Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Ս. Գրիգոր Լուսաւորիչ» շքանշանով Պարգեւատրել է Էդուարդ եւ Ժանեթ Մարտիկեաններին


Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Ս. Գրիգոր Լուսաւորիչ» շքանշանով Պարգեւատրել է Էդուարդ եւ Ժանեթ Մարտիկեաններին

  • 28-09-2016 14:33:53   |   |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսաւորիչ» պատուոյ բարձր շքանշան յանձնեց Մայր Աթոռի բարերարներ տէր եւ տիկին Էդուարդ ու Ժանեթ Մարտիկեաններին` բարձր գնահատելով նրանց վաստակը Հայոց Եկեղեցու եւ հաւատաւոր ժողովրդի կեանքում: 
 
Մինչեւ պարգեւաբաշխութիւնը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ եւ մասնակցութեամբ Մարտիկեան ամուսինների, տեղի ունեցաւ Մայր Աթոռի շրջափակում գտնուող «Երեմեան» միաբանական շէնքի յուշատախտակի բացման արարողութիւնը, որից յետոյ հիւրերը ծանօթացան շինութեան պայմաններին: Այն հիմնանորոգուել է տէր եւ տիկին Էդուարդ ու Ժանեթ Մարտիկեանների ազնիւ բարերարութեամբ: 
Շնորհաբաշխութեան արարողութիւնը բացուեց Տէրունական աղօթքով, ապա ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Մայր Աթոռի Դիւանատան Ներեկեղեցական յարաբերութիւնների գրասենեակի տնօրէն Արժանապատիւ Տ. Պարոյր քահանայ Աւետիսեանը:
Արարողութեանը ներկայ էին տարեկան ժողովի առիթով Հայաստանում գտնուող Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմի Հայ օգնութեան ֆոնդի տնօրէնների խորհրդի անդամները` առաջնորդութեամբ թեմակալ առաջնորդ, ֆոնդի նախագահ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանի եւ ֆոնդի գործադիր տնօրէն Գառնիկ Նանագուլեանի: 
Այս առիթով խօսք ասաց Խաժակ արքեպիսկոպոսը` անդրադառնալով մեծարեալների օրինակելի կերպարին: Սրբազանը նշեց, որ Էդուարդ եւ Ժանեթ Մարտիկեան ամուսինները, հաւատարիմ իրենց ծնողների որդեգրած ուղուն, շարունակում են Հայոց Եկեղեցուն զօրակցելու իրենց նուիրական առաքելութիւնը, տարբեր ծրագրերի իրագործմամբ ազնիւ վերաբերմունք ցուցաբերում Հայրենիքի եւ ժողովրդի հանդէպ, կարեւոր նպաստ բերում նաեւ ՀՕՖ-ի գործունէութեանն ու ծրագրերին:
Այնուհետեւ «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողութեան ներքոյ բերուեց Հայրապետական կոնդակը, որն ընթերցուեց Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանի կողմից:
Հայրապետական սրբատառ կոնդակում մասնաւորապէս ասւում է. «Ազգային եւ եկեղեցական մեր կեանքում մեծ, գովարժան վաստակ ունի Մարտիկեան բարեգործ ընտանիքը, որ սերնդեսերունդ յաջորդականութեամբ իր սրտաբուխ ընծայաբերումներով ու ազնիւ յանձնառութիւններով ծառայում է յանուն հաւատաւոր մեր ժողովրդի բարօրութեան եւ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու յաւէտ պայծառութեան: 
Մենք ուրախ առիթ ենք ունեցել ճանաչելու Ձեր ծնողներին, հաղորդ դառնալու նրանց եկեղեցասէր ու ազգասէր ոգուն, նրանց աստուածահաճոյ գործերին, որոնք մշտապէս աղօթքով ու երախտագիտութեամբ են յիշուելու հայորդեաց հոգիներում: Այսօր գոհունակութիւն է Հայրապետիս համար հաստատել, որ Ձեր ծնողաց լուսաւոր օրինակով՝ Դուք, սիրելի Էդուարդ եւ Ժանեթ, ապրում ու գործում էք հայրենի մեր երկրին, մեր ժողովրդին ու մեր Սուրբ Եկեղեցուն ծառայելու ազնիւ նուիրումով ու նախանձախնդրութեամբ:
Մենք բարձրօրէն գնահատում ենք հաւատաւոր ամոլիդ երկարամեայ ազգօգուտ վաստակը:  Դուք բարեսիրական բազմաթիւ ծրագրեր էք իրականացրել մեր երկրում, օժանդակել Հայաստանի սահմանամերձ շրջաններում ապրող կարիքաւոր հայորդիներին: Ձեր բարեգործութիւնների արգասիքները յոյս ու լաւատեսութիւն են պարգեւում դժուարութիւնների մէջ ապրող մեր ժողովրդի զաւակներին: 
Նախանձախնդիր նոյն ոգով Դուք դրսեւորել էք նաեւ Ձեր որդիական սէրն ու նուիրումը հանդէպ Սուրբ Էջմիածինը՝ հոգեւոր նուիրական կենտրոնը աշխարհասփիւռ հայութեան: Գոհունակութիւն է Հայրապետիս համար, որ Դուք սիրով ստանձնեցիք նաեւ Սուրբ Էջմիածնի «Երեմեան» միաբանական շէնքի նորոգութեան հովանաւորութիւնը՝ նոր կեանք պարգեւելով պատմական կառոյցին: Ձեզ պէս հաւատաւոր Մեր զաւակների ազնիւ յանձնառութիւններով պայծառանում է Մայր Աթոռը՝ շարունակելով իր Տիրաւանդ առաքելութիւնը մեր ժողովրդի կեանքում»:
Կոնդակի ընթերցումից յետոյ Ամենայն Հայոց Հայրապետն այն յանձնեց մեծարեալներին եւ նրանց կուրծքը զարդարեց Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու պատուոյ բարձր շքանշանով: 
Ապա շնորհակալական խօսքով հանդէս եկաւ տիար Էդուարդ Մարտիկեանը: Վերջինս, ուրախութիւն յայտնելով Հայ Եկեղեցու բարձր պարգեւին արժանանալու առիթով, հաւաստիացրեց, որ շարունակելու է իր օգտակարութիւնը բերել Հայրենիքին եւ զօրակցել Հայոց Եկեղեցու առաքելութեանը:
Արարողութիւնն ամփոփուեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեան խօսքով:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախ ողջունեց ՀՕՖ տնօրէնների խորհրդի տարեկան ժողովի անցկացումը Հայաստանում` անդրադառնալով ՀՕՖ-ի ազգօգուտ եւ հայրենանպաստ գործունէութեանը: 
Նորին Սրբութիւնը վերյիշեց 1988 թ. աւերիչ երկրաշարժից յետոյ ՀՕՖ-ի կողմից Հայաստանին ցուցաբերած մարդասիրական զօրակցութիւնը, ինչպէս նաեւ ՀՀ անկախութեան տարիներին առողջապահութեան, կրթութեան եւ սոցիալական աջակցութեան ոլորտներում իրականացուող հարիւրաւոր ծրագրերն ի նպաստ Հայաստանի ու Արցախի ժողովրդի եւ ջաւախահայութեան: 
Մեծապէս կարեւորելով թեմերին կից գործող նման կառոյցների առաքելութիւնը, ինչպիսին ՀՕՖ-ն է` իրենց նուիրումի ու յանձնառութեան համար Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնութիւնն ու գնահատանքը յայտնեց ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմի առաջնորդ Խաժակ Սրբազանին եւ ՀՕՖ տնօրէնների խորհրդի անդամներին: 
Խօսելով մեծարեալների մասին` Նորին Սրբութիւնը գոհունակութեամբ նշեց, որ անձնապէս ճանաչում է Մարտիկեան ընտանիքին եւ ծանօթ է նրա ազգաշէն ու եկեղեցանուէր գործունէութեանը: Վեհափառ Հայրապետը փառք վերառաքեց առ Աստուած, որ հայոց ազգն ունի այսպիսի զաւակներ, ովքեր իրենց ազնիւ վաստակը ներդնում են ազգային-եկեղեցական կեանքի շինութեան գործին, այն շաղախում են նաեւ Հայրենիքի հողի հետ` զանազան ծրագրերով նպաստելով երկրի առաջընթացին: Նորին Սրբութիւնը նուիրեալ հայորդիներին յորդորեց շարունակել իրենց օրհնեալ առաքելութիւնն ազգային կեանքում:
Գարեգին Բ Կաթողիկոսն իր մասնաւոր գնահատանքը յայտնեց Էդուարդ եւ Ժանեթ Մարտիկեաններին եւ բոլոր այն բարերար հայորդիներին, ովքեր իրենց վաստակից մասնաբաժին են հանել եւ շարունակում են յատկացնել ազգային կեանքի զօրացման եւ Հայրենիքի բարօր ու ապահով կեանքի կերտման համար:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղօթքով օրհնեց ներկաներին:
 
  -   Մամլո հաղորդագրություն