Հայաստանի օրէնսդրութիւնը երբեմն նման է սարդոստայնի,- խոստովանում է <br /> ՀՀ արդարադատութեան նորանշանակ նախարարը


Հայաստանի օրէնսդրութիւնը երբեմն նման է սարդոստայնի,- խոստովանում է
ՀՀ արդարադատութեան նորանշանակ նախարարը

  • 17-01-2011 21:12:34   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՒԱՆ, 17 ՅՈՒՆՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ Տապան։ «Արդարադատութեան նախարարութիւնը բաց է մամուլի հետ երկխօսութեան համար. մամուլում հրապարակուած ցանկացած դիտողութեան, առաջարկութեան, քննադատութեան վերաբերեալ տրուելու են յստակ պատասխաններ»: Այդ մասին իր առաջին ասուլիսիում յունուարի 17-ին յայտարարեց ՀՀ նորանշանակ արդարադատութեան նախարար Հրայր Թովմասեանը: Նախարարն իր կողմից իրականացուելիք քաղաքականութեան կարեւոր ուղղութիւնների թւում նշեց նախարարութիւն-ժողովուրդ կապի խնդիրը: Հ. Թովմասեանը նշեց, որ այս ոլորտում խնդիրները հիմնականում երեք պատճառներ ունեն. ըստ նրա, նախարարութեան համակարգում եզակի չեն այն մարդիկ, ովքեր պետութեանը ծառայելը շփոթում են սեփական բարեկեցութիւնը բարձրացնելու հետ, խնդիրների երկրորդ պատճառն այն է, որ Հայաստանի օրէնսդրութիւնը երբեմն նման է սարդոստայնի, որտեղ սովորական քաղաքացիները խճճւում են եւ դրանից դուրս գալու համար պատրաստ են այս կամ այն անձին վճարել: Խնդիրների երրորդ պատճառը, ըստ նախարարի, ժամանակային անհարկի ձգձգումներն են, որոնք նա խոստանում է կարգաւորել նաեւ օրէնսդրական փոփոխութիւնների ճանապարհով: Հ.Թովմասեանը յայտնեց, որ նախատեսւում են կ'առուցուածքային բարեփոխումներ նօտարիատի բնագաւառում: Հայաստանում նօտարները օրական վաւերացնում են միջինը 23 գործարք, ինչը միջին եւրոպական չափանիշները գերազանցում է երկու անգամ: Ուստի, ըստ նախարարի, աստիճանաբար պէտք է աւելացուի նօտարիատների թիւը եւ անցում կատարուի դէպի ազատականացուած նօտարական համակարգ: Բարեփոխումների արդիւնքում յաճախորդները իրաւունք են ունենալու նօտարից պահանջել հաւաքել գործարքի համար անհրաժեշտ փաստաթղթերը: Նախարարը վստահ է, որ նօտարական համակարգում մրցակցութեան պայմաններում կ'իջնեն նաեւ ծառայութիւնների սակագները, իսկ պետութեան խնդիրն է սահմանել գործարքի համար նուազագոյն եւ առաւելագոյն սակագների չափը: Նախարարի խօսքերով, լուրջ բարեփոխումների կարիք ունի նաեւ քրէակատարողական համակարգը: Նախարարը, մասնաւորապէս, գտնում է, որ պէտք է աստիճանաբար հրաժարուել կ'ազարմային խցերից եւ փոխարինել դրանք մենախցերով: Նախարարը կարեւորեց նաեւ տնային կալանքի համակարգի ներդրումը որպէս քրէակատարողական հիմնարկների գերբնակեցումը յաղթահարելու միջոց: ԴԱՀԿ ոլորտում, ըստ նախարարի, նոյնպէս կայ բարեփոխումների անհրաժեշտութիւն: Մասնաւորապէս, Հ.Թովմասեանինն մտահուգում է այն, որ ԴԱՀԿ կողմից իրականացուող աճուրդներին «այդքան քիչ մարդ է մասնակցում», ինչի համար կան օբյեկտիւ եւ սուբյեկտիւ պատճառներ: «Խնդիրներն այստեղ ես պատկերացնում եմ կոռուպցիոն ռիսկերի առումով եւ ընադհանրապէս ամբողջ բարեփոխումների առումով»,- ասաց նախարարը: Նա միաժամանակ ընդգծեց, որ համակարգը բաւականին կայացած է, վերջին երկու տարում ԴԱՀԿ կողմից կատարուած բռնագանձումները մօտ չորս անգամ աւելացել են: Հրայր Թովմասնաը լրագրողներին ներկայացրեց իր մամուլի քարտուղարին՝ «Ազատութիւն» ռադիօկայանի արդէն նախկին լրագրող Կ'արինէ Քալանթարեանին:
  -   Հասարակութիւն