Երեւանում յուրօրինակ նշուեց Մամուլի ազատութեան համաշխարհային
օրը` լուսանկարչական ցուցահանդէսի միջոցով
03-05-2010 20:30:00 | Հայաստան | Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մայիսի 3-ին`
Մամուլի ազատութեան համաշխարհային օրուայ առթիւ, Երեւանում բացուեց
լուսանկարչական ցուցահանդէս` նուիրուած արտայայտուելու, խօսքի,
ինֆորմացիա ստանալու ազատութեան թեմաներին: Միջուցառումը
կազմակերպուել էր Ինֆորմացիայի ազատութեան կենտրոնի, ԱՄՆ Միջազգային
զարգացման գործակալութեան, ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի երեւանեան
գրասենեակների կողմից: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ
զրոյցում նշեց միջոցառման կազմակերպիչ` Ինֆորմացիայի ազատութեան
կենտրոնի տնօրէն Շուշան Դոյդոյեանը, միջոցառման նպատակն է եղել
իշխանութիւնների, հանրութեան ուշադրութիւնը հրաւիրել նշուած
հարցերում առկայ խնդիրների վրայ: Իսկ հասարակութեան մէջ կարծիք կայ,
որ Հայաստանում մամուլը ազատ չէ եւ որ յաճախ խախտւում է մարդկանց
տեղեկատուութիւն ստանալու իրաւունքը:
Լուսանկարչական ցուցահանդեսին մասնակցելու համար ներկայացուած
60 հեղինակների 300 լուսանկարներից ընտրուել է 21 հեղինակի 30
լուսանկարն հեղինակները քաղաքացիներ, պրոֆեսիոնալ լուսանկարիչներ
եւ լրագրողներ են:
Ցուցադրուած աշխատանքների թւում էր նաեւ «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ
Հայլայթս» անգլալեզու շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Յարութիւն
Խաչատրեանի «Հացադուլաւոր ազատամարտիկը հանրահաւաքում» լուսանկարը:
Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազօր դեսպան Մարի Յովանովիչը
լրագրողների հետ զրոյցում նկատեց, որ «Ֆրիդոմ հաուս»
կազմակերպութեան մամուլի ազատութեան հետազօտութեամբ Հայաստանը
որակուել է որպէս «ոչ ազատ», իսկ դա նշանակում է, որ այս
ուղղույթամբ աշխատանք կայ կատարելու: Ի պատասխան լուսանկարչական
ցուցահանդէսի մասին հարցի, դեսպանը նշեց. «Որոշ լուսանկարներ
ծիծաղելի են, որոշները մի փոքր պրովոկացիոն բնոյթ ունեն, բայց
բոլոր լուսանկարներում կարեւորւում է իրազեկ լինելու գաղափարը»:
Դեսպանը ընդգծեց, որ այս իրաւունքը հիմնարար իրաւունքներից մէկն է,
դրա կարեւորութեան մասին է խոսում ԱՄՆ հիմնադիր հայրերից մէկը`
Թոմաս Ջեֆֆերսոնի կատարած ընտրութիւնը. «որտեղ կնախընտրեիք
ապրել` մի երկրում, որտեղ չկայ կառավորությո՞ւն, թէ որտեղ` ազատ
մամո՞ւլ» հարցին մի առիթով Թ.Ջեֆֆերսոնը յայտարարել է, որ
կնախընտրեր ապրել այնտեղ, որտեղ կայ ազատ մամուլ: