Իւրաքանչիւր ժողովուրդ ինքն է կերտում իր ճակատագիրը<br />


Իւրաքանչիւր ժողովուրդ ինքն է կերտում իր ճակատագիրը

  • 14-02-2011 15:16:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը փետրուարի 14-ի յայտարարութեամբ շնորհաւորել է Եգիպտոսի ժողովրդին` երկրում 30 տարի գոյութիւն ունեցող բռնապետական ռեժիմը տապալելու կապակցութեամբ: «Եգիպտոսի իշխող ռեժիմը գտնուելով հոգեւարքի մէջ, ոստիկանական յատուկ ստորաբաժանումների եւ օլիգարխների բանդաների օգնութեամբ, քաղաքացիների նկատմամբ բռնութիւն կիրառելու միջոցով փորձեց կոտրել ժողովրդի կամքը եւ լռեցնել ցասման պոռթկումը: Ստանալով արժանի հակահարուած, Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական տվեց: Արդար, արժանապատիվ եւ բարեկեցիկ ապագայ ստեղծելու համար Եգիպտոսի ժողովուրդը, ինչպէս ցանկացած ազատատենչ ժողովուրդ, պէտք է ցուցաբերի հաւաքական կամք եւ նուիրում կերտելու այն երկիրը, որը իւրաքանչիւր Քաղաքացու մտքում, հոգում եւ սրտում է: Բռնապետական, ոստիկանական կառավարման համակարգերը այլեւս սպառել են իրենց եւ բռնապետների տապալումը, ինչ դիմակով էլ նրանք փորձեն ներկայանալ աշխարհին, դառնում է օրուայ հրամայական եւ պահանջ ոչ միայն տուեալ երկրների ժողովուրդների, այլ նաեւ այդ բռնակալների տերերի համար: Նրանք աւելորդ են դառնում կույրաղիքի նման եւ վաղ թէ ուշ յայտնուելու են լաւագոյն դէպքում կամ քաղաքական աղբանոցում կամ ճաղերի հետեւում: Ղրղզստանում, Թունիսում եւ Եգիպտոսում տեղի ունեցած ժողովրդական ընդվզումները վերաճելով քաղաքացիական անհնազանդութեան, տապալեցին բռնապետական, հակաժողովրդական, հակամարդկային ռեժիմները: Ընդ որում, այդ յեղափոխութիւնները տեղի ունեցան ո'չ համապետական ընտրութիւնների ժամանակ, ո'չ էլ ընտրութիւններին նախորդող կամ յաջորդած ժամանակահատուածում, ինչը հայաստանեան քաղաքական ընդդիմությունը ներկայացնող ղեկավարների մեծ մասի համար պէտք է որ խորհելու առիթ դառնայ: Երէկ Արցախեան Ազատամարտում հայ ժողովուրդը իր լաւագոյն զավակների զոհողությունների, միակամության եւ նուիրումի գնով, ազատագրելով Արցախ Աշխարհի մի մասը արտաքին թշնամուց` ժողովուրդների համար բանտ հանդիսացող Ադրբեջան կոչւող պետութիւնից, այսօր պէտք է ազատագրվի հայ մարդու արժանապատվությունը նուաստացնող, ոտնահարող եւ հարստահարող, Հայոց պետականութիւնն ուղղակի վտանգող հակահայ ռեժիմից: Իւրաքանչիւր ժողովուրդ ինքն է կերտում իր ճակատագիրը»,- ասուած է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի փետրուարի 14-ի յայտարարութիւնում:
  -   Քաղաքական