Քաղաքացիական հասարակութիւնը Հայաստանում զարգացման փուլում<br /> է, բայց ունի շատ մեծ մարտահրավերներ<br />


Քաղաքացիական հասարակութիւնը Հայաստանում զարգացման փուլում
է, բայց ունի շատ մեծ մարտահրավերներ

  • 22-02-2011 16:28:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ Փետրուարի 22-ին Երեւանում հանրութեանը ներկայացուեց «Քաղաքացիական հասարակութեան ինդեքս Հայաստան» վերլուծական զեկոյցը: Ինչպէս զեկոյցի շնորհանդէսին նշեց Քաղաքացիական հասարակութեան ծրագրի տնօրէն Արսէն Ստեփանեանը, զեկոյցը ոչ միայն իրավիճակի պարզ վերլուծութիւն է, այլեւ առաջիկայ տարիների համար հայաստանեան քաղաքացիական հասարակութեան զարգացման ուղենիշ: Ըստ զեկոյցի, քաղաքացիական ներգրավվածությունը Հայաստանում բաւականին ցածր է, սակայն միաժամանակ դրական է այն, որ ներգրաւուած անձանց մասնակցութիւնը բաւականին ակտիւ է ու պարբերական: Դրական է նաեւ այն, որ գրեթէ բոլոր սոցիալական խմբերը բաւականին ներկայացուած են քաղաքացիական հասարակութեան գործունէութիւնում: Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանեան գրասենեակի տնօրէն Ալեքս Սարդարը նշեց, որ Քաղաքացիական հասարակութեան ինդեքսի հետազօտութիւնը Հայաստանում երկրորդ անգամ է իրականացւում, բայց առաջին անգամ է անցկացւում համապարփակ կերպով: Ըստ նրա, քաղաքացիական հասարակութիւնը Հայաստանում զարգացման փուլում է, բայց ունի շատ մեծ մարտահրավերներ: Հետազօտութեան հեղինակները գտնում են, որ անհրաժեշտ է օրենսդրական բարեփոխումների միջոցով հասարակական կազմակերպութիւնները յստակ դասակարգվեն ըստ գործունէութեան ոլորտների: Կարեւորւում է նաեւ հայաստանեան ՀԿ-ների ֆինանսական կայունութեան հարցը. դրանք չպէտք է կախուած լինեն միայն ու միայն արտասահմանեան աղբիւրներից, այլ նաեւ հնարաւորութիւն ունենան իրենց գործունէութեան համար ֆինանսական միջոցներ հայթայթել Հայաստանում, մինչեւ անգամ պետական աղբիւրներից: Ալեքս Սարդարը կարեւորեց նաեւ կամաւորների գործունէութեան առնչութեամբ օրենսդրական բարեփոխումների անցկացումը: Նա պարզաբանեց, որ այսօր ՀԿ-ները չեն կարողանում կամաւորներին ներգրաւել իրենց գործունէութեան մէջ հարկային դաշտում առկայ շատ լուրջ խնդիրների պատճառով: Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազօր դեսպան, Քաղաքացիական հասարակութեան ինդեքսի պատուաւոր խորհրդի անդամ Մարի Յովանովիչը կարեւորեց հասարակական կազմակերպութիւնների գործունէութեան ակտիւացումը: Նա նշեց նաեւ, որ Հայաստանում միջազգային կազմակերպութիւնների հետ համատեղ մշակւում են օրենսդրական փաթեթներ քաղաքացիական հասարակութեան զարգացման համար: «Կարեւոր է հասկանալ, որ քաղաքացիական հասարակութիւնը խաղում է երկակի դեր` մի կողմից քննադատում, իսկ միւս կողմից` միաժամանակ, կառավարութեան հետ համատեղ կարող է լուծել էական խնդիրներ»,- ասաց դեսպանը: Հետազօտութիւնը իրականացուել է Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպութեան կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան, CIVICUS Քաղաքացիական մասնակցութեան համաշխարհային միաւորման, ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցութեամբ: Նման հետազօտութիւններ իրականացւում են աշխարհի աւելի քան 40 երկրներում:
  -   Հասարակութիւն