«Ամերիան» եւ կանադական «Breckenhill» ընկերութիւնը մշակում<br /> են Հայաստանի կառավարութեան մոնիթորինգի եւ գնահատման ազգային<br /> համակարգ<br />


«Ամերիան» եւ կանադական «Breckenhill» ընկերութիւնը մշակում
են Հայաստանի կառավարութեան մոնիթորինգի եւ գնահատման ազգային
համակարգ

  • 18-12-2009 13:50:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ամերիա» ՓԲԸ-ն «Breckenhill» կանադական խորհրդատուական ընկերութեան հետ համատեղ ներգրաւուած է Համաշխարհային բանկի ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի կողմից ֆինանսաւորւող ծրագրում, որի նպատակն է զարգացնել արդիւնաւէտ պետական կառավարման համակարգ` կատարողականի գնահատման վստահելի, գործող եւ օբյեկտիվ համակարգի ներդրման միջոցով: «Ամերիան» եւ «Breckenhill»-ը աջակցում են կառավարութեանն ինստիտուցիոնալ կարողութիւնների, գիտելիքների եւ հմտութիւնների զարգացման գործում` կառավարման օղակների գործընթացները եւ գործառոյթները նկարագրելու եւ օպտիմիզացնելու նպատակով, որի հիման վրայ հնարաւոր կլինի վերանայել եւ փոփոխել պետական ծառայողների աշխատանքային պարտականութիւնները (պաշտօնների անձնագրեր), ինչպէս նաեւ ներկայացնել քաղաքացիական ծառայողների կողմից կատարւող աշխատանքի արդիւնաւէտ գնահատման մեխանիզմներ: Այս ծրագրի շրջանակներում խորհրդատուներն աջակցելու են ՀՀ կառավարութեանը մոնիթորինգի եւ գնահատման ազգային համակարգի ստեղծման գործում: Նախագծի իրագործման տեւողությունը 18 ամիս է: Ծրագրի նպատակն է ստեղծել պետական կառավարման արդիւնաւէտ համակարգ` միջազգային լաւագոյն չափանիշներին համապատասխան: Ծրագիրն աջակցում է ՀՀ կառավարութեանը իր աշխատակազմում եւ ծրագրի փորձնական շրջանի համար ընտրուած 6` (Առողջապահութեան, Էկոնոմիկայի, Մշակոյթի, Տարածքային կառավարման, Տրանսպորտի եւ կապի, Ֆինանսների, նախարարութիւններում նման համակարգ ստեղծելու եւ ներդնելու գործում: Ծրագրի գործունէութեան հիմնական ուղղութիւններն են` շահառու հաստատութիւնների եւ կառուցուածքային ստորաբաժանումների ընթացակարգերի վերլուծութիւն, նոր գործընթացների ներմուծում, ինչպէս նաեւ մոնիթորինգի կարողութիւնների զարգացում: «Ամերիան» մշակելու է մեթոդական ձեռնարկներ գործընթացների վերլուծութեան եւ նկարագրության, կատարողականի կառավարման ցուցանիշների մշակման եւ կատարողականի գնահատման իրականացման համար, ինչպէս նաեւ կանցկացնի թեմատիկ դասընթացներ համապատասխան կառավարման մարմինների համար: Ծրագիրը բարելաւելու է շահառու հաստատութիւնների կարողութիւնները` գործընթացների վերլուծութեան, ինստիտուցիոնալ բոլոր մակարդակներում աշխատանքային պլանների մշակման, գործունէութեան կառավարման ցուցանիշների մշակման եւ կատարողականի գնահատման իրականացման համար: Ծրագիրը կնպաստի պետական մարմինների աւելի արդիւնաւէտ աշխատանքի երաշխավորման գործին: Որպէս ծրագրի շարունակութիւն` արդիւնքները աստիճանաբար ներդրուելու են կառավարութեան բոլոր այլ կառոյցներում եւ հաստատութիւններում: Տեղեկանք. «Ամերիա» ՓԲԸ-ն Հայաստանում խորհրդատուական առաջատար կազմակերպութիւն է: Այն լայնածաւալ աշխատանքներ է իրագործում կորպորատիվ վերակազմաւորման, միաձուլումների, իրաւաբանական խորհրդատւութեան, ուղղակի եւ պորտֆելային ներդրումների, բիզնեսի պլանաւորման, ռազմավարական եւ հարկային պլանաւորման, ֆինանսական խորհրդատւութեան, պետական կառավարման եւ բարեփոխումների եւ այլ ոլորտներում: Հանդիսանալով «Ամերիա» խմբի մասը` «Ամերիա» տրամադրում է անկախ, կոնֆիդենցիալ եւ անկողմնակալ խորհրդատուական ծառայութիւններ միմեանց հետ ներդաշնակորեն եւ արդիւնաւէտօրէն կապուած հինգ խորհրդատուական ուղղութիւններով` գործարար խորհրդատւութիւն, ֆինանսական խորհրդատւութիւն, հաշուապահական եւ հարկային խորհրդատւութիւն, իրաւաբանական եւ ներդրումային խորհրդատւութիւն: «BRECKENHILL INC»-ը հիմնադրուել է 2002թ.-ին: Այն խորհրդատուական ծառայութիւնների ոլորտում մասնագիտացող ընկերութիւն է, որը տրամադրում է ուսումնասիրությունների, ստուգումների, տեղեկատուութեան պահպանման եւ գաղտնիութեան աուդիտի եւ գնահատման, ինչպէս նաեւ ներքին աուդիտի, գործունէութեան արդիւնքների աուդիտի եւ ՏՏ անվտանգութեան աուդիտի ծառայութիւններ: Ընկերութիւնը նաեւ առաջարկում է վերոնշեալ ոլորտներում համապատասխան ռազմավարական եւ ուսուցողական ծառայութիւններ: Ունի մի շարք փոխկապակցված եւ պրոֆեսիոնալ գործընկերներ: Յաճախորդների բազան ընդգրկում է տարբեր երկրների պետական եւ մասնաւոր հատուածների ներկայացուցիչներ: Ընկերութեան աշխարհագրական ծածկույթը ներառում է Կանադան, ԱՄՆ-ը, Նորուեգիան, ասիական երկրները եւ Աուստրալիան:
  -   Տնտեսութիւն