Ներկայացուեց «Սեւան» ազգային պարկ»-ի 2007-2011թթ.-ի կառավարման պլանով նախատեսուած միջոցառումների հաշուետուութիւնը


Ներկայացուեց «Սեւան» ազգային պարկ»-ի 2007-2011թթ.-ի կառավարման պլանով նախատեսուած միջոցառումների հաշուետուութիւնը

  • 09-03-2011 18:47:10   | Հայաստան  |  Հասարակութիւն
Գեղարքունիքի մարզում մարտի 9-ին տեղի ունեցաւ «Սեւան» ազգային պարկ» Պոակ-ի խորհրդի նիստը` խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գէորգեանի ղեկավարութեամբ: Փոխվարչապետը նախ ներկաների ուշադրութիւնը հրաւիրեց մարտի 4-ի խորհրդակցութիւնում ՀՀ նախագահի կողմից տրուած յանձնարարականներին: Նա յանձնարարեց բնապահպանութեան նախարարին եւ «Սեւան» ազգային պարկ» Պոակ-ի տնօրէնին ձենամուխ լինել հանրային լողափերի կազմակերպման աշխատանքներին եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել յունիսի 15-ից դրանց շահագործումն ապահովելու համար: ՀՀ բնապահպանութեան նախարարութեան կողմից խորհրդին ներկայացուեց «Սեւան» ազգային պարկ» Պոակ-ի 2007-2011թթ. կառավարման պլանով նախատեսուած միջոցառումների հաշուետուութիւնը: Արձանագրուեց, որ գործող կառավարման պլանը վերանայման կարիք ունի` մասնաւորապէս կառավարման մեխանիզմների բարելաւման, կադրերի վերապատրաստման եւ մի շարք այլ ուղղութիւններով: Ներկայացուեցին առաջարկութիւններ` Պոակ-ի 2012-2017թթ. պլանի մշակման վերաբերեալ: Անդրադարձ եղաւ նաեւ խորհրդի ստեղծումից` 2010թ. սեպտեմբերի 1-ից յետոյ Պոակ-ի կնքած հողերի վարձակալութեան պայմանագրերին: Հաշուի առնելով պայմանագրերի ուսումնասիրման նպատակով ստեղծուած աշխատանքային խմբի առաջարկները` որոշուեց մէկ ամսուայ ընթացքում տեղերում իրականացնել ուսումնասիրութիւն, որի արդիւնքների հիման վրայ խորհուրդը կը քննարկի պայմանագրերին հաւանութիւն տալու նպատակայարմարութեան հարցը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ Տարածքային կառավարման նախարարութեան Մամուլի ծառայութիւնից, խորհուրդը երկարաձգեց Պոակ-ի հողերի վարձակալութեան նուազագոյն սակագնի վերաբերեալ առաջարկութիւններ ներկայացնելու նպատակով ստեղծուած աշխատանքային խմբի գործունէութեան ժամկէտը:
  -   Հասարակութիւն