անհրաժեշտ միջոցները` ներառեալ, բայց ոչ միայն, տաքացուող վրանի տրամադրումը, բուժանձնակազմի շարունակական ներկայութիւնը եւ ամենակարեւորը` ողջ ընթացքում քաղաքավարի եւ յարգալից վերաբերմունք ոստիկանութեան կողմից: Յայտարարութիւնը բաց է միանալու համար»: Բաց հասարակութեան հիմնադրամներ – Հայաստան Հայաստանի հելսինկեան կոմիտէ ՀԿ Երեւանի մամուլի ակումբ ՀԿ Համագործակցութիւն յանուն ժողովրդավարութեան ՀԿ Իրաւունքների պաշտպանութիւն առանց սահմանների ՀԿ “ասպարէզ” լրագրողական ակումբ Խօսքի ազատութեան պաշտպանութեան կոմիտէ Հելսինկեան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենեակ
  -   Քաղաքական