Իւրի Զուբակով. «Անվտանգութեան ոլորտում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բոլոր հարցերով առկայ է լիակատար փոխըմբռնում»


Իւրի Զուբակով. «Անվտանգութեան ոլորտում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բոլոր հարցերով առկայ է լիակատար փոխըմբռնում»

  • 26-04-2011 18:24:01   | Հայաստան  |  Քաղաքական
Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանն ապրիլի 26-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնութեան Անվտանգութեան խորհրդի քարտուղարի տեղակալ Իւրի Զուբակովի գլխաւորած պատուիրակութեանը: Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազօր դեսպան Վեաչեսլաւ Կովալենկոն: Բարձր գնահատելով ռազմավարական եւ դաշնակցային բնոյթ կրող հայ-ռուսական համագործակցութեան բարձր մակարդակն անվտանգութեան ոլորտում, Արթուր Բաղդասարեանը նշել է, որ դրանից է բխում նաեւ երկու երկրների անվտանգութեան խորհուրդների եւ նրանց աշխատակազմերի միջեւ իրականացուող սերտ համագործակցութիւնը: Զրուցակիցները քննարկել են անվտանգութեան ոլորտին առնչուող հայ-ռուսական յարաբերութիւնների մի շարք օրակարգային հարցեր: Մասնաւորապէս, դրանք վերաբերում էին սահմանային անվտանգութեանը, ռազմատեխնիկական ոլորտին, տեղեկատուական անվտանգութեանը, միջազգային կազմակերպութիւններում երկկողմ փոխգործակցութեան, տարածաշրջանային խնդիրներին: Կողմերն անդրադարձել են նաեւ յունիսի 1-2-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Անվտանգութեան խորհուրդների քարտուղարների կոմիտէի հերթական նիստի օրակարգում ընդգրկուելիք հարցերին, ինչպէս նաեւ սեպտեմբերին Եկատէրինբուրգում անցկացուելիք Անվտանգութեան ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչների երկրորդ միջազգային հանդիպման նախապատրաստման ընթացքին: Իւրի Զուբակովը հանդիպման ընթացքում ընդգծել է, որ անվտանգութեան ոլորտում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բոլոր հարցերով առկայ է լիակատար փոխըմբռնում, եւ ներկայ փուլում գլխաւոր խնդիրը կայանում է ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների իրականացման ապահովմանը: Ամփոփելով հանդիպման արդիւնքները, կողմերը երկուստէք կարեւորել են երկկողմ շփումների ակտիւացման եւ փոխգործակցութեան մեխանիզմների յետագայ խորացման անհրաժեշտութիւնը:
  -   Քաղաքական