Տնտմրցակցության պաշտպանութեան յանձնաժողովը վարույթներ<br /> հարուցեց ձեթի, կարագի, դեղերի եւ կենցաղային տեխնիկայի<br /> շուկաներում<br />


Տնտմրցակցության պաշտպանութեան յանձնաժողովը վարույթներ
հարուցեց ձեթի, կարագի, դեղերի եւ կենցաղային տեխնիկայի
շուկաներում

  • 06-03-2009 17:45:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովը մարտի 6-ի նիստում վարույթներ հարուցեց չորս շուկայում` դրամի լողացող փոխարժէքի քաղաքականութեան վերադարձի պատրուակով տնտեսվարողների կողմից գների չհիմնաւորուած բարձրացումներ թոյլ տալու, արհեստական դեֆիցիտ ստեղծելու, հակամրցակցային համաձայնութիւններ կայացնելու կասկածով: Վարույթներ են յարուցուել ձեթի, կարագի, դեղերի եւ կենցաղային տեխնիկայի շուկաներում: Ինչպէս նիստին յաջորդած ճեպազրույցում յայտնեց Յանձնաժողովի նախագահ Աշտո Շահնազարեանը, անհամաչափ գնային բարձր տատանումների վերաբերեալ ահազանգեր ստացուել են ինչպէս մայրաքաղաքից, այնպէս էլ հանրապետութեան տարբեր մարզերից: Նրա խօսքերով, մասնաւորապէս, դեղորայքի շուկայում գնաճային միտումները բաւականին բարձր են եղել, որոնք տնտեսական ոչ մի գործօններով հիմնաւորուած չեն: Ըստ Ա.Շահնազարեանի, յայտնի է դարձել, որ դեղերի շուկայում ներկրողները պայմանաւորուել են` բոլոր տեսակի դեղորայքները թանկացնել 25%-ով: Նա վստահեցրեց, որ դոլար-դրամ յարաբերակցութեան կայունացումից յետոյ` մարտի 7-ից, բոլոր խանութներում գնանկման երեւոյթներ կնկատվեն: Մասնաւորապէս, բենզինի գինը 10 դրամով կիջնի, իսկ շաքարաւազի մեծածախ մատակարարման գինը կիջնի մինչեւ 250 դրամի: Ա.Շահնազարեանը տեղեկացրեց, որ իրավիճակը որոշակի առումով դեռեւս մտահոգիչ է մարզերում, որտեղ գների մակարդակը փոքր-ինչ բարձր է մայրաքաղաքի համեմատ: Նա նշեց, որ այս խնդրի կարգաւորման համար Յանձնաժողովը համագործակցում է Պետական եկամուտների կոմիտէի հետ. անհարկի բարձրացումներ թոյլ տուած խանութների ցանկը տրամադրւում են կոմիտէին` հարկային պարտաւորութիւնների պատշաճ կատարումն ստուգելու նպատակով: Ինչ վերաբերում է հայրենական արտադրանքի թանկացմանը, ապա յանձնաժողովի նախագահը նշեց, որ դա պայմանաւորուած է հումքի ներկրմամբ: «Հարցն այն է, թէ ինչ չափով են թանկացել: Մենք այսօր վերահսկում ենք տնտեսվարողների մեխանիկական ձգտումները` գերիշխող դիրքի չարաշահման, հակամրցակցային համաձայնութեան առումով»,- նշեց Ա.Շահնազարեանը:
  -   Տնտեսութիւն