Վիլֆրեդ Մարթենս. Հայաստանի պաշտոնական շրջանակների խոստացած բարեփոխումները պետք է առարկայական լինեն


Վիլֆրեդ Մարթենս. Հայաստանի պաշտոնական շրջանակների խոստացած բարեփոխումները պետք է առարկայական լինեն

  • 10-05-2011 17:45:14   | Հայաստան  |  Քաղաքական
Մայիսի 10-ին ՀՀ Ազգային Ժողովի «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը եւ Արմեն Մարտիրոսյանը հյուրընկալեցին Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ղեկավար Վիլֆրեդ Մարթենսի գլխավորած պատվիրակությանը: Վիլֆրեդ Մարթենսը նշեց, որ սա մեկ տարվա ընթացքում իր երկրորդ այցելությունն է Հարավային Կովկաս եւ նպատակ ունի արագացնել ԵԺԿ-ի հարաբերությունները այսրկովկասյան հանրապետությունների համապատասխան քաղաքական կուսակցությունների հետ, մասնավորապես հայաստանյան այն 4 քաղաքական կուսակցությունների հետ, որոնք ցանկանում են անդամակցել ԵԺԿ-ին կամ դիտորդի կարգավիճակ ստանալ: Ս.Սաֆարյանը եւ Ա.Մարտիրոսյանը ներկայացրեցին «Ժառանգություն» կուսակցության գաղափարախոսությունը` որպես արմատներով ազգային-պահպանողական, տնտեսական ուղեգծով` ազատական, կառավարման ժողովրդավարական համակարգի կողմնակից քաղաքական ուժ, որն առաջնային խնդիր է համարում Հայաստանի Հանրապետության` որպես ժողովրդավարական, իրավական, իր ներքին ու արտաքին քաղաքականությունն ազգային ինքնիշխան շահի հիման վրա կառուցող զարգացած պետության կայացումն ու եվրոպական ընտանիքին նրա լիարժեք ինտեգրումը: Այս առումով Ս.Սաֆարյանը ներկայացրեց կուսակցության ծավալած գործունեությունը թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային խորհրդարանական կառույցներում` ԵԽԽՎ-ում, ԵԱՀԿ ԽՎ-ում, ՆԱՏՕ ԽՎ-ում, առաջիկայում նաեւ` Եվրանեսթում, որտեղ «Ժառանգություն» կուսակցության պատգամավորները 2007թ.-ից ի վեր անդամակցում են ԵԺԿ խմբակցություններին` կուսակցության ծրագրերի ու գաղափարախոսության ընդհանրությունների հաշվառմամբ: Զարուհի Փոստանջյանը, մասնավորապես, ներկայացրեց իր սերտ համագործակցությունը եւ աշխատանքը ԵԽԽՎ ԵԺԿ խմբակցության շրջանակներում` ԵԺԿ-ին շնորհակալություն հայտնելով կուսակցության եւ Հայաստանի համար կենսական նշանակության ամենատարբեր հարցերում ցուցաբերած աջակցության համար: Ստյոպա Սաֆարյանը կարեւորեց եվրոպական կուսակցական ընտանիքներին Հայաստանի քաղաքական կուսակցությունների ինտեգրման գործընթացը, որը ոչ միայն Հայաստանին է մոտեցնում Եվրոպային, այլեւ նպաստում է Հայաստանում եվրոպական ժողովրդավարական արժեքների արմատավորմանը: Այդ կապակցությամբ նա նշեց ԵԺԿ-ին հայաստանյան կուսակցությունների անդամակցելու գործընթացի դրական ազդեցությունը թեկնածու ուժերի ներքին ժողովրդավարացումը, ժողովրդավարական վարքագիծը ու Հայաստանում իրական բարեփոխումներ խթանելու առումներով: «Ժառանգության» դիտարկմամբ, քանի որ Հայաստանի խորհրդարանական չորս քաղաքական կուսակցություններ ԵԺԿ-ին անդամակցելու ցանկություն են հայտնել, նրանց համար իսկապես փորձաքար է դառնում առաջիկա ընտրություններն ազատ եւ արդար կազմակերպելը, ինչը ցույց կտա, թե որքանով են բոլորը պատկանում եվրոպական արժեքային համակարգին ու որքանով են ժողովրդավար իրենց խոսքով ու գործով: Արմեն Մարտիրոսյանը ափսոսանք հայտնեց, որ խորհրդրանական երկու ընդդիմադիր կուսակցությունների` «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի հիմնարար առաջարկները, որոնք, բացառությամբ մեկ առաջարակի, արժանացել են Վենետիկի Հանձնաժողովի դրական կարծիքին, հաշվի առնված չեն Ընտրական օրենսգրքում: Իսկ կոնսենսուսով խնդիրներին լուծումներ տալու առաջարկը, որը նաեւ ԵԽԽՎ 1609 բանաձեւի պահանջն է, մերժվում է խորհրդարանական մեծամասնության կողմից: Հանդիպման ավարտին Վիլֆրեդ Մարթենսը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար եւ ընդգծեց, որ Հայաստանի պաշտոնական շրջանակների եւ իշխող կուսակցությունների խոստացած բարեփոխումները հատկապես Ընտրական օրենսգրքի, խոսքի ազատության, հավաքների ազատության եւ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով պետք է առարկայական լինեն: Նա նաեւ տեղեկացրեց, որ աշնանը ԵԺԿ աշխատանքային խումբը կժամանի Հայաստան` գնահատելու կուսակցությունների վարած քաղաքականությունը եւ բարեփոխումների գործընթացը, որոնք պետք է իրականացվեն այս ընթացքում:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play