Ուսումնասիրւում է Հայաստանում ջրային աւազանի պլանների կազմմանն օժանդակելու հնարաւորութիւնը<br />


Ուսումնասիրւում է Հայաստանում ջրային աւազանի պլանների կազմմանն օժանդակելու հնարաւորութիւնը

  • 07-12-2010 14:44:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստան փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գեւորգեանը դեկտեմբերի 6-ին ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան (ՄԶԳ) ջրային թիմի պատուիրակութեանը` Ռիչարդ Վոլքի ղեկավարութեամբ: Հանդիպմանը ներկայ էր նաեւ ՏԿՆ Ջրային տնտեսութեան պետական կոմիտէի նախագահ Անդրանիկ Անդրէասեանը: Փոխվարչապետին ներկայացուեց, որ հաշուի առնելով ՀՀ կառավարութեան առաջարկը, թիմը ուսումնասիրում է Հայաստանում ջրային աւազանի պլանների կազմմանն օժանդակելու հնարաւորութիւնները: Նման աշխատանքների իրականացումը հնարաւորութիւն կտայ ջրային պաշարներն առաւել արդիւնաւէտ օգտագործել հիդրոէներգետիկ, ոռոգման եւ այլ նպատակներով: Թիմը եղել է Սիւնիքի մարզում, ծանօթացել ջրային պաշարները հիդրոէներգետիկ նպատակներով օգտագործելու խնդրին: Ընդգծելով ոլորտի կենսական նշանակութիւնը, Ա.Գեւորգեանը կարեւորեց ջրային պաշարների գնահատումը առաջիկայ տարիների համար ջրօգտագօրծման քաղաքականութեան որոշման տեսանկիւնից: Նա առաջնահերթ համարեց Արարատեան դաշտավայրի ստորերկրյա ջրային պաշարների գնահատման հարցը, քանի որ նկատւում է ջրի պաշարների նուազում, ինչը խնդիրներ կարող է առաջացնել դաշտավայրի բնակավայրերը խմելու եւ ոռոգման ջրով ապահովելու առումով: Ըստ ՀՀ Տարածքային կառավարման նախարարութեան լրատուական ծառայութեան հաղորդագրութեան, հանդիպմանը անդրադարձ եղավ նաեւ ջրամատակարարումն ապահովող օպերատոր ընկերութիւնների սպասարկման տիրույթից դուրս գտնուող համայնքներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարաւորութիւններին: Հիւրերը կարեւոր համարեցին փոխվարչապետի առաջարկութիւնները` նշելով, որ դրանք կներառվեն թիմի առաջարկների փաթեթում եւ կներկայացուեն վաշինգտոնեան գրասենեակին:
  -   Տնտեսութիւն