Կահիրեում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը<br />


Կահիրեում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը

  • 24-09-2010 17:24:00   | Եգիպտոս  |  Մշակույթ
ԿԱՀԻՐԵ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կահիրեում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը: Մշակույթի օրերի պաշտոնական բացումը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին Կահիրեի օպերայի տան մեծ դահլիճում: Հանդիսավոր արարողությունից հետո համերգային ծրագրով հանդես է եկել Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթը (գեղարվեստական ղեկավար` Ժիրայր Ալթունյան): Ավելի քան 1500 հանդիսատեսները, որոնց թվում էին ԵԱՀ կառավարության անդամներ, մի քանի տասնյակ երկրների դեսպաններ, եգիպտացի ճանաչված արվեստագետներ եւ արվեստասեր հասարակություն, եգիպտահայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ, բուռն ծափահարություններով են ընդունել համույթի բազմաժանր կատարումները: Համույթը շարունակելու է համերգները Դամանհուր եւ Ալեքսանդրիա քաղաքներում: Մշակույթի օրերի շրջանակում «Էլ-Գոմհորիա» համալիրի սրահներից մեկում տեղի է ունեցել նաեւ Ս.Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Հայաստանի մշակույթի օրերի կապակցությամբ Եգիպտոսում էր գտնվում ՀՀ պաշտոնական պատվիրակությունը ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի գլխավորությամբ: Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԵԱՀ միջազգային համագործակցության նախարար, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ֆայզա Աբուլ Նագայի, Կահիրեի նահանգապետ Աբդել Ազիմ Վազիրի, արտաքին մշակութային կապերի գծով ԵԱՀ մշակույթի փոխնախարար Հոսամ Նասարի, Կահիրեի օպերայի տան տնօրեն Աբդել Մոնեյմ Քամելի հետ: Բանակցությունների ընթացքում քննարկվել են հայ-եգիպտական մշակութային համագործակցության հեռանկարները, պայմանավորվածություններ են ձեռք բերվել որոշակի համատեղ ծրագրեր իրականացնելու շուրջ: Հանդիպումներին մասնակցել է ԵԱՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