Երեւանում անցկացուեց ՍԾՏՀ-ի անդամ երկրների էներգետիկայի<br /> նախարարների 5-րդ հանդիպումը<br />


Երեւանում անցկացուեց ՍԾՏՀ-ի անդամ երկրների էներգետիկայի
նախարարների 5-րդ հանդիպումը

  • 20-03-2009 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 20-ին Երեւանում անցկացուեց Սեւծովեան տնտեսական համագործակցութեան (ՍԾՏՀ) անդամ երկրների էներգետիկայի նախարարների հերթական 5-րդ հանդիպումը` «Էներգետիկ անվտանգութեան մարտահրավերները Սեւծովեան տարածաշրջանում» խորագրով: Հանդիպմանը ներկայ էին Ռուսաստանի, Բուլղարիայի, Վրաստանի, Յունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Սերբիայի, Թուրքիայի, Ուկրաինայի, Եգիպտոսի եւ Իրանի ներկայացուցիչները: Հրաւիրուած էին նաեւ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի, Էներգետիկ Խարտիայի քարտուղարության, Միաւորուած ազգերի կազմակերպութեան առաքելութեան, Համաշխարհային բանկի, ԱՄՆ ՄԶԳ-ի ներկայացուցիչները: Ինչպէս նշեց ՍԾՏՀ-ի գլխաւոր քարտուղար Ալթայ Էֆենդիեւը, քննարկվող հարցերի շրջանակն ընդգրկում էր «Ընդլայնուած սեւծովեան տարածաշրջանի մշտապէս աճող դերակատարումը տարածաշրջանային, ԵՄ եւ ընդհանուր էներգետիկ անվտանգութեան բարձրացման հարցում», «Տարածաշրջանում էներգետիկայի ոլորտում միջազգային, այդ թւում` նաեւ ԵՄ-ի հետ համագործակցութեան զարգացում, էներգետիկ ոլորտի երկարաժամկէտ գործողութիւնների ռազմավարութեան մշակում», «Տարածաշրջանային էներգետիկ հետազօտութիւններ» եւ այլ թեմաներ: Հանդիպման ընթացքում քննարկվեց նաեւ ԵՄ-ՍԾՏՀ համատեղ գործողութիւնների ծրագիրը: Ըստ Ա.Էֆենդիեւի, ներկայումս տարածաշրջանում էներգետիկ ռեսուրսների ուսումնասիրութիւն է անցկացւում, իսկ սեպտեմբերին յատուկ հանդիպում կկազմակերպուի` ամփոփելու այդ ուսումնասիրությունների արդիւնքները: Ա.Էֆենդիեւի խօսքերով, ՍԾՏՀ-ի գործողութիւնների ծրագիրը լուրջ հիմք կհանդիսանայ էներգետիկ համագործակցութեան յետագայ զարգացման համար: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսեանը նշեց, որ հայկական կողմը մի շարք կարեւոր քայլեր է ձեռնարկել տարածաշրջանային էներգետիկ համակարգին ինտեգրման ուղղութեամբ: Հայաստանը նաեւ գործողութիւնների ծրագիր է մշակել, որը միտուած է ամրապնդելու ԵՄ-ի եւ ՍԾՏՀ-ի համագործակցութիւնը: Ծրագրով, ըստ Ա.Կիրակոսեանի, որպէս հնարաւոր տրանզիտային երկիր, Հայաստանը կարող է նպաստել տարածաշրջանում էներգետիկ կայունութեան եւ անվտանգութեան ապահովմանը: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմէն Մովսիսյանն ընդգծեց, որ ՍԾՏՀ-ի շրջանակներում էներգետիկայի նախարարների հերթական հանդիպման հիմնական նպատակը ԵՄ-ի եւ ՍԾՏՀ-ի համագործակցութեան համատեղ պլանի մշակումն է: «Թուրքիան եւս ՍԾՏՀ-ի անդամ է, եւ բնական է, որ մենք երկուստեք լինելով այդ համագործակցութեան անդամ, առաջնորդւում ենք այն կանոններով եւ որոշումներով, որոնք ընդունվում են համագործակցութեան շրջանակներում»,- ասաց նախարարը: Ա.Մովսիսեանի խօսքերով, ՍԾՏՀ-ի շրջանակներում համագործակցութիւնը տարածաշրջանում էներգետիկ անվտանգութեան բարձրացման հնարաւորութիւն է տալիս: Այդ համագործակցութիւնը միաժամանակ նպաստում է ՍԾՏՀ-ն անդամ պետութիւնների, տարածաշրջանային միւս եւ ԵՄ երկրների էլեկտրաէներգետիկ կապերի զարգացմանը եւ էներգետիկ շուկաներին ինտեգրմանը:
  -   Տնտեսութիւն