Յունվարի 1-ի դրութեամբ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը
կազմել է ՀՆԱ-ի 38 %-ը
24-02-2010 21:00:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: 2010
թուականի յունվարի 1-ի դրութեամբ Հայաստանի ընդհանուր պետական
պարտքը կազմել է ՀՆԱ-ի 38%-ը, իսկ այդ ծաւալում ամենամեծ
մասնաբաժինը կազմող ՀՀ կառավարութեան արտաքին պարտքը` ՀՆԱ-ի 28%-ը:
Այս մասին Ազգային ժողովի փետրուարի 24-ի նիստում յայտնեց ՀՀ
ֆինանսների նախարար Տիգրան Դավթեանը`պատասխանելով «ՀՅԴ»
խմբալցության անդամ Հրայր Կարապետեանի հարցին: Նախարարը
պարզաբանեց, որ դա համապատասխանում է միջազգային ընդունուած
չափանիշներին եւ մակրոտնտեսական տեսակետից էական վտանգ չի
ներկայացնում, որովհետեւ միջազգային պրակտիկայում ռիսկային է
համարւում, երբ կառավարութեան արտաքին պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի
50%-ի ցուցանիշը:
Նախարարը նշեց նաեւ, որ 2010թ.-ի ընթացքում ընդհանուր պետական
պարտքի ծաւալը կաւելանա եւ կկազմի ՀՆԱ-ի 45-46%-ը: Նշուեց, որ
պետական պարտքը դառնում է ռիսկային, երբ ընդհանուր ծաւալը
գերազանցում է ՀՆԱ-ի 60 %-ը: Ըստ Տ.Դաւթեանի, Հայաստանի
օրենսդրութեամբ ամրագրուած են ռիսկայնության տեսանկիւնից
սահմանային չափաքանակը եւ այն իջեցնելու համար անհրաժեշտ
միջոցառումները:
Նա վստահեցրեց նաեւ, որ «կառավարութիւնը միջազգային
կազմակերպութիւնների հետ համատեղ իրականացնում է ամենաօրյա
մոնիտորինգ, եւ իրավիճակը կառավարելի է եւ այս պահի դրութեամբ ոչ
մի մտավախութիւն չի առաջացնում»: