Քաղաքապետը երաշխավորում է ներդրողների համար Երեւանում առաւելագոյն յարմարաւետ գործարար միջավայրի ստեղծումը<br />


Քաղաքապետը երաշխավորում է ներդրողների համար Երեւանում առաւելագոյն յարմարաւետ գործարար միջավայրի ստեղծումը

  • 12-01-2011 17:08:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի եւ ֆրանսիական քաղաքների միջեւ յարաբերութիւններն այսուհետ զարգացման նոր ընթացք պէտք է ստանան: Այս մասին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազօր դեսպան Անրի Ռենոյի հետ յունվարի 12-ի հանդիպմանը յայտարարել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետեանը: Նրա խօսքերով, մի շարք ծրագրեր եւ համագործակցութեան համաձայնագրեր կան Երեւանի եւ Լիոնի, Մարսելի, Փարիզի, Նիցի միջեւ, որոնք պէտք է գործնական հիմքերի վրայ դրուեն: «Ես շատ եմ կարեւորում միջազգային համագործակցութիւնը եւ հետեւողական եմ լինելու բոլոր այդ ծրագրերի իրականացմանը»,- ընդգծել է Երեւանի քաղաքապետը: Կ.Կարապետեանը դեսպանին ներկայացրել է Երեւանի կառավարման նոր, արդիւնաւէտ մոդելի մշակման հետ կապուած իր մօտեցումները: «Համակարգուած, եռաստիճան կառավարման նոր մշակոյթ ենք ուզում ներդնել Երեւանում. քաղաքապետարան, վարչական շրջաններ եւ համատիրութիւններ: Այս հարցում ցանկացած առաջաւոր փորձի փոխանակումը մեզ համար շատ կարեւոր է: Այն ճանապարհը, որ ֆրանսիական քաղաքաներն անցել են կառավարման տարբեր ոլորտներում, մենք ցանկանում ենք փորձի փոխանակման միջոցով ներդնել նաեւ Երեւանում»,- նշել է քաղաքապետը: Նա կարեւորել է նաեւ Ֆրանսիական ընկերութիւնների մուտքը Երեւան: «Ինչ վերաբերում է քաղաքի ենթակառուցվածքներին` մենք երաշխավորում ենք ներդրողների համար ստեղծել առաւելագոյն յարմարաւետ գործարար միջավայր»,- վստահեցրել է քաղաքապետը: Իր հերթին Ա.Ռենոն նշել է, որ առաջիկայում Ֆրանսիայի դեսպանատան կողմից կոնկրետ քայլեր կձեռնարկուեն երկու երկրների քաղաքների միջեւ բազմոլորտ համագործակցութեանը նոր թափ հաղորդելու ուղղութեամբ: Ըստ Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, հանդիպման ընթացքում քննարկուել են նաեւ ֆրանսիական «Վեոլիա Ջուր» եւ «Երեւան Ջուր» ընկերութիւնների գործունէութեանն առնչուող հարցեր: Կ.Կարապետեանը նշել է, որ մայրաքաղաքում ջրամատակարարման վիճակը դեռեւս հեռու է բաւարար լինելուց: «Ընկերութիւնում դրական փոփոխութիւնների դինամիկան բաւարար չէ, կորուստները շատ են, հաւաքագրման ցուցանիշը նույնպես չի բաւարարում»,- ասել է քաղաքապետը: Նա յայտնել է, որ առաջիկայում շահագրգիռ կողմերի` «Երեւան Ջուր» ընկերութեան, քաղաքապետարանի, ջրային կոմիտէի եւ հանրային ծառայութիւնները կարգաւորող յանձնաժողովի մասնակցութեամբ քննարկում կկազմակերպուի, որի ընթացքում կյստակեցուեն կողմերի անելիքներն ու պարտականութիւնները: Նման քննարկումներ կլինեն իւրաքանչիւր ամիս:
  -   Տնտեսութիւն