Վիլֆրեդ Մարթենս. Հայաստանի պաշտօնական շրջանակների խոստացած բարեփոխումները պէտք է առարկայական լինեն


Վիլֆրեդ Մարթենս. Հայաստանի պաշտօնական շրջանակների խոստացած բարեփոխումները պէտք է առարկայական լինեն

  • 10-05-2011 17:45:14   | Հայաստան  |  Քաղաքական
Մայիսի 10-ին ՀՀ Ազգային Ժողովի «Ժառանգութիւն» կուսակցութեան պատգամաւորներ Ստեօպայ Սաֆարեանը, Զարուհի Փոստանջեանը եւ Արմէն Մարտիրոսեանը հիւրընկալեցին Եւրոպայի ժողովրդական կուսակցութեան (ԵԺԿ) ղեկավար Վիլֆրեդ Մարթենսի գլխաւորած պատուիրակութեանը: Վիլֆրեդ Մարթենսը նշեց, որ սա մէկ տարուայ ընթացքում իր երկրորդ այցելութիւնն է Հարաւային Կովկաս եւ նպատակ ունի արագացնել Եժկ-ի յարաբերութիւնները այսրկովկասեան հանրապետութիւնների համապատասխան քաղաքական կուսակցութիւնների հետ, մասնաւորապէս հայաստանեան այն 4 քաղաքական կուսակցութիւնների հետ, որոնք ցանկանում են անդամակցել Եժկ-ին կամ դիտորդի կարգավիճակ ստանալ: Ս.Սաֆարեանը եւ Ա.Մարտիրոսեանը ներկայացրեցին «Ժառանգութիւն» կուսակցութեան գաղափարախօսութիւնը` որպէս արմատներով ազգային-պահպանողական, տնտեսական ուղեգծով` ազատական, կառավարման ժողովրդավարական համակարգի կողմնակից քաղաքական ուժ, որն առաջնային խնդիր է համարում Հայաստանի Հանրապետութեան` որպէս ժողովրդավարական, իրաւական, իր ներքին ու արտաքին քաղաքականութիւնն ազգային ինքնիշխան շահի հիման վրայ կառուցող զարգացած պետութեան կայացումն ու եւրոպական ընտանիքին նրա լիարժէք ինտէգրումը: Այս առումով Ս.Սաֆարեանը ներկայացրեց կուսակցութեան ծաւալած գործունէութիւնը թէ՛ Հայաստանում, թէ՛ միջազգային խորհրդարանական կառոյցներում` Եխխվ-ում, ԵԱՀԿ Խվ-ում, ՆԱՏՕ Խվ-ում, առաջիկայում նաեւ` Եվրանեսթում, որտեղ «Ժառանգութիւն» կուսակցութեան պատգամաւորները 2007թ.-ից ի վեր անդամակցում են ԵԺԿ խմբակցութիւններին` կուսակցութեան ծրագրերի ու գաղափարախօսութեան ընդհանրութիւնների հաշուառմամբ: Զարուհի Փոստանջեանը, մասնաւորապէս, ներկայացրեց իր սերտ համագործակցութիւնը եւ աշխատանքը ԵԽԽՎ ԵԺԿ խմբակցութեան շրջանակներում` Եժկ-ին շնորհակալութիւն յայտնելով կուսակցութեան եւ Հայաստանի համար կենսական նշանակութեան ամենատարբեր հարցերում ցուցաբերած աջակցութեան համար: Ստեօպայ Սաֆարեանը կարեւորեց եւրոպական կուսակցական ընտանիքներին Հայաստանի քաղաքական կուսակցութիւնների ինտէգրման գործընթացը, որը ոչ միայն Հայաստանին է մօտեցնում Եւրոպային, այլեւ նպաստում է Հայաստանում եւրոպական ժողովրդավարական արժէքների արմատաւորմանը: Այդ կապակցութեամբ նա նշեց Եժկ-ին հայաստանեան կուսակցութիւնների անդամակցելու գործընթացի դրական ազդեցութիւնը թեկնածու ուժերի ներքին ժողովրդավարացումը, ժողովրդավարական վարքագիծը ու Հայաստանում իրական բարեփոխումներ խթանելու առումներով: «Ժառանգութեան» դիտարկմամբ, քանի որ Հայաստանի խորհրդարանական չորս քաղաքական կուսակցութիւններ Եժկ-ին անդամակցելու ցանկութիւն են յայտնել, նրանց համար իսկապէս փորձաքար է դառնում առաջիկայ ընտրութիւններն ազատ եւ արդար կազմակերպելը, ինչը ցոյց կը տայ, թէ որքանով են բոլորը պատկանում եւրոպական արժէքային համակարգին ու որքանով են ժողովրդավար իրենց խօսքով ու գործով: Արմէն Մարտիրոսեանը ափսոսանք յայտնեց, որ խորհրդրանական երկու ընդդիմադիր կուսակցութիւնների` «Ժառանգութեան» եւ Հյդ-ի հիմնարար առաջարկները, որոնք, բացառութեամբ մէկ առաջարակի, արժանացել են Վենետիկի Յանձնաժողովի դրական կարծիքին, հաշուի առնուած չեն Ընտրական օրէնսգրքում: Իսկ կոնսենսուսով խնդիրներին լուծումներ տալու առաջարկը, որը նաեւ ԵԽԽՎ 1609 բանաձեւի պահանջն է, մերժւում է խորհրդարանական մեծամասնութեան կողմից: Հանդիպման աւարտին Վիլֆրեդ Մարթենսը շնորհակալութիւն յայտնեց հանդիպման համար եւ ընդգծեց, որ Հայաստանի պաշտօնական շրջանակների եւ իշխող կուսակցութիւնների խոստացած բարեփոխումները յատկապէս Ընտրական օրէնսգրքի, խօսքի ազատութեան, հաւաքների ազատութեան եւ կոռուպցիայի դէմ պայքարի ուղղութիւններով պէտք է առարկայական լինեն: Նա նաեւ տեղեկացրեց, որ աշնանը ԵԺԿ աշխատանքային խումբը կժամանի Հայաստան` գնահատելու կուսակցութիւնների վարած քաղաքականութիւնը եւ բարեփոխումների գործընթացը, որոնք պէտք է իրականացուեն այս ընթացքում:
  -   Քաղաքական