Ջավախահայութեան խնդիրները ԱՄՆ պէտքարտուղարութեան զեկոյցում ներկայացուած են թերի եւ խեղաթիւրուած


Ջավախահայութեան խնդիրները ԱՄՆ պէտքարտուղարութեան զեկոյցում ներկայացուած են թերի եւ խեղաթիւրուած

  • 18-04-2011 13:34:37   |   |  Մարդու իրաւունքներ

Ջավախահայութեան իրաւունքների պաշտպանութեան համակարգող խորհրդի գնահատմամբ, ԱՄՆ պէտքարտուղարութեան 2010թ. մարդու իրաւունքների զեկոյցում ջավախահայութեան խնդիրները ներկայացուած են թերի եւ խեղաթիւրուած։ Այդ կնապակցութեամբ խորհուրդը ապրիլի 18-ին տարածել է Հետեւեալ յայտարարութիւնը. «2011թ. ապրիլի 8-ին ԱՄՆ պէտքարտուղարութիւնը հրապարակեց 2010թ. մարդու իրաւունքների մասին զեկոյցը: Ինչպէս եւ անցեալ տարի, այս տարի նոյնպէս զեկոյցի (http://www.state.gov/documents/organization/160457.pdf)` Վրաստանին վերաբերող մասում ջավախահայութեան իրաւունքների ոտնահարման փաստերը ներկայացուած են խիստ թերի եւ խեղաթիւրուած կերպով: Մասնաւորապէս զեկոյցում արտացոլուած չեն ջավախահայութեան իրաւունքների ոտնահարման հետեւեալ փաստերը. Ջավախահայութեան հասարակական-քաղաքական կեանքը գտնւում է վրաց ուժային կառոյցների շարունակական, ուղղակի եւ տոտալ վերահսկողութեան ներքոյ: Ոստիկանութեան կողմից իրականացուող անօրինական գործողութիւնների միջոցով (ճնշումներ, սպառնալիքներ, անօրինական կալանք, շինծու քրէական գործերի յարուցում եւ այլն) արմատախիլ են արւում ջավախահայութեան հասարակական բողոքի անգամ չնչին դրսեւորումները: Հայաբնակ շրջաններում յօգուտ Սաակաշուիլու «Ազգային շարժում» իշխող կուսակցութեան կեղծուեցին 2010թ. մայիսին կայացած ՏԻՄ ընտրութիւնների արդիւնքները: Վրաստանի օրէնսդրութեամբ արգելւում է ստեղծել քաղաքական կազմակերպութիւններ տարածաշրջանային հիմքի վրայ: Դրա հետեւանքով ջավախքեան քաղաքական կառոյցները ընտրութիւններին մասնակցելու համար ստիպուած են ուղիներ փնտրել համաւրաստանեան որեւէ քաղաքական կուսակցութեան ընտրական ցուցակներում ընդգրկուելու համար: Սա էապէս խոչընդոտում է հայ բնակչութեան շահերը ներկայացնող հասարակական-քաղաքական ուժերի մասնակցութեանը հանրային կեանքին: Վրացական իշխանութիւնները արագացուած տեմպերով շարունակում են համախումբ հայ բնակչութիւն ունեցող շրջաններում հանրային կեանքի բոլոր ոլորտներում վրացերէն լեզուի բռնի պարտադրման քաղաքականութեան իրականացումը` արհամարհելով հայերէնին մարզային լեզուի կարգավիճակ տալու ջավախահայութեան պահանջները: Դրանով կոպիտ ոտնահարւում են Վրաստանի ստանձնած միջազգային պարտաւորութիւնները, այդ թւում` Ազգային փոքրամասնութիւնների պաշտպանութեան Եւրոպական շրջանակային կոնուենցիայի դրոյթները: Սամցխե-ջավախք նահանգում հայերն, ըստ պաշտօնական տուեալների, կազմում են բնակչութեան 55%-ը, սակայն նրանք գրեթէ ներկայացուած չեն նահանգի կառավարման մարմիններում: Վրացական