Եարոսլաւլում կայացել է տնտեսական համագործակցութեան հարցերով
հայ-ռուսական միջկառավարական յանձնաժողովի 11-րդ լիագումար նիստը
25-09-2009 21:00:00 | Ռուսաստան | Տնտեսութիւն
ԵԱՐՈՍԼԱՒԼ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի վարչապետ
Տիգրան Սարգսեյանի գլխաւորած պատուիրակութիւնն աշխատանքային այց է
կատարել Ռուսաստանի Դաշնութեան Եարոսլաւլ քաղաք, որտեղ կայացել է
Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցութեան
հարցերով հայ-ռուսական միջկառավարական յանձնաժողովի 11-րդ
լիագումար նիստը:
Մինչ նիստի սկիզբը տեղի է ունեցել յանձնաժողովի
համանախագահներ` Տ.Սարգսեյանի եւ ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր
Լեւիտինի, առանձնազրոյցը: Այնուհետեւ համանախագահները մասնակցել
են Հայ-ռուսական միջկառավարական յանձնաժողովի նիստի բացմանը:
Նիստը բացել է Ի.Լեւիտինը, ով յատկանշական է համարել այն, որ
նիստը տեղի է ունենում Եարոսլաւլում. օրեր առաջ նոյն քաղաքում
կայացել է միջազգային ֆորում, որտեղ քննարկուել են համաշխարհային
ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ու նոր միջազգային
տնտեսական յարաբերութիւններին վերաբերող հարցեր:
Իր խօսքում Տ.Սարգսեանն անդրադարձել է երկկողմ տնտեսական
համագործակցութեանը: «Հայաստանի տնտեսութեան մէջ տեղի ունեցած
գործընթացները նման են Ռուսաստանի Դաշնութիւնում տեղի
ունեցողներին: Դա պատահական չէ: Մեր տնտեսական համակարգերը
փոխպայմանավորված ու ինտեգրուած են: Հայաստանի Հանրապետութիւնում
ռուսական կապիտալով 1000-ից աւելի ընկերութիւն է աշխատում:
Էներգետիկ համակարգերն ու տրանսպորտային հաղորդակցութիւնն
ինտեգրուած են ռուսաստանեան տնտեսութեան հետ»,- ասել է ՀՀ
վարչապետը: Նա նշել է, որ առաջին կիսամեակում ճգնաժամը բաւական
ուժեղ է հարուածել տնտեսութեանը, սակայն այսօր, զգուշաւոր
լաւատեսութեամբ, կարելի է նկատել տնտեսութեան աճի միտումներ: Դա
նշանակում է, որ ՀՀ կառավարութեան հակաճգնաժամային ծրագիրն
արդյունքեր է տալիս:
Անցնելով օրակարգի հարցերին, նիստի մասնակիցները քննարկել եւ
որոշումներ են ընդունել ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ տնտեսական
համագործակցութեան հարցերով հայ-ռուսական միջկառավարական
յանձնաժողովի 2008թ.-ի հոկտեմբերի 20-ին կայացած տասներորդ նիստի
արձանագրութեան կատարման ընթացքի, երկկողմ առեւտրատնտեսական
յարաբերութիւնների, իրավապայմանագրային հիմքի ներկայ վիճակի ու
զարգացման հեռանկարների, ՀՀ-ի կողմից պետական պարտքի դիմաց
Ռուսաստանի Դաշնութեանը փոխանցված ձեռնարկութիւնների աշխատանքի,
վառելիքաէներգետիկ համակարգի, տրանսպորտի, մշակոյթային եւ կրթական
ոլորտներում համագործակցութեան մասին: Նիստի մասնակիցները դրական
են գնահատել էներգետիկայի, տրանսպորտի, մշակոյթի, կրթութեան եւ
այլ բնագաւառներում համագործակցութեան զարգացման ուղղութեամբ
կատարուված աշխատանքները:
Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ
կապերի վարչութեան հաղորդագրութեան, նիստի աւարտին Տ.Սարգսեանը եւ
Ի.Լեւիտինը ստորագրել են Հայ-ռուսական միջկառավարական յանձնաժողովի
11-րդ նիստի Արձանագրութիւնը, որից յետոյ տեղի է ունեցել
նրանց մամուլի ասուլիսը:
Յանձնաժողովի 12-րդ նիստի անցկացման վայրն ու ժամկէտները
կյստակեցուեն դիւանագիտական խողովակներով: