Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ներկայացուցչին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ներկայացուցչին

  • 18-06-2014 13:14:10   |   |  Հասարակութիւն

Յունիսի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան Բունդեսթագի անդամ դոկտոր Մարտին Փեցոլդի ղեկավարած պատուիրակութեանը:
Ողջունելով դոկտոր Մարտին Փեցոլդի այցը համայն հայութեան հոգեւոր կենտրոն` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակութեամբ հաստատեց երկու ժողովուրդների միջեւ առկայ բարեկամական ու ջերմ յարաբերութիւնները եւ երկրների համագործակցութիւնը:
Զրոյցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձաւ Հայոց Եկեղեցու պատմական դերակատարութեանը հայ ժողովրդի ազգային-հոգեւոր կեանքում` ընդգծելով, որ ժողովուրդը սերտօրէն կապուած է Եկեղեցու հետ` գիտակից ազգապահպանութեան գործում նրա կարեւոր առաքելութեանը: Խօսելով պատմութեան ընթացքին Հայ Եկեղեցուն բաժին ընկած դժուարութիւնների ու փորձութիւնների մասին` Նորին Սրբութիւնը մասնաւորապէս ներկայացրեց Հայոց Ցեղասպանութեան հետեւանքով հայ ժողովրդի եւ Եկեղեցու կրած ծանր կորուստները: Այս առնչութեամբ Հայոց Հովուապետը յոյս յայտնեց, որ 2015 թուականին, երբ հայ ժողովուրդը նշելու է Հայոց Մեծ Եղեռնի 100-ամեայ տարելիցը, միջազգային հանրութիւնը կը զօրակցի հայ ժողովրդին` ճանաչելով եւ դատապարտելով մարդկութեան կեանքում գործուած այդ ոճիրը` յանուն նմանատիպ ողբերգութիւնների կանխարգելման:
Հանդիպման ընթացքում խօսուեց Եկեղեցի-պետութիւն յարաբերութիւնների, հասարակական կեանքի տարբեր ոլորտներում Եկեղեցու գործուն ներգրաւուածութեան, տարբեր կրօնական հոսանքների ու կազմակերպութիւնների գործունէութեան մասին, ինչպէս նաեւ անդրադարձ կատարուեց Հայաստանի սոցիալ-տնտեսական կեանքին եւ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրաւէրներին:
Հանդիպմանը ներկայ էին Մայր Աթոռի Հայեցակարգային եկեղեցական հարցերի գրասենեակի տնօրէն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանեանը եւ Գերմանիայի հայոց թեմի փոխառաջնորդ Տ. Սերովբէ վարդապետ Իսախանեանը:
 
 
  -   Հասարակութիւն