Սբ. Գեղարդաւանքի երգչախմբի համերգները Գերմանիայում


Սբ. Գեղարդաւանքի երգչախմբի համերգները Գերմանիայում

  • 24-02-2011 16:38:38   |   |  Մշակոյթ
Փետրուարի 14-21-ը Սբ. Գեղարդաւանքի երգչախումբը (գեղ. ղեկավար` Մհեր Նաւոյեան, խմբավար` Անահիտ Պապայեան)` գլխաւորութեամբ Սբ. Գեղարդաւանքի վանահայր Տ. Յարութիւն աբեղայ Կիրակոսեանի համերգներով հանդէս եկաւ Գերմանիայի Հայդենհայմ, Շտուտգարտ, Գյոպինգեն եւ Հանաու քաղաքներում: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգից, սա երգչախմբի հինգերորդ այցն էր Գերմանիա` Գեղարդաւանքի եւ Գերմանիայի Լորշ վանք-գիտահետազօտական ինստիտուտի համագործակցութեան շրջանակներում: Երգչախումբը գերմանացի ունկնդրին ներկայացրեց հայ հոգեւոր եւ ժողովրդական երգերի մշակումներ: Առաջին համերգը կայացաւ Հայդենհայմ քաղաքի Ս. Միքայէլ եկեղեցու լեփ-լեցուն սրահում: Երգչախմբի գերմանացի բարեկամ, երաժիշտ Քրիստիան Վայդայի կողմից կատարուեց նաեւ համերգի պրոֆէսիոնալ ձայնագրութիւն: Համերգը կազմակերպել էր “Neuer Kammerchor” երիտասարդական երգչախումբը` Թոմաս Քամմելի ղեկավարութեամբ: Այս երգչախմբի հետ «Շիլլէր գիմնազիումի» փորձասրահում տեղի ունեցաւ հանդիպում-փորձ, որի ընթացքում Ա. Պապայեանի խմբավարութեամբ գերմանական երգչախմբի երիտասարդ անդամները սովորեցին Կոմիտասի` «Ելայ տանիս» ժողովրդական երգի մշակումը: Այնուհետ “Neuer Kammerchor”-ի անդամները կատարեցին Ռ. Ամիրխանեանի «Երազի իմ երկիր» ստեղծագործութիւնը, որը սովորել էին դեռ անցեալ տարի Հայաստան կատարած համերգային ուղեւորութեան առիթով: Յատկապէս նշանակալի էր տարբեր երկրներից ժամանած երգչախմբերի համատեղ համերգը Շտուտգարտում, որի ընթացքում հայկական երգչախմբին տրուած էր առաւելագոյն տեւողութեամբ ելոյթի հնարաւորութիւն: Ուշագրաւ էր միացեալ երգչախմբի` Յ. Ս. Բախի “Singet dem Herrn” ստեղծագործութեան մի հատուածի կատարումը` նշանաւոր դիրիժոր Հելմուտ Ռիլլինգի ղեկավարութեամբ: Վերջինս բարձր գնահատեց հայաստանեան խմբի կատարումները: Գյոպինգեն եւ Հանաու քաղաքներում երգչախմբին ջերմօրէն հիւրընկալեցին տեղի հայ համայնքները` Տ. Սերովբէ վարդապետ Իսախանեանի եւ Տ. Տիրատուր քահանայ Սարդարեանի գլխաւորութեամբ: Փետրուարի 19-ին Գյոպինգենում, իսկ փետրուարի 20-ին Հանաուում մատուցուեց Սբ. Պատարագ` Գեղարդաւանքի երգչախմբի մասնակցութեամբ: Պատարագիչն էր Տ. Յարութիւն աբեղայ Կիրակոսեանը:
  -   Մշակոյթ