Վլադիմիր Կարմիրշալյանը մասնակցել է Ուրուգվայի Գլխավոր Ասամբլեայի պալատների հանձնաժողովների հատուկ նիստին


Վլադիմիր Կարմիրշալյանը մասնակցել է Ուրուգվայի Գլխավոր Ասամբլեայի պալատների հանձնաժողովների հատուկ նիստին

  • 29-11-2010 15:06:47   | Ուրուգվայ  |  Քաղաքական
Նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը Մոնտեվիդեոյում մասնակցել է Ուրուգվայի Գլխավոր Ասամբլեայի /խորհրդարանի/ վերին եւ ստորին պալատների միջազգային հարաբերությունների հանձնաժողովների հատուկ նիստին, որը վարել է Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Մարտինես Ուելմոն: Ռուբեն Մարտինես Ուելմոն, կարեւորելով Ուրուգվայի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի զարգացման եւ երկու երկրների միջեւ համագործակցության խորացման գործում խորհրդարանների դերը, հայտարարել է, որ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Գլխավոր Ասամբլեայում այսուհետ գործելու է Ուրուգվայ-Հայաստան բարեկամական խումբը: Նա ավելացրել է, որ խմբի առջեւ դրված առաջին խնդիրներից է լինելու ակտիվորեն մասնակցել 2011թ. գարնանը ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության Մոնտեվիդեո կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին: Այնուհետեւ Ռուբեն Մարտինես Ուելմոն /«Լայն Ճակատ» խմբակցություն/, ով նաեւ Ուրուգվայ-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարն է, ներկայացրել է խմբում ընդգրկված այլ սենատորներին ու պատգամավորներին: Ուրուգվայ-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը ՀՀ դեսպանին է հանձնել խմբի ստեղծման մասին որոշումն ու անդամների ցանկը եւ խնդրել այն փոխանցել ՀՀ Ազգային Ժողով: Դեսպան Կարմիրշալյանը, պատասխան խոսքում ողջունելով Ուրուգվայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի ձեւավորումը եւ համոզմունք հայտնելով, որ այն իր կարեւոր ներդրումը կունենա երկու ժողովուրդների ու պետությունների միջեւ բարեկամության ու փոխշահավետ համագործակցության խորացման գործում, իր հերթին հայտարարել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի ստեղծման մասին ու Մարտինես Ուելմոյին փոխանցել խմբի անդամների ցանկը: Այնուհետեւ ելույթներ են ունեցել բարեկամական խմբի անդամներ Խայմե Տրոբոն, Սուսաննա Պերեյրան, Իվան Պոսադան, նիստին հրավիրված ուրուգվահայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչները:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play