ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Արուեստը եւ բիզնեսը, արուեստը եւ համացանցը» կերպարուեստի գործիչների համահայկական համաժողովում Կանադայի քանդակագործների միութեան անդամ Գէորգ Գասսաբյանը, ով հանդէս է եկել «Հայ արուեստագէտները Հայաստանում եւ Սփիւռքում» զեկույցով, շեշտել է համաշխարհային կերպարուեստի ասպարէզում հայ նկարիչների պակասն ու կարեւորել պետութեան, յատկապէս Սփիւռքի նախարարութեան դերն այս հարցում: «Սփյուքը խօսք ունի ասելու»,- յայտարարել է Գ.Գասսաբյանը, նշելով, որ նման համաժողովը գործնական քայլեր պէտք է ենթադրի, հակառակ դէպքում «տուրիստական» հաւաքները անիմաստ կլինեն:
Ըստ Ժամանակակից արուեստի թանգարանի կառավարման խորհրդի նախագահ Լեւոն Իգիթեանի, ծառացած խնդիրներին պէտք է մասնագիտական, եւ ոչ թէ սիրողական մօտեցում ցուցաբերել: «Անհրաժեշտ է մեր բոլորի կողմից խելամիտ ու լաւ մշակուած համակարգ: Պէտք է ձեռնոց նետել այն ասպարէզում, որտեղ ուժեղ ենք, իսկ կերպարուեստում` ուժեղ ենք»,- ասել է նա:
«Ստեղծագործական միութիւններ ու քաղաքակիրթ հասարակութիւն» զեկոյցում ՀՀ Նկարիչների միութեան նախագահ Կարեն Աղամեանը կարեւորել է պետութեան աջակցութիւնը անհատ ստեղծագործողների ազատութիւնը չսահմանափակելու գործում: Նրա խօսքերով, միայն այս դէպքում հայ արուեստագէտը ազատ կլինի, ոչ թէ կախուած «արուեստասէր» չինովնիկների քմահաճույքներից: «Հայ մշակոյթը պաշտպանութեան կարիք ունի»,- նշել Կ.Աղամեանը:
Զեկույցներին յաջորդած քննարկման ընթացքում յատկապէս կարեւորվել է ՀՀ դեսպանություններում մշակոյթային կցորդ ունենալու անհրաժեշտութիւնը: ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Հակոբեանն առաջարկել է նաեւ արուեստագէտների ուժերով Սփիւռքահայ արուեստի թանգարան ստեղծել, ուր կներկայացուեն սփիւռքահայ արուեստագէտների գործերը:
Համաժողովի աւարտին մասնակիցներն ընդունել են յայտարարութիւն: