Կահիրէում մեկնարկել են Հայաստանի մշակոյթի օրերը<br />


Կահիրէում մեկնարկել են Հայաստանի մշակոյթի օրերը

  • 24-09-2010 17:24:00   |   |  Մշակոյթ
ԿԱՀԻՐԷ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կահիրէում մեկնարկել են Հայաստանի մշակոյթի օրերը: Մշակոյթի օրերի պաշտօնական բացումը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին Կահիրէի օպերայի տան մեծ դահլիճում: Հանդիսաւոր արարողութիւնից յետոյ համերգային ծրագրով հանդէս է եկել Թաթուլ Ալթունեանի անուան երգի-պարի պետական համոյթը (գեղարուեստական ղեկավար` Ժիրայր Ալթունյան): Աւելի քան 1500 հանդիսատեսները, որոնց թւում էին ԵԱՀ կառավարութեան անդամներ, մի քանի տասնեակ երկրների դեսպաններ, եգիպտացի ճանաչուած արուեստագէտներ եւ արուեստասէր հասարակութիւն, եգիպտահայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ, բուռն ծափահարություններով են ընդունել համոյթի բազմաժանր կատարումները: Համոյթը շարունակելու է համերգները Դամանհուր եւ Ալեքսանդրիա քաղաքներում: Մշակոյթի օրերի շրջանակում «Էլ-Գոմհորիա» համալիրի սրահներից մէկում տեղի է ունեցել նաեւ Ս.Փարաջանովի տուն-թանգարանի տնօրէն Զաւէն Սարգսեյանի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդէսը: Հայաստանի մշակոյթի օրերի կապակցութեամբ Եգիպտոսում էր գտնւում ՀՀ պաշտօնական պատուիրակութիւնը ՀՀ մշակոյթի փոխնախարար Արթուր Պողոսեանի գլխաւորութեամբ: Պատուիրակութիւնը հանդիպումներ է ունեցել ԵԱՀ միջազգային համագործակցութեան նախարար, հայ-եգիպտական միջկառավարական յանձնաժողովի համանախագահ Ֆայզա Աբուլ Նագայի, Կահիրէի նահանգապետ Աբդել Ազիմ Վազիրի, արտաքին մշակոյթային կապերի գծով ԵԱՀ մշակոյթի փոխնախարար Հոսամ Նասարի, Կահիրէի օպերայի տան տնօրէն Աբդել Մոնեյմ Քամելի հետ: Բանակցութիւնների ընթացքում քննարկուել են հայ-եգիպտական մշակոյթային համագործակցութեան հեռանկարները, պայմանավորվածություններ են ձեռք բերուել որոշակի համատեղ ծրագրեր իրականացնելու շուրջ: Հանդիպումներին մասնակցել է ԵԱՀ-ում ՀՀ դեսպան Արմէն Մելքոնեանը:
  -   Մշակոյթ