իշխանութիւնները շարունակում են սահմանի վրայ անօրինական խոչընդոտներ ստեղծել հայալեզու գրականութիւն եւ մամուլ Ջավախք փոխադրելու հարցում: Զեկոյցում արդարացիօրէն նշւում է, որ ջավախահայերը բողոքում են հայերէնին մարզային լեզուի կարգավիճակ տալու վրաց իշխանութիւնների դժկամութիւնից, սակայն դրանից անմիջապէս յետոյ աւելացւում է, որ «ըստ որոշ Հկ-ների` վրաց լեզուի ուսուցման վիճակը բարելաւուել է»: Դրանով ԱՄՆ պէտքարտուղարութիւնը կարծես թէ անուղղակիօրէն քաջալերում է իշխանութիւններին շարունակել Ջավախքում վրաց լեզուի արագացուած եւ բռնի ներդրման իրենց քաղաքականութիւնը, որը ջավախահայութեան դժգոհութեան հիմնական աղբիւրներից մէկն է: 2010թ. զեկոյցում չեն շտկուել շինծու մեղադրանքների հիման վրայ 10 տարուայ ազատազրկման դատապարտուած ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալեանի գործին վերաբերող անճշտութիւնները: Միեւնոյն ժամանակ, որպէս դրական երեւոյթ, պէտք է արձանագրել, որ նոր զեկոյցում ԱՄՆ պէտքարտուղարութիւնը զետեղել է հայկական կողմի ծանրակշիռ փաստարկներն առ այն, որ Վահագն Չախալեանը բանտարկուել է ջավախահայութեան իրաւունքների պաշտպանութեանն ուղղուած իր հասարակական-քաղաքական գործունէութեան պատճառով: Համեմատելով զեկոյցի Վրաստանին վերաբերող հատուածը տարածաշրջանի այլ երկրներին վերաբերող մասերի հետ, կարելի է արձանագրել, որ նշելով Վրաստանում արդար դատավարութեան բացակայութեան, իշխանութիւնների կողմից դատական համակարգի վերահսկողութեան եւ քաղաքական դրդապատճառներով հետապնդման երեւոյթների մասին, երեւոյթներ, որոնցից տուժում են նաեւ ջավախահայերը, ԱՄՆ պէտքարտուղարութիւնն այնուամենայնիւ խուսափում է դրանց համարժէք գնահատականներ տալ` Վրաստանի հանդէպ կիրառելով երկակի չափանիշներ: ԱՄՆ` որպէս Վրաստանի հիմնական գործընկերներից մէկը, իրենց զեկոյցում չլուսաբանելով Վրաստանում մարդու եւ ազգային փոքրամասնութիւնների տարրական իրաւունքների ոտնահարման հիմնական փաստերը, ըստ էութեան արտօնում են Սաակաշուիլու վարչակարգին շարունակել իր խտրական քաղաքականութիւնը: Դրանով ԱՄՆ իշխանութիւնները «արջի ծառայութիւն» են մատուցում Վրաստանին, քանի որ վրաց իշխանութիւնների ներկայ գործելաոճը օրէցօր աւելացնում է Վրաստանի քաղաքացիների, այդ թւում նաեւ` ջավախահայերի դժգոհութիւնը: Ելնելով վերոնշեալից` Ջավախահայութեան իրաւունքների պաշտպանութեան համակարգող խորհուրդը կոչ է անում ԱՄՆ իշխանութիւններին իրենց զեկոյցներում առաւել անաչառ կերպով ներկայացնել Վրաստանի հայ բնակչութեան խնդիրները, ինչպէս նաեւ ակտիւացնել ջանքերը մարդու եւ ազգային փոքրամասնութիւնների իրաւունքների պաշտպանութեան ոլորտում Վրաստանի ստանձնած միջազգային պարտաւորութիւնների լիարժէք կատարումն ապահովելու ուղղութեամբ»: 2011թ. ապրիլի 18, Ախալքալաք-երեւան
  -   Մարդու իրաւունքներ