ԵԽԽՎ-ում հայկական պատուիրակութեանը քուէարկելու իրաւունքից<br /> զրկելու դէպքում չենք ընկճվելու,- յայտարարում է ՀՀԿ-ի փոխնախագահը<br />


ԵԽԽՎ-ում հայկական պատուիրակութեանը քուէարկելու իրաւունքից
զրկելու դէպքում չենք ընկճվելու,- յայտարարում է ՀՀԿ-ի փոխնախագահը

  • 15-01-2009 20:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 15 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Տեսակէտ յայտնել, որ եւրոպական կառոյցները, ոչ միայն Եւրոպայի Խորհուրդը, Հայաստանի նկատմամբ վատ դիրքորոշում ունեն, եւ դա մեզ ընդհանրապես չի հետաքրքրում, դա ընդամէնը կեղծ մօտեցում է»: Այս մասին յունվարի 15-ին «Իրաւունք դե ֆակտո» ակումբում յայտարարեց Ազգային Ժողովի «ՀՀԿ» խմբակցութեան ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակեանը` նշելով, որ իշխանութիւններն ամէն ինչ անում են միջազգային կառոյցներում Հայաստանի տեղն ու դիրքերն աւելի ամրապնդելու ուղղութեամբ: «Իհարկէ, մեզ համար շատ ցանկալի է, որ Եվրոխորհրդի Խորհրդարանական վեհաժողովը մեր պատուիրակութեան նկատմամբ պատժամիջոցներ չկիրառի: Բայց երբեք ու երբեք երկրի անվտանգութիւնը չի կարելի զիջել այլ պայմանների»,- ասաց նա: Հայաստանի վերաբերեալ նոր բանաձեւի նախագծին հաւանութիւն տալու ԵԽԽՎ-ի մոնիտորինգի յանձնաժողովի դեկտեմբերեան որոշման կապակցութեամբ Գ.Սահակեանը նշեց, որ ինքը աւելի բարձր կարծիք ունի ԵԽԽՎ-ի մասին, ուստի համոզուած չէ, որ Վեհաժողովը կարող է ընդունել բանաձեւի նախնական տարբերակը, որով, մասնաւորապէս, առաջարկւում է կասեցնել հայկական պատուիրակութեան Վեհաժողովում քուէարկելու իրաւունքը: Գ.Սահակեանի համոզմամբ, ԵԽԽՎ-ի բանաձեւերի հիմնական պահանջները ամբողջովին կատարուված են: «Այլ բան է, որ մենք բաւականին լուրջ խնդիրներ ունենք, ոչ միայն նախագահական ընտրութիւնների հետ կապուած, այլ ընդհանրապես», որոնք որպէս ինքնիշխան պետութիւն, պարտաւոր ենք ու պէտք է կարողանանք ինքներս լուծել»,- ասաց նա: Գ.Սահակեանը նաեւ կարծիք յայտնեց, որ Հայաստանում ժողովրդավարութիւն, իհարկէ, կայ, սակայն «այն կատարելութեան աստիճանից շատ հեռու է»: ԵԽԽՎ-ում հայկական պատուիրակութեան ղեկավար, հանրապետական Դավիթ Յարութիւնեանի հասցէին մէկ այլ հանրապետական պատգամաւոր, կուսակցութեան խորհրդի անդամ Ռաֆիկ Պետրոսեանի նախօրէին արուած սուր քննադատությունն էլ «ՀՀԿ» խմբակցութեան ղեկավարը բնութագրեց որպէս «տխուր եւ տհաճ պատմութիւն»: Նա նշեց նաեւ, որ չի պատրաստւում «միջնորդի դերակատարում ունենալ»: «Այո, մենք ԵԽ-ում ունենք խնդիրներ, բայց դրանք անձնաւորուած չեն»,- ասաց Գ.Սահակեանը, կարծիք յայտնելով, որ միգուցէ, «մեր ներկայացչությունը կարելի է աւելի ընդլայնել, աւելի գործուն մթնոլորտ ստեղծել, բայց մեղադրել անձին, դա նշանակում է գերագնահատել անձի կարողութիւնները»: Ըստ նրա, ՀՀԿ-ի օրակարգում պատուիրակութեան ղեկավարի փոփոխութեան հարց դրուած չէ, եւ ինքը չի էլ կարծում, որ առաջիկայում այն կլինի: Ի պատասխան «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հարցին Գ.Սահակեանը յայտնեց, որ Երեւան այցելած Մոնիտորինգի յանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողների հետ «ՀՀԿ» խմբակցութեան հանդիպում նախատեսուած չէ, յաւելելով, որ անձամբ ինքը հանդիպելու «որեւէ շահագրգռվածութիւն» չունի:
  -   Քաղաքական