Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան 19-րդ տարեդարձին նուիրուած միջոցառումներ արտերկրում<br />


Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան 19-րդ տարեդարձին նուիրուած միջոցառումներ արտերկրում

  • 05-10-2010 16:28:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան 19-րդ տարեդարձին նուիրուած միջոցառումներ են կազմակերպուել արտերկրում, որոնց մասին «ՆՏ»-ին տեղեկատուութիւն է տրամադրել ՀՀ ԱԳՆ-ի Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնը: Բուխարեստ. Հոկտեմբերի 1-ին Ռումինիայի Գալաց քաղաքի Բնական գիտութիւնների թանգարանում բացուել է գրաֆիկայի ցուցահանդէս` նուիրուած Հայաստանի Ազգային տոնին: Բացմանը ներկայ էին Հայաստանի դեսպան Համլետ Գասպարեանը, Գալացի քաղաքապետ Դումիտրիու Նիկոլաեն (Dumitru Nicolae), Գալացի Բնական գիտութիւնների թանգարանի գլխաւոր տնօրէն տիկին Կամելիա Բուռլուկը (Camelia Burluc), Ռոմանահայոց միութեան ղեկավարներ, տեղի հասարակութեան ներկայացուցիչներ: Ցուցահանդէսում ներկայացուած են դիմանկարի եւ սատիրայի անզուգական վարպետ Չիկ Դամադյանի (Cik Damadian, 1919-1985), յայտնի կարիկատուրիստ, ռեժիսոր եւ սցենարիստ Մաթի Ասլանի (Matty Aslan, (1924-1995), ինչպէս նաեւ ռումինական ժամանակակից գրաֆիկայի վարպետներ Պաւել Բոտեզատուի (Pavel Botezatu) եւ Միհայ Բոակայի (Mihai Boaca) գործերը: «Ռումինական մշակոյթի այս նշանաւոր անունները հարազատ են նաեւ մեզ` հայերիս: Մենք հպարտ ենք նրանցով եւ նրանց միջոցով է նաեւ կոփւում հայ-ռումինական բարեկամութիւնը»,- ցուցահանդեսից յետոյ լրագրողների հետ հանդիպմանը յայտարարել է Հ.Գասպարեանը: Ցուցահանդէսի առիթով հրատարակուած չորս գծանակարիչների համատեղ ալբոմը, ինչպէս նաեւ նկարիչներ Պաւել Բոտեզատուին եւ Միհայ Բոակային, ովքեր նոյն առիթով ժամանել էին Գալաց, ներկայացրել է արդի ռումինական արձակի ծանօթ անուններից Պետրոս Խորասանջյանը (Bedros Horasangian): Ցուցահանդեսից յետոյ կայացել է հանդիպում դեսպան Համլետ Գասպարեանի եւ Գալացի քաղաքապետ Դումիտրիու Նիկոլաեի միջեւ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Գալացի Բնական գիտութիւնների թանգարանի գլխաւոր տնօրէն տիկին Կամելիա Բուռլուկը եւ Ռոմանահայոց միութեան ներկայացուցիչները: Քննարկուել են Գալացի հայ հոգեւոր եւ կրթական հաստատութիւնների պահպանման, Գալացի հայերի հարուստ պատմութեանը նոր սերնդին տեղեակ պահելու, դրանք շրջանի տուրիստական երթուղիների մէջ ներառելու, ինչպէս նաեւ այս ուղղութեամբ Հայաստանի դեսպանութեան հետ համագործակցելու հարցերը: Դանուբի վրայ գտնուող մօտ 300 հազ. բնակիչ ունեցող Գալաց քաղաքում (Galati) հայերը հաստատուել են դեռեւս 15-րդ դարում: Հարուստ եւ ազդեցիկ հայ համայնքը ժամանակին ունեցել է եկեղեցի, դպրոց, տպարան, թատրոն, առեւտրական տներ եւ գործարաններ, գործել են մշակոյթային միութիւններ ու թատերախմբեր, հրատարակուել Ռումինիայի առաջին հայկական պարբերականները: 2002թ. մարդահամարի համաձայն Գալացում ապրում են 571 հայեր: Պահպանուած են վերջերս վերանորոգուած Սուրբ Աստուածածին եկեղեցին, հայկական դպրոցի շէնքը, հայկական գերեզմանատունը: Գալացում գործում է Ռոմանահայոց միութեան տեղական մասնաճիւղը: Ժնեւ. Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան 19-րդ տարեդարձի կապակցութեամբ սեպտեմբերի 30-ին Ժնեւի Հայկական կենտրոնում տեղի է ունեցել ընդունելություն: Ընդունելութեանը ներկայ են եղել Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամեանը եւ նրա գլխաւորած պատուիրակութիւնը, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնաւուրը, Ժնեւի տեղական իշխանութեան ներկայացուցիչներ, հայկական համայնքի ներկայացուցիչներ: Ընդունելութեան ընթացքում Հայաստանի Անկախութեան օրուայ կապակցութեամբ ուղերձով հանդէս են եկել ՀՀ ԱԺ նախագահը, Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը, Ժնեւի հայ առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորդ Աբել Մանուկեանը, շվեյցարահայերի միութեան նախագահ Զարեհ Քուրքջյանը: Ընդունելությունը ուղեկցուել է համերգային ծրագրով: Վաշինգտոն. Սեպտեմբերի 30-ին Վաշինգտոնում Հայաստանի դեսպանութիունում տեղի է ունեցել ընդունելություն` նուիրուած Հայաստանի Հանրապետութեան անկախութեան տոնի 19-րդ տարելիցին: Հիւրերի թւում էին մի քանի տասնեակ դեսպաններ, բազմաթիւ բարձրաստիճան դիւանագէտներ, ԱՄՆ Պետդերտամենտի եւ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնեաներ, ներկայացուցիչներ ԱՄՆ Կառավարութեան տարբեր գերատեսչութիւններից` Պաշտպանութեան, Էներգետիկայի, Գանձապետական, Առեւտրի, Գիւղատնտեսութեան քարտուղարություններից, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութիւնից, ամերիկեան քաղաքական-հետազոտական կենտրոններից եւ լրատվամիջոցներից: Որպէս պատուաւոր հիւրեր` ներկայ էին նաեւ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեանն ու ԼՂՀ Ազգային Ժողովի յանձնաժողովի փոխնախագահ Սերգել Ղազարեանը: Դեսպանութեան հիւրն էր նաեւ Վաշինգտոնում այցելութեամբ գտնուող արգենտինահայ յայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանը: Հիւրերի թւում էին նաեւ հայոց եկեղեցու թեմերի, ամերիկահայ քաղաքական կազմակերպութիւնների ղեկավարները:
  -   Քաղաքական