Մեր հասարակութեան մի զգալի մասը դեռեւս միայն տարրական սոցիալական ապահովութեան խնդիր ունի


Մեր հասարակութեան մի զգալի մասը դեռեւս միայն տարրական սոցիալական ապահովութեան խնդիր ունի

  • 18-04-2011 16:21:38   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
Կարէն Անդրէասեանը, ստանձնելով մարտի 3-ին ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի պաշտօնը, յայտարարել էր, որ պահպանելու է 50-օրեայ լռութիւն, եւ լրատուամիջոցներին խնդրել էր այդ ընթացքում չակնկալել հրապարակային ելոյթներ եւ մեկնաբանութիւններ: Այս շաբաթ լրանում է կատարուած աշխատանքները վերլուծելու եւ համակարգային բարեփոխումներ ձեռնարկելու նախանշուած ժամանակահատուածը, ուստի Պաշտպանն անցնում է առաւել հրապարակային եւ թափանցիկ գործունէութեան, որի հիմքում լինելու է հասարակութեանը պարբերաբար հաշուետուութիւններ ներկայացնելու սկզբունքը: Ապրիլի 18-ին Կ.Անդրէասեանը ներկայացրել է իր դիտարկումները սոցիալական իրաւունքների վերաբերեալ։ «Սոցիալական իրաւունքներին որոշեցի անդրադառնալ առաջինը, քանի որ համոզուած եմ, որ մարդն ի վիճակի է լինել ակտիւ քաղաքացիական հասարակութեան անդամ եւ պաշտպանել իր բոլոր իրաւունքները, երբ իր արժանապատիւ կենսամակարդակն ապահովուած է: Ցաւօք, այսօր մեր հասարակութեան մի զգալի մասը դեռեւս միայն տարրական սոցիալական ապահովութեան խնդիր ունի եւ դրա համար ակնկալում է պետութեան աջակցութիւնը, քանի որ նոյնիսկ աշխատունակ բնակչութեան համար սեփական աշխատանքով բաւարար միջոցներ վաստակելը միշտ չէ, որ մատչելի է: Այսօր Հայաստանում աղքատ է բնակչութեան 34,1 տոկոսը` իւրաքանչիւր 3-րդ քաղաքացին: Օրէնքով ամրագրուած 32 հազար 500 դրամ նուազագոյն աշխատավարձի հաշուարկման հիմքում դրուած չէ նուազագոյն սպառողական զամբիւղի արժէքը, եւ այն չի դիտարկւում որպէս պետութեան կողմից իրականացուող սոցիալական քաղաքականութեան, սոցիալական վճարների հաշուարկման հիմք: Բացի այդ, պէտք է հաշուի առնել իրական գների մակարդակից բխող նուազագոյն սպառողական զամբիւղի հաշուարկները, որոնցով նուազագոյն զամբիւղը կազմում է աւելի քան 52 հազար դրամ, եւ դա այն գումարն է, որն անհրաժեշտ է մէկ մարդուն` որպէս նուազագոյն կենսապահովման բիւջէ: Վստահ եմ, որ աշխարհում գոյութիւն ունեցող որեւէ մեթոդաբանութիւն չի կարող հաստատել, որ 32 հազար 500 դրամը Հայաստանում, որպէս մէկ անձի մէկ ամսուայ կենսապահովման նուազագոյն բիւջէ, կարող է բաւարար լինել: 2009 թուականին արձանագրուեց տնտեսութեան զգալի անկում: 2010թ. Հայաստանի տնտեսութիւնում արձանագրուեց նաեւ աննախադէպ բարձր` 9.5%-ի գնաճ: Գնաճի պատճառներն, ըստ տարբեր աղբիւրների, բացատրւում են միջազգային շուկաներում գների բարձրացումով, ընդլայնողական դրամավարկային եւ հարկաբիւջետային քաղաքականութեամբ, 2010թ. մշակովի ցանքատարածութիւնների կրճատումով, կոռուպցիայով, մենաշնորհային տնտեսութեամբ եւ գիւղատնտեսութեան անկման պատճառներով: Թէ՛ միջազգային կազմակերպութիւնների, եւ թէ՛ ՀՀ կառավարութեան գնահատմամբ, գնաճը Հայաստանում շարունակում է մնալ տարուայ լրջագոյն մարտահրաւէրներից մէկը: Այն մեղմելու համար իրականացւում են գնաճի զսպման եւ սոցիալական ուղղուածութեան ծրագրեր, սակայն շօշափելի արդիւնքներ, իմ գնահատմամբ, դեռեւս չեն գրանցուել: Հայաստանի Հանրապետութիւնում տնտեսական ակտիւութեան մակարդակի բարձրացմանը խոչընդոտող առաջնային պատճառներից են տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան թերի մեխանիզմների եւ մենաշնորհային տնտեսութիւնների առկայութիւնը: Ըստ տարբեր տնտեսական հետազօտութիւնների, միջին եւ երկարաժամկէտ հեռանկարում ազատ մրցակցութեան պաշտպանութեան ներկայիս համակարգը կարող է դառնալ երկրի կայուն զարգացման, աղքատութեան յաղթահարման եւ տնտեսական աճի հիմնական արգելքներից մէկը: Նման իրավիճակի առկայութիւնն, իմ գնահատմամբ, վկայում է Հայաստանում հակամենաշնորհային ինստիտուտների գործունէութեան անարդիւնաւէտութեան մասին: Տնտեսական ակտիւութեան մակարդակի