Կաշառք բժշկական փաստաթուղթ ստանալու համար


Կաշառք բժշկական փաստաթուղթ ստանալու համար

  • 24-02-2011 18:18:07   | Հայաստան  |  Հասարակութիւն
Լոռու մարզի դատախազութիւնում յարուցուել է քրէական գործ` բժշկական կոնսուլտատիւ յանձնաժողովի նախագահի եւ հիւանդանոցի աւագ նյարդաբանի կողմից կաշառք ստանալու դէպքի առթիւ: Մասնաւորապէս պարզուել է, որ 2011թ. փետրուարի սկզբին Լոռու մարզի Ջրաշեն գիւղի բնակչուհի Ա. Ասոյեանը հաշմանդամութեան կարգ ձեռք բերելու նպատակով դիմել է «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերութեան պոլիկլինիկայի բժիշկ-նյարդաբան, բժշկական կոնսուլտատիւ յանձնաժողովի նախագահ Ֆ. Մոսոյեանին: Վերջինս որոշակի գումար կաշառք ստանալու պայմանով խոստացել է Վանաձորի թիւ 2 հիւանդանոցի աւագ նյարդաբան, իր ծանօթ Գ. Գասպարեանից ստանալ հիւանդութեան մասին անհրաժեշտ բժշկական փաստաթուղթ եւ սկսել գործընթացը: Կաշառքի շուրջ համաձայնութեան գալով` Ֆ. Մոսոյեանը նոյն օրը նախնական համաձայնութեան է եկել Գ. Գասպարեանի հետ եւ Ա. Ասոյեանին ուղարկել նրա մօտ` Վանաձորի թիւ 2 հիւանդանոց: 2011թ. փետրուարի 11-ին Ա. Ասոյեանը այցելել է Գ. Գասպարեանին, ով առանց ստացիոնար հետազօտման, հաշմանդամութեան կարգում ընդգրկելու համար հիւանդութեամբ տառապելու մասին անհրաժեշտ էպիկրիզ կազմելու եւ տրամադրելու դիմաց Ա. Ասոյեանից իր աշխատասենեակում պահանջել եւ ստացել է 20 000 դրամ կաշառք: Այնուհետեւ 2011թ. փետրուարի 17-ին, առանց անհրաժեշտ ստուգումներ կատարելու, կազմել եւ յաջորդ օրը Ա. Ասոյեանին է տուել զարկերակային հիպերտենզիայ 2-րդ աստիճանի եւ այլ հիւանդութիւններով տառապելու մասին կեղծ էպիկրիզ: 2011թ. փետրուարի 22-ին Ա. Ասոյեանը «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերութեան պոլիկլինիկայում` Ֆ. Մոսոյեանի աշխատասենեակում, յիշեալ էպիկրիզը ներկայացրել է կոնսուլտատիւ յանձնաժողովի նախագահ Ֆ. Մոսոյեանին եւ նոյն օրը, նախնական պայմանաւորուածութեան համաձայն, վերջինիս պահանջով նրան տուել 35 000 դրամ կաշառք: Ըստ ՀՀ Գլխաւոր դատախազութեան լրատուական ծառայութեան հաղորդագրութեան, դէպքի առթիւ յարուցուել է քրէական գործ` ՀՀ քրէական օրէնսգրքի 311-րդ յօդուածի 3-րդ մասի 2-րդ կէտով: Կատարւում է նախաքննութիւն:
  -   Հասարակութիւն