Հայաստանի ԿԲ-ի խորհուրդը որոշեց վերաֆինանսաւորման տոկոսադրոյքը` 7,25 տոկոս, թողնել անփոփոխ


Հայաստանի ԿԲ-ի խորհուրդը որոշեց վերաֆինանսաւորման տոկոսադրոյքը` 7,25 տոկոս, թողնել անփոփոխ

  • 12-01-2011 14:08:28   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՒԱՆ, 12 ՅՈՒՆՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը յունուարի 11-ի նիստում որոշեց վերաֆինանսաւորման տոկոսադրոյքը` 7,25%, թողնել անփոփոխ: ԿԲ-ի հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան տեղեկացմամբ, 2010 թ.-ի դեկտեմբերին նախորդ ամսուայ նկատմամբ արձանագրուել է 1.8% գնաճ, որի արդիւնքում 2010 թ. տարեկան գնաճը կազմել է 9.4%: Խորհուրդը փաստեց, որ 12-ամսեայ գնաճի բարձր մակարդակը շարունակում է պայմանաւորուել գիւղատնտեսական եւ միջազգային շուկաներում պարէնային ապրանքների գների աճով. պարէնային ապրանքների գների աճի ընդհանուր նպաստումը տարեկան գնաճին կազմել է 7.5 տոկոսային կէտ: Ընդ որում, մրգի, բանջարեղէնի, մսամթերքի, կաթնամթերքի եւ ձուի գների աճի նպաստումը կազմել է 5 տոկոսային կէտ, ներմուծուած պարէնային ապրանքներինը` շուրջ 2 տոկոսային կէտ: Խորհուրդը միակարծիք է, որ պահպանւում էն միջազգային ապրանքային շուկաներից եկող գնաճային ճնշումները, որոնք շարունակաբար ուժգնանում էն` պայմանաւորուած հիմնական միջազգային ապրանքային շուկաներում հիմնարարներից բխող լարուածութեան պահպանմամբ: Վերջինս, զուգակցուելով 2010 թ. գիւղատնտեսութեան ճիւղի զարգացումներով պայմանաւորուած գնաճային ճնշումներով, շարունակում է ձեւաւորել երկրորդային ազդեցութիւններ եւ գնաճային սպասումներ: Այդուհանդերձ, խորհուրդը քիչ ռիսկային է համարում 2011 թ. ընթացքում գիւղատնտեսութեան ճիւղի նմանատիպ անկման արձանագրումը եւ դրանից բխող գնաճային ճնշումների աւելացումը: Խորհուրդը միակարծիք է նաեւ, որ համախառն պահանջարկի դանդաղ տեմպերով վերականգնումը դեռեւս գնաճային ճնշումներ չի ստեղծում, սակայն նկարագրուած զարգացումների շարունակման պարագայում պահպանւում էն գնաճի` նպատակային միջակայքի վերին սահմանը գերազանցելու ռիսկերը: Հաշուի առնելով համախառն պահանջարկի վրայ դրամավարկային քաղաքականութեան ազդեցութեան լագերը, առաջարկի գործօնների ու դրանց երկրորդային ազդեցութիւնների դրսեւորումները եւ գիւղատնտեսութեան ճիւղի զարգացումների անորոշութիւնները, ԿԲ խորհուրդը դեռեւս հաւանական է համարում դրամավարկային պայմանների խստացումը:
  -   Տնտեսութիւն