Ներդրումային ծրագրեր տարբեր ուղղութիւններով


Ներդրումային ծրագրեր տարբեր ուղղութիւններով

  • 13-03-2017 19:37:36   | Հայաստան  |  Հասարակութիւն

Առողջապահութեան ոլորտում ընթացիկ տարուայ ամէնից սպասուած ներդրումներից մէկը Չինաստանի Ժողովրդական Հանրապետութեան կառավարութեան կողմից Հայաստանին շտապօգնութեան 200 մեքենայ նուիրաբերելու ծրագիրն է: Այս առթիւ Հայաստանի Հանրապետութիւնում Չինաստանի արտակարգ եւ լիազօր դեսպանի հետ պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել 2016թ. դեկտեմբերին:  Ծրագիրը զգալիօրէն կնպաստի մեր երկրում, յատկապէս` մարզերում, շտապօգնութեան ծառայութեան որակի բարելաւմանը:
 
Կանխատեսւում է, որ շտապօգնութեան մեքենաների առաջին խմբաքանակը Հայաստան կը հասնի ընթացիկ տարում: Չինաստանի կառավարութիւնն այս ծրագրի համար կը ներդնի 4,8մլրդ ՀՀ դրամ:
 
ԱՄՆ եւ ՀՀ կառավարութիւնների համագործակցութեամբ իրականացուող դրամաշնորհային մէկ այլ ծրագիր միտուած է մեր երկրի լաբորատոր ցանցի հզօրացմանը: Ծրագրի շրջանակում արդէն իսկ հզօրացուել են առողջապահութեան նախարարութեան «հիւանդութիւնների վերահսկման եւ կանխարգելման ազգային կ'ենտրոնիէ ռեֆերենս, ինչպէս նաեւ Շիրակի եւ Տաւուշի մարզային լաբորատորիաները: Ընթացիկ տարում նոյն ծրագրի շրջանակում կը վերազինուեն Լոռու, Գեղարքունիքի եւ Սիւնիքի մարզային լաբորատորիաները: Ամերիկեան կողմն այդ նպատակով կը ներդնի 4մլրդ ՀՀ դրամ:
 
Հայաստանի Հանրապետութեան եւ Միջազգային զարգացման ընկերակցութեան միջեւ 2013թ. կնքուած համաձայնագրով 2017թ. շարունակւում են Սեւանի բժշկական կենտրոնի կառուցման եւ Արտաշատի հիւանդանոցի վերանորոգման աշխատանքները:   Համաշխարհային բանկի վարկային միջոցներով եւ ՀՀ կառավարութեան մասնակցութեամբ կ'իրականացուեն 837 մլն ՀՀ դրամի շինարարական աշխատանքներ: Եւս 860մլն ՀՀ դրամ կը ներդրուի պետական բիւջիէ միջոցներով կառուցուող Վանաձորի բժշկական կենտրոնի համար ժամանակակից սարքաւորումների, բժշկական պարագաների եւ կահոյքի ձեռքբերման համար: 
 
Նշենք, որ նոր տեխնոլոգիաների ներդրման, հիւանդութիւնների կանխարգելման, ինչպէս նաեւ հիւանդանոցների արդիականացման եւ մարզային ամբուլատորիաների կառուցման ծրագրերն  իրականացւում են պետական եւ մասնաւոր հատուածի, միջազգային վարկային եւ դրամաշնորհային միջոցներով:
 
2017 թուականին առողջապահութեան ոլորտում  42 ծրագրով  նախատեսւում է աւելի քան 25մլրդ ՀՀ դրամի ներդրում: Այդ թւում` բազմաթիւ բժշկական հաստատութիւններ վարկային, տնտեսուած կամ դրամաշնորհային միջոցներով կը ստեղծեն նոր ծառայութիւններ, կը վերազինուեն ժամանակակից սարքաւորումներով:
  -   Հասարակութիւն