Պատգամաւորն առաջակրում է 20%-ով աւելացնել պետութեան
սոցիալական վճարումները
17-03-2009 21:00:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ազգային ժողովի անկախ
պատգամաւոր Վիկտոր Դալլաքեանը առաջարկում է 20%-ով բարձրացնել
կենսաթոշակները, նպաստները եւ սոցիալական այլ վճարումները: Ինչպէս
մարտի 17-ին խորհրդարանում յայտարարեց պատգամաւորը, նա մարտի 11-ից
ԱԺ-ում շրջանառութեան մէջ է դրել «Սոցիալական պաշտպանութեան
ոլորտում պետական ծախսերի ինդեքսավորման մասին» օրէնքում
փոփոխութիւն կատարելու մասին նախագիծը, որով էլ առաջարկւում են
վերը նշուած փոփոխութիւնները:
Ըստ Վ.Դալլաքեանի, ֆինանսատնտեսական ճգնաժամի, դրամ-դոլար
փոխարժէքի փոփոխման, գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագների
սպասւող բարձրացման հետեւանքով հանրապետութիւնում վերջին շրջանում
գրանցուել է մասնաւորապէս առաջին անհրաժեշտութեան ապրանքների գների
միջին հաշւով 20%-ի աճ, ինչը հանգեցրել է բնակչութեան
գնողունակութեան անկմանը եւ սոցիալական վիճակի զգալի վատթարացմանը:
Գնաճը յատկապէս հարուածել է երկրի սոցիալապէս անապահով խաւին, որը,
ըստ պատգամաւորի, կազմում է մօտ 1 մլն մարդ:
Վ.Դալլաքեանի կարծիքով, օրենսդրական նախաձեռնութեան համար
անհրաժեշտ ֆինանսական միջոցներ կարելի է ստանալ խոշոր բիզնեսը
հարկային դաշտ բերելու ճանապարհով, «ինչի անհարաժեշտության մասին
բազմիցս խօսել է երկրի վարչապետը», ինչպէս նաեւ Կենտրոնական բանկի
եւ պետական ապարատի ուռճացուած ծախսերի կրճատման հաշուին: