Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով պարգևատրել է Էդվարդ և Ժանեթ Մարտիկյաններին


Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով պարգևատրել է Էդվարդ և Ժանեթ Մարտիկյաններին

  • 28-09-2016 14:33:53   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշան հանձնեց Մայր Աթոռի բարերարներ տեր և տիկին Էդվարդ ու Ժանեթ Մարտիկյաններին` բարձր գնահատելով նրանց վաստակը Հայոց Եկեղեցու և հավատավոր ժողովրդի կյանքում: 
 
Մինչև պարգևաբաշխությունը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ և մասնակցությամբ Մարտիկյան ամուսինների, տեղի ունեցավ Մայր Աթոռի շրջափակում գտնվող «Երեմյան» միաբանական շենքի հուշատախտակի բացման արարողությունը, որից հետո հյուրերը ծանոթացան շինության պայմաններին: Այն հիմնանորոգվել է տեր և տիկին Էդվարդ ու Ժանեթ Մարտիկյանների ազնիվ բարերարությամբ: 
Շնորհաբաշխության արարողությունը բացվեց Տերունական աղոթքով, ապա ողջույնի խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանը:
Արարողությանը ներկա էին տարեկան ժողովի առիթով Հայաստանում գտնվող Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամները` առաջնորդությամբ թեմակալ առաջնորդ, ֆոնդի նախագահ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի և ֆոնդի գործադիր տնօրեն Գառնիկ Նանագուլյանի: 
Այս առիթով խոսք ասաց Խաժակ արքեպիսկոպոսը` անդրադառնալով մեծարյալների օրինակելի կերպարին: Սրբազանը նշեց, որ Էդվարդ և Ժանեթ Մարտիկյան ամուսինները, հավատարիմ իրենց ծնողների որդեգրած ուղուն, շարունակում են Հայոց Եկեղեցուն զորակցելու իրենց նվիրական առաքելությունը, տարբեր ծրագրերի իրագործմամբ ազնիվ վերաբերմունք ցուցաբերում Հայրենիքի և ժողովրդի հանդեպ, կարևոր նպաստ բերում նաև ՀՕՖ-ի գործունեությանն ու ծրագրերին:
Այնուհետև «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեց Հայրապետական կոնդակը, որն ընթերցվեց Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի կողմից:
Հայրապետական սրբատառ կոնդակում մասնավորապես ասվում է. «Ազգային և եկեղեցական մեր կյանքում մեծ, գովարժան վաստակ ունի Մարտիկյան բարեգործ ընտանիքը, որ սերնդեսերունդ հաջորդականությամբ իր սրտաբուխ ընծայաբերումներով ու ազնիվ հանձնառություններով ծառայում է հանուն հավատավոր մեր ժողովրդի բարօրության և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հավետ պայծառության: 
Մենք ուրախ առիթ ենք ունեցել ճանաչելու Ձեր ծնողներին, հաղորդ դառնալու նրանց եկեղեցասեր ու ազգասեր ոգուն, նրանց աստվածահաճո գործերին, որոնք մշտապես աղոթքով ու երախտագիտությամբ են հիշվելու հայորդյաց հոգիներում: Այսօր գոհունակություն է Հայրապետիս համար հաստատել, որ Ձեր ծնողաց լուսավոր օրինակով՝ Դուք, սիրելի Էդվարդ և Ժանեթ, ապրում ու գործում եք հայրենի մեր երկրին, մեր ժողովրդին ու մեր Սուրբ Եկեղեցուն ծառայելու ազնիվ նվիրումով ու նախանձախնդրությամբ:
Մենք բարձրորեն գնահատում ենք հավատավոր ամոլիդ երկարամյա ազգօգուտ վաստակը:  Դուք բարեսիրական բազմաթիվ ծրագրեր եք իրականացրել մեր երկրում, օժանդակել Հայաստանի սահմանամերձ շրջաններում ապրող կարիքավոր հայորդիներին: Ձեր բարեգործությունների արգասիքները հույս ու լավատեսություն են պարգևում դժվարությունների մեջ ապրող մեր ժողովրդի զավակներին: 
