Տիգրան Սարգսեան. «Յղիութեան նպաստ կը ստանան իրականում աշխատող կանայք» <br />


Տիգրան Սարգսեան. «Յղիութեան նպաստ կը ստանան իրականում աշխատող կանայք»

  • 24-02-2011 14:31:09   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՀՀ կառավարութեան փետրուարի 24-ի նիստում հաւանութիւն տրուեց «Ժամանակաւոր անաշխատունակութեան նպաստների մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասինէ ՀՀ օրէնքի նախագծին, որը սահմանուած կարգով կը ներկայացուի ՀՀ Ազգային Ժողով: Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորեանի, սահմանւում է, որ նպաստը վճարւում է նաեւ ժամանակաւոր անաշխատունակութեան ժամանակա-հատուածի տօնական ոչ աշխատանքային օրերի համար` պահպանելով դրա չվճարումը ընդհանուր հանգստեան (շաբաթ եւ կիրակի) օրերի համար (վերացւում է նախկինում կատարուած բացթողումը): Վերացւում է վարձու աշխատողներին վճարուող յղիութեան եւ ծննդաբերութեան նպաստը հաշուարկելու համար հիմք ընդունուող միջին ամսական աշխատավարձի առաւելագոյն շեմը (առաւելագոյն շեմը պահպանւում է միւս նպաստների համար)` ըստ այդմ վերանայելով նաեւ վարձու աշխատողի նպաստը հաշուարկելու համար հիմք ընդունուող միջին ամսական աշխատավարձը հաշուարկելու կարգը (արդիւնքում` վերջին 12 ամիսների ընթացքում աշխատանքային յարաբերութիւնների մէջ գտնուած անձի կորցրած եկամուտը կը փոխհատուցուի 100 տոկոսով): Օրէնքի նախագծով նախատեսւում է փոփոխութիւններին տալ յետադարձ ուժ: Ըստ այդմ, գործող օրէնքի հիման վրայ նշանակուած յղիութեան եւ ծննդաբերութեան նպաստները կվերահաշուարկուէն նոր կարգով: Եթէ վերահաշուարկուած նպաստի չափը բարձր է նախկինում նշանակուած (վճարուած) յղիութեան եւ ծննդաբերութեան նպաստի չափից, ապա շահառուին կը վճարուի տարբերութիւնը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանի խօսքերով Հհ-ում արձանագրուել էին լուրջ խախտումներ, երբ յղի կինը 1-2 օրով ընդունւում էր աշխատանքի, նշանակւում էր աշխատավարձ մի քանի միլիոն դրամ, կինն անցնում էր արձակուրդի ռեժիմի, եւ պետութիւնը պարտաւոր էր վճարել: «Այս մախինացիան կատարւում էր պետութեան գրպանը մտնելու համար»,- յայտարարեց վարչապետը: Կառավարութիւնն, ըստ վարչապետի, ընդունեց կոպիտ լուծում, չարաշահումները դադարեցուեցին, բայց դժգոհութիւն առաջացրեց այն մարդկանց մօտ, որոնք մշտական եւ օրինական կերպով աշխատել ու ստացել էին բարձր աշխատավարձ: Տ. Սարգսեանի խօսքով, այս նախագծով խնդիրը լուծւում է, եւ նպաստ կը ստանան նրանք, ովքեր իսկապէս աշխատել էն եւ հաշուարկը կը կատարուի 12-ամսեայ ժամկէտի կտրուածքով:
  -   Հասարակութիւն