Վլադիմիր Կարմիրշալեանը մասնակցել է Ուրուգուայի Գլխաւոր Ասամբլեայի պալատների յանձնաժողովների յատուկ նիստին


Վլադիմիր Կարմիրշալեանը մասնակցել է Ուրուգուայի Գլխաւոր Ասամբլեայի պալատների յանձնաժողովների յատուկ նիստին

  • 29-11-2010 15:06:47   |   |  Քաղաքական
Նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետութեան դեսպան Վլադիմիր Կարմիրշալեանը Մոնտեւիդէոյում մասնակցել է Ուրուգուայի Գլխաւոր Ասամբլեայի /խորհրդարանի/ վերին եւ ստորին պալատների միջազգային յարաբերութիւնների յանձնաժողովների յատուկ նիստին, որը վարել է Ներկայացուցիչների պալատի միջազգային յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Ռուբէն Մարտինէս Ուելմոն: Ռուբէն Մարտինէս Ուելմոն, կարեւորելով Ուրուգուայի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի զարգացման եւ երկու երկրների միջեւ համագործակցութեան խորացման գործում խորհրդարանների դերը, յայտարարել է, որ Ուրուգուայի Արեւելեան Հանրապետութեան Գլխաւոր Ասամբլեայում այսուհետ գործելու է Ուրուգուայ-հայաստան բարեկամական խումբը: Նա աւելացրել է, որ խմբի առջեւ դրուած առաջին խնդիրներից է լինելու ակտիւօրէն մասնակցել 2011թ. գարնանը ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Յովիկ Աբրահամեանի գլխաւորած պատուիրակութեան Մոնտեւիդէոյ կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին: Այնուհետեւ Ռուբէն Մարտինէս Ուելմոն /«Լայն Ճակատ» խմբակցութիւն/, ով նաեւ Ուրուգուայ-հայաստան բարեկամական խմբի ղեկավարն է, ներկայացրել է խմբում ընդգրկուած այլ սենատորներին ու պատգամաւորներինը: Ուրուգուայ-հայաստան բարեկամական խմբի ղեկավարը ՀՀ դեսպանին է յանձնել խմբի ստեղծման մասին որոշումն ու անդամների ցանկը եւ խնդրել այն փոխանցել ՀՀ Ազգային Ժողով: Դեսպան Կարմիրշալեանը, պատասխան խօսքում ողջունելով Ուրուգուայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամութեան խմբի ձեւաւորումը եւ համոզմունք յայտնելով, որ այն իր կարեւոր ներդրումը կ'ունենայ երկու ժողովուրդների ու պետութիւնների միջեւ բարեկամութեան ու փոխշահաւէտ համագործակցութեան խորացման գործում, իր հերթին յայտարարել է Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովում Հայաստան-Ուրուգուայ բարեկամական խմբի ստեղծման մասին ու Մարտինէս Ուելմոյին փոխանցել խմբի անդամների ցանկը: Այնուհետեւ ելոյթներ էն ունեցել բարեկամական խմբի անդամներ Խայմէ Տրոբոն, Սուսաննա Պերեյրան, Իւան Պոսադան, նիստին հրաւիրուած ուրուգուահայ համայնքային կազմակերպութիւնների ներկայացուցիչները:
  -   Քաղաքական