Երեւանում անցկացվեց ՍԾՏՀ-ի անդամ երկրների էներգետիկայի
նախարարների 5-րդ հանդիպումը
20-03-2009 18:00:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 20-ին Երեւանում
անցկացվեց Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) անդամ
երկրների էներգետիկայի նախարարների հերթական 5-րդ հանդիպումը`
«Էներգետիկ անվտանգության մարտահրավերները Սեւծովյան
տարածաշրջանում» խորագրով: Հանդիպմանը ներկա էին Ռուսաստանի,
Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի,
Սերբիայի, Թուրքիայի, Ուկրաինայի, Եգիպտոսի եւ Իրանի
ներկայացուցիչները: Հրավիրված էին նաեւ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի, Էներգետիկ
Խարտիայի քարտուղարության, Միավորված ազգերի կազմակերպության
առաքելության, Համաշխարհային բանկի, ԱՄՆ ՄԶԳ-ի ներկայացուցիչները:
Ինչպես նշեց ՍԾՏՀ-ի գլխավոր քարտուղար Ալթայ Էֆենդիեւը,
քննարկվող հարցերի շրջանակն ընդգրկում էր «Ընդլայնված սեւծովյան
տարածաշրջանի մշտապես աճող դերակատարումը տարածաշրջանային, ԵՄ եւ
ընդհանուր էներգետիկ անվտանգության բարձրացման հարցում»,
«Տարածաշրջանում էներգետիկայի ոլորտում միջազգային, այդ թվում`
նաեւ ԵՄ-ի հետ համագործակցության զարգացում, էներգետիկ ոլորտի
երկարաժամկետ գործողությունների ռազմավարության մշակում»,
«Տարածաշրջանային էներգետիկ հետազոտություններ» եւ այլ թեմաներ:
Հանդիպման ընթացքում քննարկվեց նաեւ ԵՄ-ՍԾՏՀ համատեղ
գործողությունների ծրագիրը:
Ըստ Ա.Էֆենդիեւի, ներկայումս տարածաշրջանում էներգետիկ
ռեսուրսների ուսումնասիրություն է անցկացվում, իսկ սեպտեմբերին
հատուկ հանդիպում կկազմակերպվի` ամփոփելու այդ
ուսումնասիրությունների արդյունքները: Ա.Էֆենդիեւի խոսքերով,
ՍԾՏՀ-ի գործողությունների ծրագիրը լուրջ հիմք կհանդիսանա էներգետիկ
համագործակցության հետագա զարգացման համար:
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը նշեց, որ
հայկական կողմը մի շարք կարեւոր քայլեր է ձեռնարկել
տարածաշրջանային էներգետիկ համակարգին ինտեգրման ուղղությամբ:
Հայաստանը նաեւ գործողությունների ծրագիր է մշակել, որը միտված է
ամրապնդելու ԵՄ-ի եւ ՍԾՏՀ-ի համագործակցությունը: Ծրագրով, ըստ
Ա.Կիրակոսյանի, որպես հնարավոր տրանզիտային երկիր, Հայաստանը կարող
է նպաստել տարածաշրջանում էներգետիկ կայունության եւ անվտանգության
ապահովմանը:
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն
Մովսիսյանն ընդգծեց, որ ՍԾՏՀ-ի շրջանակներում էներգետիկայի
նախարարների հերթական հանդիպման հիմնական նպատակը ԵՄ-ի եւ ՍԾՏՀ-ի
համագործակցության համատեղ պլանի մշակումն է: «Թուրքիան եւս ՍԾՏՀ-ի
անդամ է, եւ բնական է, որ մենք երկուստեք լինելով այդ
համագործակցության անդամ, առաջնորդվում ենք այն կանոններով եւ
որոշումներով, որոնք ընդունվում են համագործակցության
շրջանակներում»,- ասաց նախարարը:
Ա.Մովսիսյանի խոսքերով, ՍԾՏՀ-ի շրջանակներում
համագործակցությունը տարածաշրջանում էներգետիկ անվտանգության
բարձրացման հնարավորություն է տալիս: Այդ համագործակցությունը
միաժամանակ նպաստում է ՍԾՏՀ-ն անդամ պետությունների,
տարածաշրջանային մյուս եւ ԵՄ երկրների էլեկտրաէներգետիկ կապերի
զարգացմանը եւ էներգետիկ շուկաներին ինտեգրմանը: