Սիրանոյշ.Մայրիկս ինձ փորձում է տանել ամէն տեղ անուասայլակով, բայց դա շատ բարդ է մեր սիրելի Երեւանում


Սիրանոյշ.Մայրիկս ինձ փորձում է տանել ամէն տեղ անուասայլակով, բայց դա շատ բարդ է մեր սիրելի Երեւանում

  • 12-10-2012 11:04:53   | Հայաստան  |  Հասարակութիւն

12 - ամեայ Սիրանոյշի նամակը Երեւանի քաղաքապետին. «Յարգելի պարոն քաղաքապետ, իմ անունը Սիրանոյշ է: Ես 12 տարեկան եմ, սովորում եմ Գայի անուան թիւ 129 դպրոցի 5-րդ դասարանում: Նաեւ Ալ. Հեքիմեանի անուան երաժշտական դպրոցի աշակերտուհի եմ, դաշնամուր եմ նուագում: Ես շատ եմ սիրում երգել, նկարել, երազել, սիրում եմ ընկերներիս եւ իմ ընտանիքը: Բայց ամենաշատը ես սիրում եմ զբօսնել, այցելել տարբեր հետաքրքիր վայրեր, մշակութային եւ կրթական օջախներ: Ես հայ եմ եւ շատ եմ սիրում իմ Երեւանը: Այն այնքան գեղեցիկ եւ նոր է ինձ համար: Ես երազում եմ զբօսնել Երեւանի փողոցներով, լինել այգիներում ու պուրակներում,… Բայց, ցաւօք, ինձ համար դա շատ դժուար է, քանի որ ես անուասայլակ եմ օգտագործում եւ ինքնուրոյն չեմ կարողանում տեղաշարժուել: Մայրիկս ինձ փորձում է տանել ամէն տեղ անուասայլակով, բայց դա շատ բարդ է մեր սիրելի Երեւանում: Մեր փողոցները յարմարեցուած չեն սայլակով տեղաշարժուելու համար: Առաջին հայեացքից շատ վայրերում կան թեքահարթակներ, բայց դրանց մեծամասնութիւնը շատ անյարմար է: Շատ դժուար է նաեւ սայլակով տեղաշարժուել առանց մայթերի փողոցներով, շատ անգամ մայրիկս հրում է սայլակը հէնց մեքենաների արանքներով, որովհետեւ մայթերը քանդուած են: Մենք ամէն օր անցնում ենք DE LYUX ռեստորանի մօտով, եւ այնքան ծանր է մայրիկիս բազմաթիւ աստիճանները յաղթահարել փողոցի երկայնքով, ոչ մի թեքահարթակ չկայ: Չնայած փողոցների վատ պայմաններին, մայրիկս ինձ յաճախ է տանում զբօսանքի սայլակով, եւ ես շատ եմ ուրախանում, տեսնելով գեղեցիկ պարիսպներ եւ ծաղկանոցնէր, բայց տխրում եմ, երբ հասկանում եմ, որ կառուցողները կրկին մոռացել են իմ եւ իմ նման շատերի մասին, եւ ստեղծելով գեղեցիկը, ոչ միայն անտեսել են թեքահարթակները, այլ նաեւ փակել են նախկինում եղած փոքր յարմարութիւնները: Մենք շատ յաճախ ենք անցնում նաեւ Արաբկիրով, գնում ենք տատիկի տուն, այնտեղ շատ գեղեցիկ է ամէնը, բայց մայրիկը միշտ նեղւում է, որովհետեւ միակ փոքրիկ արանքը, որով մենք միշտ անցնում էինք սայլակով, փակել են, եւ հիմա մայրիկս ամէն անգամ բարձրացնում է սայլակը անցնելու համար: Շատ վիրաւորական է, երբ փողոցներում, եթէ նոյնիսկ կան թեքահարթակնեն, նրանց առջեւը փակած է լինում մեծ ժամանակակից մեքենաներով, եւ մայրիկը ստիպուած բարձրացնում է սայլակը: Ես բացարձակ չեմ օգտւում քաղաքային տրանսպորտից, որովհետեւ այն յարմարեցուած չէ սայլակների համար, միայն հատ ու կենտ տաքսիները համաձայնւում են մեզ տեղափոխել, որովհետեւ իմ սայլակը չի տեղաւորւում նրանց բեռնախցիկում: Շատ բազմաթիւ են իմ ու իմ նմանների խնդիրները մեր քաղաքում, բայց ՄԵՆՔ ՍԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԵՒԱՆԸ, ՄԵՆՔ ԵԼ ԵՆՔ ՆՐԱ ԶԱՒԱԿՆԵՐԸ, եւ մենք ակնկալում ենք, որ Այն ել մեզ կը սիրի, կը յիշի ու հոգ կը տանի իր զաւակների համար»: Յարգանքով` Սիրանոյշ
  -   Հասարակութիւն