Հայաստանի Կենտրոնական բանկը առաջարկում է խստացնել<br /> արժոյթային օրէնսդրութեան պահանջները խախտող անձանց նկատմամբ<br /> պատասխանատւութիւնը<br />


Հայաստանի Կենտրոնական բանկը առաջարկում է խստացնել
արժոյթային օրէնսդրութեան պահանջները խախտող անձանց նկատմամբ
պատասխանատւութիւնը

  • 17-03-2009 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 17-ին Հայաստանի Ազգային ժողովը ընդունեց նախօրէին քննարկված օրինագծերն ու օրենսդրական փաթեթները, որոնցով փոփոխութիւններ եւ լրացումներ են նախատեսւում մի շարք գործող օրէնքներում եւ օրէնսգրքերում: Այդ թւում առաջին ընթերցմամբ ընդունուեց Վարչական իրաւախախտումների վերաբերեալ եւ Քրէական օրէնսգրքերում, «Արժոյթային կարգաւորման եւ արժոյթային վերահսկողութեան մասին» օրէնքում կառավարութեան կողմից առաջարկուած փոփոխութիւնների փաթեթը: Վերջինի նպատակը, ըստ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջաւադեանի, դոլարիզացիայի եւ ստուերային տնտեսութեան դէմ պայքարն ու կանխումն է: Ըստ այդմ, առաջարկւում է խստացնել արժոյթային օրէնսդրութեան պահանջները խախտող անձանց նկատմամբ պատասխանատւութիւնը: «Գոյքի նկատմամբ իրաւունքների պետական գրանցման մասին» օրէնքում առաջին ընթերցմամբ ընդունուած փոփոխութիւնները, ըստ հիմնական զեկուցող, արդարադատութեան նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մալխասեանի, պայմանաւորուած են պետական ծառայութեան համակարգում միասնական մօտեցում ապահովելու անհրաժեշտութեամբ: Մասնաւորապէս, առաջարկւում է ուժը կորցրած ճանաչել անշարժ գոյքի պետական կադաստրի եւ վերջինի տարածքային ստորաբաժանումների ղեկավարների պաշտօններում նշանակման եւ ազատման հիմքերն ամրագրող դրոյթները` «Քաղաքացիական ծառայութեան մասին» ՀՀ օրէնքի հետ հնարաւոր հակասութիւնները վերացնելու նպատակով: Ներկայումս գործող օրէնքով տուեալ պաշտօններում կարող են նշանակուել բարձրագոյն կրթութիւն ունեցող մինչեւ 60 տարեկան քաղաքացիները, մինչդեռ քաղծառայության մասին օրէնքով քաղծառայության պաշտօնների համար տարիքային սահմանափակումը 65-ն է: Օրինագծին դէմ քուէարկեց միակ ընդդիմադիր «Ժառանգութիւն» խմբակցութիւնը: Վերջինի ղեկավար Արմէն Մարտիրոսեանը «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց, որ անձամբ ինքը կողմ է տարիքայիան սահմանափակման վերացմանը բոլոր այն կառոյցներում, որտեղ յատուկ պատրաստուածութեան հետ խնդիրներ չեն առաջանում, բայց դէմ է, «երբ օրէնքները կարում են ինչ-որ մէկ անձի հագով»: Նրա պարզաբանմամբ, խօսքը վերաբերում է մամուլում տեղ գտած եւ շրջանառուող այն լուրերին, որ երկրի Նախագահը ցանկանում է կադաստրի պետական կոմիտէի նախագահի պաշտօնում նշանակել Երեւանի նախկին քաղաքապետ Երուանդ Զախարյանին, սակայն գործող տարիքային սահմանափակումը խոչընդոտում է դրա իրականացմանը:
  -   Տնտեսութիւն