Մեր հասարակության մի զգալի մասը դեռեւս միայն տարրական սոցիալական ապահովության խնդիր ունի


Մեր հասարակության մի զգալի մասը դեռեւս միայն տարրական սոցիալական ապահովության խնդիր ունի

  • 18-04-2011 16:21:38   | Հայաստան  |  Իրավունք
Կարեն Անդրեասյանը, ստանձնելով մարտի 3-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, հայտարարել էր, որ պահպանելու է 50-օրյա լռություն, եւ լրատվամիջոցներին խնդրել էր այդ ընթացքում չակնկալել հրապարակային ելույթներ եւ մեկնաբանություններ: Այս շաբաթ լրանում է կատարված աշխատանքները վերլուծելու եւ համակարգային բարեփոխումներ ձեռնարկելու նախանշված ժամանակահատվածը, ուստի Պաշտպանն անցնում է առավել հրապարակային եւ թափանցիկ գործունեության, որի հիմքում լինելու է հասարակությանը պարբերաբար հաշվետվություններ ներկայացնելու սկզբունքը: Ապրիլի 18-ին Կ.Անդրեասյանը ներկայացրել է իր դիտարկումները սոցիալական իրավունքների վերաբերյալ։ «Սոցիալական իրավունքներին որոշեցի անդրադառնալ առաջինը, քանի որ համոզված եմ, որ մարդն ի վիճակի է լինել ակտիվ քաղաքացիական հասարակության անդամ եւ պաշտպանել իր բոլոր իրավունքները, երբ իր արժանապատիվ կենսամակարդակն ապահովված է: Ցավոք, այսօր մեր հասարակության մի զգալի մասը դեռեւս միայն տարրական սոցիալական ապահովության խնդիր ունի եւ դրա համար ակնկալում է պետության աջակցությունը, քանի որ նույնիսկ աշխատունակ բնակչության համար սեփական աշխատանքով բավարար միջոցներ վաստակելը միշտ չէ, որ մատչելի է: Այսօր Հայաստանում աղքատ է բնակչության 34,1 տոկոսը` յուրաքանչյուր 3-րդ քաղաքացին: Օրենքով ամրագրված 32 հազար 500 դրամ նվազագույն աշխատավարձի հաշվարկման հիմքում դրված չէ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, եւ այն չի դիտարկվում որպես պետության կողմից իրականացվող սոցիալական քաղաքականության, սոցիալական վճարների հաշվարկման հիմք: Բացի այդ, պետք է հաշվի առնել իրական գների մակարդակից բխող նվազագույն սպառողական զամբյուղի հաշվարկները, որոնցով նվազագույն զամբյուղը կազմում է ավելի քան 52 հազար դրամ, եւ դա այն գումարն է, որն անհրաժեշտ է մեկ մարդուն` որպես նվազագույն կենսապահովման բյուջե: Վստահ եմ, որ աշխարհում գոյություն ունեցող որեւէ մեթոդաբանություն չի կարող հաստատել, որ 32 հազար 500 դրամը Հայաստանում, որպես մեկ անձի մեկ ամսվա կենսապահովման նվազագույն բյուջե, կարող է բավարար լինել: 2009 թվականին արձանագրվեց տնտեսության զգալի անկում: 2010թ. Հայաստանի տնտեսությունում արձանագրվեց նաեւ աննախադեպ բարձր` 9.5%-ի գնաճ: Գնաճի պատճառներն, ըստ տարբեր աղբյուրների, բացատրվում են միջազգային շուկաներում գների բարձրացումով, ընդլայնողական դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությամբ, 2010թ. մշակովի ցանքատարածությունների կրճատումով, կոռուպցիայով, մենաշնորհային տնտեսությամբ եւ գյուղատնտեսության անկման պատճառներով: Թե՛ միջազգային կազմակերպությունների, եւ թե՛ ՀՀ կառավարության գնահատմամբ, գնաճը Հայաստանում շարունակում է մնալ տարվա լրջագույն մարտահրավերներից մեկը: Այն մեղմելու համար իրականացվում են գնաճի զսպման եւ սոցիալական ուղղվածության ծրագրեր, սակայն շոշափելի արդյունքներ, իմ գնահատմամբ, դեռեւս չեն գրանցվել: Հայաստանի Հանրապետությունում տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացմանը խոչընդոտող առաջնային պատճառներից են տնտեսական մրցակցության պաշտպանության թերի մեխանիզմների եւ մենաշնորհային տնտեսությունների առկայությունը: Ըստ տարբեր տնտեսական հետազոտությունների, միջին եւ երկարաժամկետ հեռանկարում ազատ մրցակցության պաշտպանության ներկայիս համակարգը կարող է դառնալ երկրի կայուն զարգացման, աղքատության հաղթահարման եւ տնտեսական աճի հիմնական արգելքներից մեկը: Նման իրավիճակի առկայությունն, իմ գնահատմամբ, վկայում է Հայաստանում հակամենաշնորհային ինստիտուտների գործունեության անարդյունավետության մասին: Տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացմանը խոչընդոտող մեկ այլ էական պատճառ է հարկային եւ մաքսային վատ վարչարարությունը, ինչը հաստատում են եւ՛ ՀՀ կառավարությունը, եւ՛ նրա ընդդիմախոսները: Թեեւ այս ուղղությամբ մշակվում եւ իրականացվում են ծրագրային միջոցառումներ, սակայն արդյունքը դեռեւս շոշափելի չէ ո՛չ տնտեսվարողների լայն շրջանում, ո՛չ էլ տնտեսական ցուցանիշների աճի առումով: Ծայրահեղ անհրաժեշտ են հարկային եւ մաքսային վարչարարության ոլորտում առավել կոնկրետ քայլեր, հատկապես կոռուպցիայի հաղթահարման, ինչպես նաեւ հարկերի վճարման ու մաքսազերծման հավասար պայմանների ապահովման ուղղություններով: Բյուջետային միջոցների սղության ՀՀ կառավարության լիովին հասկանալի փաստարկը ստիպում է անդրադառնալ այն քննադատությանը, որ կառավարման արդյունավետության պակասի հետեւանքով` բյուջետային միջոցների սխալ վերաբաշխման եւ փոշիացման պատճառով, հաճախ անհնարին է դառնում սոցիալապես անապահով խավերի համար անհրաժեշտ նվազագույն գումարների հատկացումը: Օրինակ, ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ընտրանքային կարգով ստուգվել է դեպոնենտային կարգով կենսաթոշակ ստացողների 1656 գործ, եւ հայտնաբերվել են տարբեր բնույթի 1157 խախտումներ: Միայն Վերահսկիչ պալատի իրականացրած ստուգումները եւ հայտնաբերած խախտման փաստերն արդեն վկայում են պետության ֆինանսական սահմանափակ ռեսուրսների հաճախ ոչ արդյունավետ օգտագործման մասին: Տվյալ իրավիճակում հիմնականում ընդունելի են ՀՀ կառավարության կողմից մշակված գործողությունների ծրագրերը եւ ռազմավարական մոտեցումները, սակայն, կարծում եմ, ժամանակն է դրանք խոսքից եւ գրագետ շարադրված փաստաթղթերից վերածել իրական գործի եւ մարդկանց համար շոշափելի արդյունքի: Օմբուդսմենն ունի հիմնական երեք առաքելություն` 1. քաղաքական երկխոսության միջնորդ, 2. մարդու իրավունքների պաշտպանության վիճակի դիտորդ, 3. անհատական գործերով մարդու իրավունքների պաշտպան: Որպես սոցիալական իրավունքների իրացման եւ պաշտպանության դիտորդ` ես կշարունակեմ իմ դիտարկումները եւ ուսումնասիրությունները սոցիալական իրավունքների ապահովման ոլորտում` պարբերաբար հայտնելով հանրությանն իմ գնահատականները, իսկ դրանցից բխող առաջարկները` ներկայացնելով իշխանություններին: Որպես իշխանության եւ հասարակության միջեւ միջնորդ` ես պատրաստ եմ հասարակության տարբեր խմբերից, այդ թվում` ընդդիմադիր կուսակցություններից, հասարակական կազմակերպություններից եւ անհատ անձանցից ստացվող կառուցողական առաջարկներն, ինձ օրենքով վերապահված կարգով, ներկայացնել ՀՀ Ազգային ժողով եւ ՀՀ կառավարություն` ազդելով սոցիալական ապահովության ոլորտում ընդունվող պետական քաղաքականության վրա: Տնտեսական իրավիճակի այս համառոտ վերլուծությունը հաստատում է իմ մտահոգությունը, որ հասարակության մեջ բազմաթիվ են դեպքերը, որոնք Պաշտպանի լիազորությունների շրջանակներում լիովին կարելի է դրական լուծումների հասցնել եւ իրացնել քաղաքացիների ու իրավաբանական անձանց էական զանգվածի սոցիալ-տնտեսական իրավունքները: Մինչդեռ, Պաշտպանի գրասենյակ մուտք գործած սոցիալական եւ տնտեսական ոլորտի դիմումների սակավությունը (36 դիմում այս տարվա չորս ամսվա ընթացքում) ցույց է տալիս, որ իրազեկման անբավարարության, ինչպես նաեւ իրավագիտակցության ցածր մակարդակի հետեւանքով մարդիկ եւ կազմակերպությունները Պաշտպանին չեն դիմում: Հաճախ դիմումներն էլ վերաբերում են նյութական օգնություն կամ այլ բարեսիրական օժանդակություն ստանալուն, ինչը, ցավոք, իմ լիազորությունների եւ հնարավորությունների սահմաններում չէ: Որպես անհատական գործերով պաշտպան` ես լիազորված եմ պետական մարմինների կողմից քաղաքացիների եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ արդարացի շահերի խախտման դեպքերում այդ մարմիններից (հարկային, մաքսային, աշխատանքի տեսչության, սոցիալական ապահովության եւ այլ գերատեսչություններ) պահանջել խախտված իրավունքների վերականգնում»: Կարեն Անդրեասյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play