Արշակ եպիսկոպոս Խաչատրեան. «Անիի մայր տաճարում նամազ անցկացնելը որեւէ կապ չունեն կրոնական մաքուր ապրումի հետ»<br />


Արշակ եպիսկոպոս Խաչատրեան. «Անիի մայր տաճարում նամազ անցկացնելը որեւէ կապ չունեն կրոնական մաքուր ապրումի հետ»

  • 05-10-2010 17:52:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Անիի մայր տաճարում նամազի արարողութիւն անցկացնելը կապուած չէ Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու պատարագին Մայր Աթոռ Սբ Էջմիածնի չմասնակցելու հետ: «Հայելի» ակումբում հոկտեմբերի 5-ի հանդիպմանը այս կարծիքը յայտնեց Մայր Աթոռ Սբ.Էջմիածնի դիւանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը: Ըստ նրա, փորձելով միջազգային հանրութեան առջեւ ժողովրդավարական, ազգային փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողական երկիր ներկայանալ, Թուրքիան ներքին օգտագործման համար փորձում է շրջանառութեան մէջ դնել իսլամիստական միտումները: «Չեմ կարծում, որ դա ընդամէնը նամազի արարողութիւն էր, որովհետեւ հոգեւոր բարեկրթական որեւէ արարողութիւն ուղղուած է զուտ երկնային ոլորտներին, իսկ սա քաղաքական շեշտադրում էր պարունակում»,- ասաց Սրբազանն, ընդգծելով, որ արմատական իսլամիստները խոյս են տալիս եկեղեցում կամ այլակրոն այլ պաշտամունքնային վայրերում արարողութիւններ մատուցելուց: Մայր Աթոռի դիւանապետի խորին համոզմամբ, դա ուղերձ էր` ուղղուած հայ ժողովրդին առ այն, որ ինչպէս քրիստոնեական, այնպէս էլ մահմեդական մշակոյթային կոթողները պատկանում են Թուրքիային. «Սա ընդամէնը իրաւատէրերի հետքերը ջնջելու մի փորձ էր, այնպէս, ինչպէս կատարուեց ցեղասպանությունից առաջ եւ ցեղասպանությունից յետոյ»,- ասաց Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը: Մայր Աթոռի դիւանապետը նշեց, որ Սբ. Խաչ եկեղեցում խաչի տեղադրումից յետոյ Մայր Աթոռին հրավէր չի հղուել` մասնակցելու պատարագին: Եթէ այդպիսի հրավէր լինի, Մայր Աթոռը կքննարկի այն եւ «չի բացառվուոմ, որ մասնակցութիւնը կլինի»: Նա ընդգծեց, որ Մայր Աթոռ Սբ Էջմիածինը պատարագին իր մասնակցութիւնը կբերեր, եթէ թուրքական իշխանութիւնները կատարեին իրենց խոստումները ու խաչը տեղադրեին: Սրբազանն ընդգծեց, որ Թուրքիայում կան շուրջ 2500 հայկական պատմական յուշարձաններ, սրբավայրեր, պաշտամունքի վայրեր, եւ եթէ հնարաւորութիւն կայ դրանցից գէթ մէկը փրկել ոչնչացումից, ինչու հնարաւորութիւնը կորցնել եւ պատարագի արարողութեանը չմասնակցել: Հայ Առաքելական եկեղեցու կողմից հայկական յուշարձաններն պահպանելու ուղղութեամբ ջանքերի վերաբերեալ հարցին ի պատասխան Սրբազանը նկատեց, որ հայկական կողմից ցանկացած ուղերձ կասկածամտորեն է ընդունուելու թուրքական կողմից, ամէն ինչ արուելու է իրավատերերին` հայ ժողովրդին, դրանց նորոգմանը մասնակցութիւնից զրկելու համար: Հենց դրանով է պայմանաւորուած, որ Աղթամարի պատարագին մասնակցելու համար հայկական իշխանութիւներին հրավէր չէր ուղարկուել:
  -   Հասարակութիւն