Կնքուել է Հայաստանում ոռոգման վեց մայր ջրանցքների<br /> վերականգնման պայմանագիր<br />


Կնքուել է Հայաստանում ոռոգման վեց մայր ջրանցքների
վերականգնման պայմանագիր

  • 19-12-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հազարամյակի մարտահրաւեր հիմնադրամ-Հայաստան» (ՀՄՀ-Հայաստան) ՊՈԱԿ-ի, ֆրանսիական «ՍԱԴ» եւ հայկական «ՇՄՇ-23» ընկերութիւնների կոնսորցիումի մասնակիցների միջեւ կնքուել է 5,7 միլիոն ԱՄՆ դոլարի պայմանագիր, որի համաձայն կոնսորցիումը «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի «Ոռոգւող գիւղատնտեսութիւն ենթածրագրի ենթակառուցվածք» բաղադրիչի շրջանակներում պէտք է իրականացնի վեց մայր ջրանցքների առաջին փաթեթով նախատեսուած շինարարական աշխատանքները: Պայմանագիրը ստորագրուել է «ՀՄՀ-Հայաստան»-ի գրասենեակում` գրասենեակի գլխաւոր գործադիր տնօրէն Արա Յովսէփեանի եւ «ՍԱԴ» ընկերութեան ներկայացուցիչ Ֆրենսիս Մարկեզի կողմից: Առաջին փաթեթի շինարարական աշխատանքները կներառեն Արզնի-Շամիրամ ջրանցքի 4,2 կմ հատուածի առաւել վթարային հատուածների բետոնէ երեսպատումը եւ վեց մայր ջրանցքների (Արզնի-Շամիրամի, Արմաւիրի, Արտաշատի, Ստորին Հրազդանի, Շիրակի, Թալինի) առաւել վթարային հատուածների հիդրոտեխնիկական կառուցուածքների վերականգնումը: Այդ աշխատանքները կներառեն Արմաւիրի, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի եւ Շիրակի մարզերը ու կմեկնարկեն 2009թ.-ի յունուարից: Պայմանագրով նաեւ նախատեսուել է փորձնական ենթաբաղադրիչի իրականացումը, որը թոյլ կտայ փորձարկել տորկրետային եւ այլ առաջաւոր տեխնոլոգիաների կիրառումը ջրանցքների շուրջ 200 մետր հատուածների վրայ: Յաջողութեան դէպքում այդ տեխնոլոգիաները կկիրառուեն ջրանցքների եւ այլ հիդրո-տեխնիկական կառուցուածքների վերականագնման շինարարական աշխատանքների ժամանակ: Այս մասին յայտնեցին «ՀՄՀ-Հայաստան» գրասենեակից:
  -   Տնտեսութիւն