Հայաստանի վարչապետը հանդուրժողականութեան կոչ է անում`<br /> «հոկտեմբերի 27»-ի կրկնութիւնը կանխելու մտահոգութեամբ<br />


Հայաստանի վարչապետը հանդուրժողականութեան կոչ է անում`
«հոկտեմբերի 27»-ի կրկնութիւնը կանխելու մտահոգութեամբ

  • 05-03-2009 17:20:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Այսօր մի պահ խորհելու տեղ կայ. «արդեօք մենք քաղե՞լ ենք դասեր Վազգէն Սարգսեյանի եւ նրա հետ զոհուած մեր ընկերների մահից յետոյ, արդեօք մենք գիտակցո՞ւմ ենք, որ անհանդուրժողականությունը, ատելութիւնը, չարությունը նոր հող են պատրաստում նոր սպանութիւնների համար, արդեօք մեզ պատասխանատու զգո՞ւմ ենք ՀՀ-ում հանդուրժողականութեան մթնոլորտ ձեւաւորելու համար: Ես քաջ գիտակցում եմ, որ, առաջին հերթին, կառավարութիւնն ու իշխանութիւններն են պատասխանատու համերաշխութեան, համագործակցութեան մթնոլորտի ձեւաւորման համար` այն պարզ պատճառով, որ մենք ունենք դա անելու լուրջ պետական լծակներ,-յայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը` մինչ ՀՀ կառավարութեան մարտի 5-ի նիստն սկսելը: Նա յիշեցրեց, որ այսօր «հոկտեմբերի 27»-ի ոճրագործութեան զոհ դարձած նախկին պաշտպանութեան նախարար, անուհետեւ` վարչապետ Վազգէն Սարգսեյանի ծննդեան 50-ամեակն է: Տ.Սարգսեյանի խօսքերով, քննադատությունն ու խօսքի ազատութիւնն անհրաժեշտ են, որպէսզի կառավարութիւնը կողքից կարողանայ տեսնել ու բացայայտել իր սխալներն ու թերութիւնները: «Բայց երբ այդ քննադատությունն անցնում է բոլոր սահմանները, երբ բացում ենք թերթերը եւ այնտեղ տեսնում ոչ թէ քննադատություն, այլ նենգ, ստայոդ մեղադրանքներ, ծայրայեղ գնահատականներ, որոնք ոչ մի կապ չունեն իրականութեան հետ, այլ ունեն մի` անձին վիրաւորելու նպատակ, մենք հասկանում ենք, որ շատ անելիք ունենք: Այդ չարությունը, անհանդուրժողականությունը, ձուլում է նոր փամփուշտներ` լինելու են նոր սպանութիւններ, եթէ մենք չկարողանանք այս մթնոլորտն արմատականօրէն փոխել»,-նշեց ՀՀ վարչապետը: Նա յաւելեց. «Ես ինքս հինգ տարի եղել եմ արմատական ընդդիմութեան («Ազգային-ժողովրդավարական միութիւն» կուսակցութեան-Ն.Տ.) ներկայացուցիչ, ես ինքս ինձ մեղաւոր եմ համարում շատ բաներում, եւ հայցում եմ մեր ընդդիմախոսների ներողամտությունը մեր սխալների համար, իմ անձնական սխալների համար: Մենք պէտք է լինենք հանդուրժողական, մենք չպէտք է այրենք համագործակցութեան կամուրջները»: Ըստ Տ.Սարգսեյանի, հայ ժողովրդի պատմութեան դասերն այսպիսին են. «մենք յաջողութիւնների հասնում ենք միայն այն պահին, երբ կարողանում ենք ապահովել համագործակցութիւն»:
  -   Քաղաքական