Նախանձախնդիր նույն ոգով Դուք դրսևորել եք նաև Ձեր որդիական սերն ու նվիրումը հանդեպ Սուրբ Էջմիածինը՝ հոգևոր նվիրական կենտրոնը աշխարհասփյուռ հայության: Գոհունակություն է Հայրապետիս համար, որ Դուք սիրով ստանձնեցիք նաև Սուրբ Էջմիածնի «Երեմյան» միաբանական շենքի նորոգության հովանավորությունը՝ նոր կյանք պարգևելով պատմական կառույցին: Ձեզ պես հավատավոր Մեր զավակների ազնիվ հանձնառություններով պայծառանում է Մայր Աթոռը՝ շարունակելով իր Տիրավանդ առաքելությունը մեր ժողովրդի կյանքում»:
Կոնդակի ընթերցումից հետո Ամենայն Հայոց Հայրապետն այն հանձնեց մեծարյալներին և նրանց կուրծքը զարդարեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու պատվո բարձր շքանշանով: 
Ապա շնորհակալական խոսքով հանդես եկավ տիար Էդվարդ Մարտիկյանը: Վերջինս, ուրախություն հայտնելով Հայ Եկեղեցու բարձր պարգևին արժանանալու առիթով, հավաստիացրեց, որ շարունակելու է իր օգտակարությունը բերել Հայրենիքին և զորակցել Հայոց Եկեղեցու առաքելությանը:
Արարողությունն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախ ողջունեց ՀՕՖ տնօրենների խորհրդի տարեկան ժողովի անցկացումը Հայաստանում` անդրադառնալով ՀՕՖ-ի ազգօգուտ և հայրենանպաստ գործունեությանը: 
Նորին Սրբությունը վերհիշեց 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո ՀՕՖ-ի կողմից Հայաստանին ցուցաբերած մարդասիրական զորակցությունը, ինչպես նաև ՀՀ անկախության տարիներին առողջապահության, կրթության և սոցիալական աջակցության ոլորտներում իրականացվող հարյուրավոր ծրագրերն ի նպաստ Հայաստանի ու Արցախի ժողովրդի և ջավախահայության: 
Մեծապես կարևորելով թեմերին կից գործող նման կառույցների առաքելությունը, ինչպիսին ՀՕՖ-ն է` իրենց նվիրումի ու հանձնառության համար Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը հայտնեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ Սրբազանին և ՀՕՖ տնօրենների խորհրդի անդամներին: 
Խոսելով մեծարյալների մասին` Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ անձնապես ճանաչում է Մարտիկյան ընտանիքին և ծանոթ է նրա ազգաշեն ու եկեղեցանվեր գործունեությանը: Վեհափառ Հայրապետը փառք վերառաքեց առ Աստված, որ հայոց ազգն ունի այսպիսի զավակներ, ովքեր իրենց ազնիվ վաստակը ներդնում են ազգային-եկեղեցական կյանքի շինության գործին, այն շաղախում են նաև Հայրենիքի հողի հետ` զանազան ծրագրերով նպաստելով երկրի առաջընթացին: Նորին Սրբությունը նվիրյալ հայորդիներին հորդորեց շարունակել իրենց օրհնյալ առաքելությունն ազգային կյանքում:
Գարեգին Բ Կաթողիկոսն իր մասնավոր գնահատանքը հայտնեց Էդվարդ և Ժանեթ Մարտիկյաններին և բոլոր այն բարերար հայորդիներին, ովքեր իրենց վաստակից մասնաբաժին են հանել և շարունակում են հատկացնել ազգային կյանքի զորացման և Հայրենիքի բարօր ու ապահով կյանքի կերտման համար:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկաներին:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play