Մեծարում


Մեծարում

  • 14-12-2010 16:54:27   |   |  Մամլո հաղորդագրություն
Դոկտ. Ալենուշ Տէրեանը արժանացաւ Հայաստանի Վիկտոր Համբարձումեանի անւան շքանշանի եւ պատւոգրերի Դոկտ. Ալենուշ Տէրեանին Թեհրան, Իրանի Իսլ. Հանրապետութիւն Սիրելի դոկտ. Տէրեան, Անկեղծօրէն եւ մեծագոյն յարգանքով շնորհաւորում ենք Ձեր ծննդեան օրւայ կապակցութեամբ: Ձեր կեանքը սիրած գործին եւ հայրենիքին անմնացորդ նւիրւելու վառ օրինակ է: Ծնւած լինելով բարեկամական Իրանում եւ լինելով փոքրամասնութեան ներկայացուցիչ՝ դուք բոլոր հնարաւորութիւններն ունեցել էք՝ աւարտելու Թեհրանի համալսարանի Գիտութեան ֆակուլտետը, աշխատել այդ ֆակուլտետի ֆիզիկայի լաբորատորիայում, ապա սովորել Սորբոնի համալսարանում եւ դառնալ փիլիսոփայութեան դոկտոր, մերժել այդ համալսարանում մնալու առաջարկն ու ծննդավայրին ծառայելու պատրաստակամութեամբ վերադառնալ Թեհրան: Լինելով Իրանի առաջին կին ֆիզիկոսը, որը դարձել է Թեհրանի համալսարանի պրոֆեսոր, երկար տարիներ որպէս հետազօտող՝ աշխատել էք այդ համալսարանի երկրաֆիզիկայի բաժնում, նշանակւել այդ համալսարանի երկրաֆիզիկայի բաժնի արեւային ֆիզիկայի հետազօտւթիւնների խմբի նախագահ եւ մեծ դեր խաղացել Արեգակի հետազօտութիւնների կայանի հիմնադրման մէջ, առաջինն սկսել դասաւանդել աստղաֆիզիկայի դասընթացը, դուք շատ մեծ դեր էք ունեցել Իրանում ֆիզիկայի եւ աստղագիտութեան զարգացման բնագաւառում՝ անգնահատելի դեր կատարելով նաեւ հայ փոքրամասնութեանը Իրանի Իսլ. Հանրապետութեան մտաւորականութեան առաջին շարքերում ներկայացնելու մէջ: Որպէս Իրանի նւիրւած քաղաքացի եւ հայ ազգի արժանաւոր զաւակ՝ դուք արել էք ամէն ինչ, որպէսզի ծառայէք ե՛ւ Ձեր երկրին, ե՛ւ Ձեր ազգին: Դրա վկայութիւններն են այն, որ դուք Ձեր բնակարանը կտակել էք Նոր Ջուղայի հայերին եւ ուսանողներին, որ Իրանի հեռուստատեսութիւնը «Իմաստուններ» խորագրի տակ Ձեր մասին շարժանկար է ստեղծել՝ «Դէպի արեւ» վերնագրով, որ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը գնահատագրի եւ շքանշանի է արժանացրել Ձեզ: Այս ուղերձով Հայաստանի գիտնականների կողմից եւս մէկ անգամ շնորհաւորում ենք Ձեզ՝ ծննդեան օրւայ առթիւ եւ ցանկանում առողջութիւն եւ երկար տարիների կեանք, որպէսզի դեռեւս երկար կարողանաք վայելել Ձեր սիրելի ծննդավայրի հետագայ նւաճումներն ու խոր յարգանքը: ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռ. Մ. Մարտիրոսեան Աստղագէտ-ֆիզիկոս դոկտ. Ալենուշ Տէրեան: Անուն, որը իրանական երկնակամարից անցնելով՝ այսօր փայլում է հայաստանեան գիտական երկնատարածքում՝ արժանանալով աստղաֆիզիկոս պրոֆ. Վիկտոր Համբարձումեանի անւան յուշամեդալի: Թւականիս դեկտ. 9-ի առաւօտեան Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանը, դեսպանութեան խորհրդական Սուրէն Գասպարեանի, Թեհրանի Հայ կանանց բարեգործական ընկերութեան նախագահ Անետ Այւազեանի եւ փոխնախագահ Այիդա Եահինեանի, «Պայման» եռամսեայի գլխաւոր խմբագիր Արմինէ Առաքելեանի եւ «ՀՈՒՍԿ» հաստատութեան ներկայացուցիչների ընկերակցութեամբ, այցելեց Իրանի աստղաֆիզիկայի մայր դոկտ. Ալենուշ Տէրեանին: «Թոհիդ» տարեցների տանը կազմակերպւած այցի նպատակն էր դոկտ. Ալենուշ Տէրեանին փոխանցել ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսեանի յղած շնորհաւորական ուղերձը՝ դոկտ. Տէրեանի ծննդեան 90-ամեակի կապակցութեամբ, այդ առիթով համաշխարհային հռչակ վայելող հայազգի աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումեանի յուշամեդալը, ինչպէս նաեւ աստագիտութեան ոլորտում նշանակալից աւանդի եւ իրանահայ համայնքի անունը բարձր պահելու համար դոկտ. Տէրեանին ուղղւած ՀՀ Սփիւռքի նախարարութեան պատւոգիրը՝ նախարար Հրանուշ Յակոբեանի ստորագրութեամբ: Ջերմ ողջոյններից ու բարեմաղթանքներից յետոյ՝ դեսպան Գրիգոր Առաքելեանն իր ուրախութիւնը յայտնեց դոկտ. Ալենուշ Տէրեանին՝ ծննդեան 90-րդ տարեդարձի կապակցութեամբ՝ կրկին շնորհաւորելով նրան այդ առիթով եւ նրան յանձնելով պատւոգրերն ու յուշամեդալը: Վիկտոր Համբարձումեանի անունը լսելիս՝ մահճակալին գամւած դոկտ. Տէրեանի աչքերում երեւացին արցունքի կաթիլներ եւ նա իր դողդոջուն ձեռքերով պահելով յուշամեդալը՝ յուզումնալից ձայնով անընդհատ կրկնում էր «Շնորհակալ եմ Ձեր ուշադրութեան համար. ինչպէ՞ս եմ կարող փոխարինել այս բոլորը»: Հանդիպման աւարտին «Թոհիդ» տարեցների տան տնօրէն ճրտ. Հոսէյնին նշեց, որ մեծ պատիւ է խնամելու Ալենուշ Տէրեանի նման մի հեղինակութեանը, որը որպէս հայ՝ ոչինչ չի խնայել Իրանի վերելքի ճանապարհին եւ բարձր գնահատեց այցի նախաձեռնութիւնը: ԹՂԹԱԿԻՑ՝ Կ.ԴԱՒԹԵՍՆ «ԱԼԻՔ» օրաթերթ 14 դեկտեմբերի 2010 թ.
  -   Մամլո հաղորդագրություն