բարձրացմանը խոչընդոտող մէկ այլ էական պատճառ է հարկային եւ մաքսային վատ վարչարարութիւնը, ինչը հաստատում են եւ՛ ՀՀ կառավարութիւնը, եւ՛ նրա ընդդիմախօսները: Թէեւ այս ուղղութեամբ մշակւում եւ իրականացւում են ծրագրային միջոցառումներ, սակայն արդիւնքը դեռեւս շօշափելի չէ ո՛չ տնտեսվարողների լայն շրջանում, ո՛չ էլ տնտեսական ցուցանիշների աճի առումով: Ծայրայեղ անհրաժեշտ են հարկային եւ մաքսային վարչարարութեան ոլորտում առաւել կոնկրէտ քայլեր, յատկապէս կոռուպցիայի յաղթահարման, ինչպէս նաեւ հարկերի վճարման ու մաքսազերծման հաւասար պայմանների ապահովման ուղղութիւններով: Բիւջետային միջոցների սղութեան ՀՀ կառավարութեան լիովին հասկանալի փաստարկը ստիպում է անդրադառնալ այն քննադատութեանը, որ կառավարման արդիւնաւէտութեան պակասի հետեւանքով` բիւջետային միջոցների սխալ վերաբաշխման եւ փոշիացման պատճառով, յաճախ անհնարին է դառնում սոցիալապէս անապահով խաւերի համար անհրաժեշտ նուազագոյն գումարների յատկացումը: Օրինակ, ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ընտրանքային կարգով ստուգուել է դեպոնենտային կարգով կենսաթոշակ ստացողների 1656 գործ, եւ յայտնաբերուել են տարբեր բնոյթի 1157 խախտումներ: Միայն Վերահսկիչ պալատի իրականացրած ստուգումները եւ յայտնաբերած խախտման փաստերն արդէն վկայում են պետութեան ֆինանսական սահմանափակ ռեսուրսների յաճախ ոչ արդիւնաւէտ օգտագործման մասին: Տուեալ իրավիճակում հիմնականում ընդունելի են ՀՀ կառավարութեան կողմից մշակուած գործողութիւնների ծրագրերը եւ ռազմավարական մօտեցումները, սակայն, կարծում եմ, ժամանակն է դրանք խօսքից եւ գրագէտ շարադրուած փաստաթղթերից վերածել իրական գործի եւ մարդկանց համար շօշափելի արդիւնքի: Օմբուդսմենն ունի հիմնական երեք առաքելութիւն` 1. քաղաքական երկխօսութեան միջնորդ, 2. մարդու իրաւունքների պաշտպանութեան վիճակի դիտորդ, 3. անհատական գործերով մարդու իրաւունքների պաշտպան: Որպէս սոցիալական իրաւունքների իրացման եւ պաշտպանութեան դիտորդ` ես կը շարունակեմ իմ դիտարկումները եւ ուսումնասիրութիւնները սոցիալական իրաւունքների ապահովման ոլորտում` պարբերաբար յայտնելով հանրութեանն իմ գնահատականները, իսկ դրանցից բխող առաջարկները` ներկայացնելով իշխանութիւններին: Որպէս իշխանութեան եւ հասարակութեան միջեւ միջնորդ` ես պատրաստ եմ հասարակութեան տարբեր խմբերից, այդ թւում` ընդդիմադիր կուսակցութիւններից, հասարակական կազմակերպութիւններից եւ անհատ անձանցից ստացուող կառուցողական առաջարկներն, ինձ օրէնքով վերապահուած կարգով, ներկայացնել ՀՀ Ազգային ժողով եւ ՀՀ կառավարութիւն` ազդելով սոցիալական ապահովութեան ոլորտում ընդունուող պետական քաղաքականութեան վրայ: Տնտեսական իրավիճակի այս համառօտ վերլուծութիւնը հաստատում է իմ մտահոգութիւնը, որ հասարակութեան մէջ բազմաթիւ են դէպքերը, որոնք Պաշտպանի լիազօրութիւնների շրջանակներում լիովին կարելի է դրական լուծումների հասցնել եւ իրացնել քաղաքացիների ու իրաւաբանական անձանց էական զանգուածի սոցիալ-տնտեսական իրաւունքները: Մինչդեռ, Պաշտպանի գրասենեակ մուտք գործած սոցիալական եւ տնտեսական ոլորտի դիմումների սակաւութիւնը (36 դիմում այս տարուայ չորս ամսուայ ընթացքում) ցոյց է տալիս, որ իրազեկման անբաւարարութեան, ինչպէս նաեւ իրաւագիտակցութեան ցածր մակարդակի հետեւանքով մարդիկ եւ կազմակերպութիւնները Պաշտպանին չեն դիմում: Յաճախ դիմումներն էլ վերաբերում են նիւթական օգնութիւն կամ այլ բարեսիրական օժանդակութիւն ստանալուն, ինչը, ցաւօք, իմ լիազօրութիւնների եւ հնարաւորութիւնների սահմաններում չէ: Որպէս անհատական գործերով պաշտպան` ես լիազօրուած եմ պետական մարմինների կողմից քաղաքացիների եւ իրաւաբանական անձանց իրաւունքների եւ արդարացի շահերի խախտման դէպքերում այդ մարմիններից (հարկային, մաքսային, աշխատանքի տեսչութեան, սոցիալական ապահովութեան եւ այլ գերատեսչութիւններ) պահանջել խախտուած իրաւունքների վերականգնում»: Կարէն Անդրէասեան, ՀՀ մարդու իրաւունքների պաշտպան
  -   Մարդու իրաւունքներ