Տեղի ունեցաւ Հայաստանում չորրորդ սերնդի` 4G, ցանցի պաշտօնական գործարկման արարողութիւնը<br />


Տեղի ունեցաւ Հայաստանում չորրորդ սերնդի` 4G, ցանցի պաշտօնական գործարկման արարողութիւնը

  • 20-12-2010 20:20:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը դեկտեմբերի 20-ին ներկայ է գտնուել «վիվասել-ՄՏՍ» բջջային օպերատորի գլխաւոր գրասենեակում Հայաստանում չորրորդ սերնդի` 4G, ցանցի պաշտօնական գործարկման արարողութեանը: Նոր սերնդի ցանցի առաջին փորձնական կոմերցիոն գործարկմանը նուիրուած միջոցառմանը մասնակցում էին նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանեանը, Հանրային ծառայութիւնները կարգաւորող յանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարեանը, պաշտօնատար այլ անձինք: Միջոցառումը մեկնարկել է «վիվասել-ՄՏՍ» բջջային օպերատորի գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկյանի ողջոյնի խօսքով, ով իր ելոյթում անդրադարձել է 4G ցանցի ստեղծման ուղղութեամբ իրականացուած աշխատանքներին եւ ներկայացրել հեռահաղորդակցության ոլորտում նոր սերնդի ցանցի հնարաւորութիւնները: Մասնաւորապէս, LTE մոդեմների միջոցով կատարուել է ցանցում, ներառեալ նաեւ կառավարութեան պաշտօնական www.gov.am կայքէջում տուեալների ներբեռնման եւ վերբեռնման հոսքերի փորձարկում իրական ժամանակում: Ռ.Յիրիկյանը նշել է, որ Հայաստանը LTE տեխնոլոգիայի հիմնուած նոր սերնդի ցանցը գործարկած առաջին երկիրն է տարածաշրջանում եւ տասներորդն` աշխարհում: Շնորհաւորելով «վիվասել-ՄՏՍ»-ին նոր ցանցի յաջող գործարկման առթիւ, վարչապետն ընդգծել է, որ ՏՏ բնագաւառում նորամուծութիւնների համար հնարաւորութիւնների ստեղծումը համահունչ է ՀՀ կառավարութեան ՏՏ ոլորտի զարգացման ծրագրին: Նա, մասնաւորապէս, նշել է. «Ուրախ եմ, որ 4G-ն «վիվասել-ՄՏՍ»-ի շնորհիւ մուտք գործեց Հայաստանի Հանրապետութիւն: Համոզուած եմ, որ այս նորարարութիւնը խթան կհանդիսանայ Հայաստանի Հանրապետութիւնում տեղեկատուական տեխնոլոգիաների զարգացման համար: Գաղտնիք չէ, որ ընդամէնը երկու տարի առաջ տեղեկատուական տեխնոլոգիաների զարգացման ցուցանիշներով` հասանելիությամբ, գներով, մրցակցային դաշտով, մենք զիջում էինք մեր հարեւաններին: Բայց վերջին երկու տարիների ընթացքում բաւական լուրջ առաջընթաց է արձանագրուել ՀՀ-ում. եւ' հասանելիությունն է կտրուկ աւելացել, եւ' մրցակցութիւնը, նոր գործիքներ են ի յայտ եկել, կտրուկ աւելացել է նոր ծառայութիւնների քանակը: Տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտում նաեւ աւելացել են նորաստեղծ ձեռնարկութիւնները»: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, Տ.Սարգսեանն օրինակելի է համարել «վիվասել-ՄՏՍ»-ի նախաձեռնութեամբ նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը` ընդգծելով, որ դա կնպաստի ՏՏ ոլորտում նոր ներդրումների իրականացմանը եւ ՀՀ-ում տեղեկատուական տեխնոլոգիաների զարգացման համար աւելի բարենպաստ պայմանների ստեղծմանը: Երկարաժամկէտ էվոլյուցիայի տեխնոլոգիայի վրայ հիմնուած 4G/LTE ցանցն ապահովում է հեռահաղորդակցային յուսալի եւ որակեալ ենթակառուցվածք` մեծածաւալ տուեալների գերարագ փոխանցման համար եւ թոյլ տալիս տուեալների լայնաշերտ փոխանցման միջոցով որակապէս նոր եւ աւելի մեծ թողունակություն պահանջւող ծառայութիւններ մատուցել: 4G ցանցն առաջին փուլով գործարկուելու է Երեւանի Կենտրոն եւ Արաբկիր համայնքներում:
  -   Տնտեսութիւն