Ըստ տնտեսագէտ Գագիկ Վարդանեանի, հայ-թուրքական սահմանի<br /> բացումով դրական որակական փոփոխութիւններ կլինեն Հայաստանի ՀՆԱ-ի<br /> կառուցուածքում<br />


Ըստ տնտեսագէտ Գագիկ Վարդանեանի, հայ-թուրքական սահմանի
բացումով դրական որակական փոփոխութիւններ կլինեն Հայաստանի ՀՆԱ-ի
կառուցուածքում

  • 30-09-2009 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի տնտեսական զարգացման վրայ զգալի դրական ազդեցութիւն կունենայ, դրական որակական փոփոխութիւններ կլինեն նաեւ ՀՆԱ-ի կառուցուածքում: Այս մասին սեպտեմբերի 30-ի ասուլիսում յայտնեց տնտեսագէտ Գագիկ Վարդանեանը` յաւելելով, որ կլինի ՀՆԱ-ի մօտ 1%-ի աճ, քանի որ այդպիսով Հայաստանի համար բացւում է նոր ծովային ելքի հնարաւորութիւն դէպի այլ երկրներ: Ըստ տնտեսագետի, սահմանի բացումով տնտեսական ակտիւութիւնը կտեղափոխուի բոլորովին այլ, նոր հարթութիւն եւ տնտեսութեան մէջ կզարգանան նոր ճյուղեր: «Հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի համար նշանակում է նաեւ մուտք գլոբալ արժէքների ստեղծման աւելի մեծ շղթայի մէջ: Այդ իրադարձութիւնը նաեւ էականօրէն կանդրադառնա զբօսաշրջութեան զարգացման վրայ, կնպաստի երկրում ենթակառուցուածքների զարգացմանը, Հայաստանը կընդգրկուի տարածաշրջանային նշանակութեան խոշոր ծրագրերի մէջ»,- ասաց Գ.Վարդանեանը: Ինչ վերաբերում է այն մտահոգութիւններին, թէ հայկական շուկան սահմանի բացման արդիւնքում կողողվի թուրքական էժան եւ անորակ ապրանքներով, ինչի արդիւնքում կտուժի եւ' սպառողը, եւ' տեղական արտադրողը, Գ.Վարդանեանը նշեց, որ դա նախեւառաջ մրցակցութիւն կառաջացնի, ինչը հայաստանեան տնտեսվարողներին կստիպի առաւել մրցունակ դառնալ: Բացի դրանից, Թուրքիայի հետ տնտեսական յարաբերութիւնների հաստատման դէպքում Հայաստան կմտնեն նաեւ համաշխարհային մի շարք խոշոր բրենդներ, որոնք Անդրկովկասում գործելու արտօնագիր ունեն, սակայն Հայաստանում ներկայացուած չեն փոքր շուկաների պատճառով: Ըստ բեռնափոխադրումների իրականացմամբ զբաղուող «Ապաւէն» ընկերութեան տնօրէն Գագիկ Աղաջանեանի, սահմանի բացումը դէպի Հայաստան եւ Հայաստանից դուրս բեռնափոխադրումների իրականացման այլընտրանքային ուղիներ է ստեղծում, ինչի հետեւանքով կնուազեն թէ' ցամաքային, թէ' ծովային ուղիներով բեռնափոխադրումների գները, որոնք այսօր վրացական կողմը սահմանել է բաւականին բարձր: Մասնաւորապէս, սահմանի բացման դէպքում Վրաստանի տարածքով երկաթուղային բեռնափոխադրումները կկրճատուեն 20%-ով, իսկ Հայաստանից Եւրոպա եւ հակառակ ուղղութեամբ աւտոմոբիլային փոխադրումները 50%-ով կշրջանցեն Վրաստանը: Հայաստանը Վրաստանի համար կդառնայ տարանցիկ ուղի դէպի Միջերկրական ծով, դա յատկապէս դէպի Հնդկաստան եւ Չինաստան բեռներ փոխադրելու աւելի կարճ եւ ձեռնտու ճանապարհ կլինի, քան ներկայիս ճանապարհը, որը շրջանցում է Սեւ ծովը:
  -   Տնտեսութիւն