Ամփոփուել են «Հաբիթաթ»-ի կողմից Հայաստանի բնակարանային ոլորտի ուսումնասիրութեան արդիւնքները


Ամփոփուել են «Հաբիթաթ»-ի կողմից Հայաստանի բնակարանային ոլորտի ուսումնասիրութեան արդիւնքները

  • 09-12-2010 20:41:14   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ «Հաբիթաթ Ֆոր Հիւմենիթի Ինթրնեյշնլ»-ը համաշխարհային բնակարանային քաղաքականութեան մեթոդաբանութեանը համահունչ կատարել է Հայաստանի բնակարանային ոլորտի ուսումնասիրութիւն: Ուսումնասիրութեան արդիւնքներում ներկայացւում են ոլորտի ներկայ վիճակը, մօտեցումներն ու միջավայրը, որոնք ազդում են Հայաստանում պատշած բնակարան ունենալու հնարաւորութեան վրայ: Ուսումնասիրութեան մէջ ներկայացւում են նաեւ երկրում առկայ այն ապահով խմբերը, որոնք ունեն պատշած բնակարան ունենալու խնդիր, վերլուծութեան է ենթարկւում կառավարութեան, միջազգային կազմակերպութիւնների եւ մասնաւոր սեկտորի գործունէութիւնը` նպատակ ունենալով բացայայտել լաւագոյն փորձը եւ բնակարանային ծրագրերի ընդլայնման եւ յաջողուած ծրագրերի վերստին իրականացման համար: Ինչպէս նշել է «Հաբիթաթ Ֆոր Հիւմենիթի Արմէնիայ» հիմնադրամի Ծրագրերի զարգացման ղեկավար Սիրանոյշ Վարդանեանը, այս ուսումնասիրութիւնը ներկայացնում է Հայաստանի բնակարանային միջավայրի եւ կարիքների ամբոջական պատկերը: «Ուսումնասիրութեան արդիւնք հանդիսացող վերլուծութիւնն ու արուած առաջարկութիւնները օգտակար կը լինեն քաղաքականութիւն մշակողների, զարգացման գծով մասնագէտների, հասարակական կազմակերպութիւնների եւ նուիրատուների համար, որոնք պատրաստակամ են համատեղ աշխատել` գտնելու տեւական եւ կայուն լուծումներ այս փաստաթղթում ներկայացուած պատշած կացարան ունենալու մեծ պահանջարկին»,- ասաց Ս. Վարդանեանը: Նա տեղեկացրեց, որ «Հաբիթաթ Ֆոր Հիւմենիթի Ինթրնեյշնլ» հիմնադրամը փորձում է ստեղծել վստահելի եւ համատեղելի տեղեկատուութիւն համաշխարհային բնակարանային քաղաքականութեան վերաբերեալ, որը կատարւում է բազում երկրներում բնակարանային քաղաքականութեան վերաբերեալ տուեալներ հաւաքելու միջոցով` նպատակ ունենալով իւրաքանչիւր երկրի համար որոշել բնակարանային քաղաքականութեան համաթիւը: Ըստ նրա, Հայաստանում հաւաքուել են տուեալներ բնակարանային քաղաքականութեան 5 ուղղութիւններով. գոյքային իրաւունքների ռեժիմ, բնակարանային ոլորտի ֆինանսաւորման ռեժիմ, բնակարանային սուբսիդիաների ռեժիմ, ենթակառուցուածքների եւ բնակարանային ոլորտի իրաւական կարգաւորման ռեժիմ: Վերլուծութիւնների արդիւնքում հաշուարկուել է Հայաստանի բնակարանային քաղաքականութեան համաթիւը: «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի իրաւական հարցերով փորձադէտ Հայաստան Ստեփանեանն իր հերթին նշել է. « Պարզ է, որ այս ուսումնասիրութիւնը պատրատի դեղատոմս չէ Հայաստանում առկայ բոլոր բնակարանային խնդիրների լուծման համար, սակայն հեղինակներով փորձել ենք վերլուծել բնակարանային ոլորտի առկայ խնդիրներն ու մարտահրաւէրները, Հայաստանի կառավարութեան ձեռքբերումներն ու անելիքները: «Յոյս ունենք , որ այս ուսումնասիրութիւնը ուղեցոյց կը լինի նոր աշխատանքային լուծումներ մշակելու համար, եւ ի վերջոյ կը հանգեն դրական փոփոխութիւնների»,- ասել է Հ. Ստեփանեանը:
  -   Հասարակութիւն