Բուենոս Այրեսի խորհրդարանում կայացել է հանդիսաւոր երեկոյ` նուիրուած Հայոց ցեղասպանութեան 96-րդ տարելիցին


Բուենոս Այրեսի խորհրդարանում կայացել է հանդիսաւոր երեկոյ` նուիրուած Հայոց ցեղասպանութեան 96-րդ տարելիցին

  • 26-04-2011 16:19:54   |   |  Քաղաքական
Ապրիլի 25-ին Բուենոս Այրեսի խորհրդարանի «Ոսկեզօծ դահլիճում» Արգենտինայի համայնքային կառոյցների եւ ՀՀ դեսպանութեան համատեղ նախաձեռնութեամբ կայացաւ հանդիսաւոր երեկոյ` նուիրուած Հայոց ցեղասպանութեան 96-րդ տարելիցին: Միջոցառման հիմնական բանախօսներն էին Արգենտինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալեանը, Ազգային կոնգրէսի պատգամաւոր, «Արմատական քաղացիական միութեան» նախագահ Ռիկարդոյ Ալֆոնսինը, Բուենոս Այրեսի կառավարութեան աշխատակազմի ղեկավար Հորասիոյ Լառռետան, մայրաքաղաքի խորհրդարանի պատգամաւոր Ռաուլ Պույը: Հանդիսաւոր երեկոյին մասնակցեցին Հայաստանեայց Առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արք. Մուրադեանը, Լատինական Ամերիկայի Հայ Կաթողիկէ եկեղեցու առաջնորդ Վարդան եպիսկոպոս Պօղոսեանը, Արգենտինայի օրէնսդիր, գործադիր, դատական իշխանութիւնների ներկայացուցիչներ, մայրաքաղաքի քաղաքական-հասարակական, իրաւապաշտպան կազմակերպութիւնների, արգենտինահայ համայնքային կառոյցների երեք հարիւրից աւելի անդամներ, բազմաթիւ լրագրողներ: Ելոյթ ունեցողները նշեցին, որ «հակառակ օսմանեան իշխանութիւնների կողմից հայ ազգի բնաջնջման փորձերին` հայերն այսօր թէ Հայաստանում եւ թէ Սփիւռքում, ապացուցեցին իրենց ապրելու ու արարելու իրաւունքը»: Նրանք կոչ արեցին Թուրքիայի կառավարութեանը հաշտուել սեփական անցեալի հետ, ընդունել եւ դատապարտել 96 տարի առաջ հայ ժողովրդի դէմ գործած ոճրագործութիւնը: Նախօրէին` ապրիլի 24-ին, Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր տաճարում կայացած Սուրբ Զատիկի պատարագից յետոյ Հայաստանեայց Առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արք. Մուրադեանը, դեսպան Վլադիմիր Կարմիրշալեանը, արգենտինահայ համայնքային կազմակերպութիւնների ղեկավարները ծաղկեպսակ զետեղեցին Մեծ Եղեռնի զոհերի յիշատակին նուիրուած խաչքար-յուշարձանին: Ապրիլի 24-ի երեկոյեան պետական «Encuentro» /Հանդիպում/ հեռուստաալիքով ցուցադրուեց Էնդրիւ Գոլդբերգի «Հայոց ցեղասպանութիւն» փաստավաւերագրական կինոնկարը:
  -   Քաղաքական