Դրամի արժեվորումը վնասեց Հայաստանում տեղական արտադրութեան<br /> զարգացմանը,- ասում է Վազգէն Սաֆարեանը<br />


Դրամի արժեվորումը վնասեց Հայաստանում տեղական արտադրութեան
զարգացմանը,- ասում է Վազգէն Սաֆարեանը

  • 06-03-2009 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դրամի արժեվորումը դոլարի նկատմամբ վնասեց Հայաստանում տեղական արտադրութեան զարգացմանը, ինչի պատճառով 2008թ.-ին արտահանումը նուազել է 7,8%-ով եւ կազմել 1 մլրդ 69 մլն դոլար, իսկ ներմուծումն աճել է 35%-ով եւ կազմել 4 մլրդ 411,7 մլն դոլար: Նման կարծիք յայտնեց մարտի 6-ի ասուլիսում Հայրենական ապրանք արտադրողների միութեան նախագահ Վազգէն Սաֆարեանը: Նրա գնահատմամբ, ազգային արժոյթի լողացող փոխարժեքը հնարաւորութիւն կտայ զարգացնել տեղական արտադրութիւնը: Նա նաեւ նշեց, որ պետութիւնը պէտք է վերանայի այն մօտեցումներն ու կարծրատիպերը, որոնք խանգարում են երկրի տնտեսութեան զարգացմանը: Ըստ Վ.Սաֆարեանի, պետութիւնը պէտք է կարգաւորի եւ կառավարի տնտեսութիւնը: «Հայաստանում վերջին երկու տասնամեակների ընթացքում վարւում էր ազատ շուկայական տնտեսութեան ցնցումնաբուժության քաղաքականութիւն: Դա բերել է մի իրողութեան, որ ունենք հարուստների սակաւաթիւ խաւ եւ շատ ծանր պայմաններում յայտնուած հսկայական զանգված»,- ասաց միութեան նախագահը: Վ.Սաֆարեանը վստահ է, որ օպերատիւ պետական գործողութիւնների, միջոցառումների միջոցով հնարաւոր է մօտ 1,5 անգամ աւելացնել արտահանման եւ 2 անգամ կրճատել ներկրման ծաւալները:
  -   Տնտեսութիւն