Նախատեսւում է նուազեցնել ներմուծվող ոգելից խմիչքների համար<br /> մարտի 1-ից գործողութեան մէջ դրուելիք ակցիզային հարկի բարձր<br /> դրոյքաչափերը<br />


Նախատեսւում է նուազեցնել ներմուծվող ոգելից խմիչքների համար
մարտի 1-ից գործողութեան մէջ դրուելիք ակցիզային հարկի բարձր
դրոյքաչափերը

  • 24-02-2009 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային Ժողովը փետրուարի 24-ին առաջին ընթերցմամբ ընդունեց հանրապետական պատգամաւորներ Գալուստ Սահակեանի եւ Արմէն Աշոտեանի հեղինակած օրինագիծը, որով փոփոխութիւններ են նախատեսւում «Ակցիզային հարկի մասին» գործող օրէնքում: Ըստ այդմ առաջարկւում է վերանայել նախորդ տարեվերջին նոյն օրէնքում կատարուված փոփոխութիւնները, համաձայն որոնց մարտի 1-ից պէտք է էապէս բարձրացվեին, մասնաւորապէս, ոգելից խմիչքների ներմուծման դէպքում ԱԱՀ-ի դրոյքաչափերը: Օրինագծով առաջարկւում է նուազեցնել ներքին արտադրանքի եւ ներմուծման դէպքում ԱԱՀ-ի դրոյքաչափերի տարբերութիւնը: «ՀՅԴ» խմբակցութիւնը քուէարկութեանը չմասնակցեց, «Ժառանգութիւն» խմբակցութիւնը դէմ քուէարկեց: Նշենք, որ ըստ հեղինակների առաջարկուող փոփոխութիւնը մասնաւորապէս հիմնավորվել էր այն հանգամանքով, որ յիշեալ ապրանքատեսակների գծով նման տարբերակման սահմանումը կարող է հանգեցնել ներմուծման ծաւալների կրճատմանը, ինչը չի նպաստի ՀՀ-ում արտադրուող համապատասխան արտադրատեսակների որակի բարձրացմանը` մրցակցային անհաւասար պայմանների պատճառով: Առաջին ընթերցմամբ ընդունուեց նաեւ կառավարութեան հեղինակած օրինագիծը, որով փոփոխութիւն եւ լրացումներ են նախատեսւում «Աւելացուած արժէքի հարկի մասին» գործող օրէնքում: Կառավարութիւնը այն դասում է հակաճգնաժամային միջոցառումների շարքին եւ առաջարկում է իր կողմից սահմանուած կարգով ընտրուած ընկերութիւնների կողմից որոշակի ապրանքատեսակների ներմուծման դէպքում սահմանուած կարգով մաքսային մարմինների հաշուարկած ԱԱՀ-ի գումարների գանձման ժամկէտը յետաձգել մինչեւ 3 տարի ժամկէտով, եթէ ներմուծուած ապրանքների մաքսային արժէքը կամ ներդրումային փաթեթը կազմում կամ գերազանցում է 300 մլն դրամը (շուրջ 1 մլն ԱՄՆ դոլար) եւ աւելին:
  -   Տնտեսութիւն