2010թ.-ին կնշուի Հայաստանի խորհրդարանի 20-ամեայ տարեդարձը<br />


2010թ.-ին կնշուի Հայաստանի խորհրդարանի 20-ամեայ տարեդարձը

  • 19-04-2010 21:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի 19-ին, տեւական ընդմիջումից յետոյ, կայացաւ Հայաստանի երրորդ հանրապետութեան առաջին խորհրդարանի` Գերագոյն խորհրդի, նախկին պատգամաւորների հաւաքը: Հիմնական նպատակն էր քննարկել Հայաստանի խորհրդարանի 20-ամեայ տարեդարձին նուիրուած միջոցառումների ծրագիրը եւ ընդունել համապատասխան յայտարարութիւն: Նախաձեռնողը «Գերագոյն խորհուրդ-պատգամաւորական ակումբ» ՀԿ-ն էր: Վերջինի նախագահ Ռուբէն Թորոսեանը յայտնեց, որ հաւաքին հրաւիրուած են նաեւ ներկայիս գումարման Ազգային ժողովի ղեկավարութեան եւ խմբակցութիւնների ներկայացուցիչներ, պատգամաւորներ: Սակայն հրաւէրը մնաց անարձագանք, եւ հաւաքին մասնակցեցին միայն ԳԽ-ի նախկին շուրջ հինգ տասնեակ պատգամաւորներ: Հաւաքի սկզբում մասնակիցները մէկ րոպե լռութեամբ յարգեցին 10 տարի առաջ ընդլայնուած կազմով տեղի ունեցած նախորդ հաւաքից յետոյ մահացած շուրջ երկու տասնեակ նախկին պատգամաւորների յիշատակը: Ռ.Թորոսեանը յայտնեց, որ վերջին 20 տարում ընդհանուր առմամբ կեանքից հեռացել են չորս տասնեակ ԳԽ-ի նախկին պատգամաւորներ: Ակումբի նախագահը ներկայացրեց տօնական միջոցառումների ծրագրի նախագիծը, տեղեկացնելով, որ այն վաղուց է կազմուել եւ նախապէս ներկայացուել պետական մարմիններին, սակայն որոշակի դանդաղկոտություն է նկատւում, ու, ցավոք, մի շարք ծարգրված միջոցառումներ, հաւանաբար, չի յաջողուի կեանքի կոչել: Սակայն, ըստ նրա, մէկ բան յստակ է. յուլիսի 20-ին` ԳԽ-ի առաջին նիստի օրը, հանդիսաւոր կերպով կնշուի առաջին խորհրդարանի 20-ամեակը: Բացի այդ, ներկայիս ԱԺ-ի ղեկավարութեան կողմից ստացուած հավաստման համաձայն, կտպագրուի «ՀՀ խորհրդարանը 1990-2010թ.թ.» գիրքը եւ խորհրդարանի արխիւային նիւթերի հիման վրայ կնկարահանուի «Պառլամենտարիզնի ձեւաւորումը ՀՀ-ում` 1990-2010թ.թ.» ֆիլմը: Հաւաքի մասնակիցները` անկախ քաղաքական հայեացքներից եւ ներկայումս զբաղեցրած դիրքից, կարեւորեցին 1990-1995թ.թ.-ի խորհրդարանի դերն ու նշանակությունն արդի հայոց պատմութեան հիմնադրման, ինքնիշխանութեան հռչակման տեսանկիւնից: Ելոյթներում հնչեց նաեւ որոշակի քննադատություն, մասնաւորապէս, երկրի «զարգացման ուղղութիւնը փոխվելու», քաղաքական ասպարէզում «մականունավորների» ի յայտ գալու, քաղաքական մշակոյթի բացակայութեան հետեւանքով առաջին խորհրդարանի անդամներին «պատմութիւնից դուրս մղելու եւ անտեսելու» կապակցութեամբ: Որոշուեց սեփական ուժերով կազմել պաշտօնավարման ժամանակաշրջանի տարեգրութիւնը, հրատարակել ԳԽ-ի գործունէութեան վերաբերեալ ամփոփ տեղեկագիրք: Կազմուեց նաեւ աշխատանքային խումբ` խորհրդարանի 20-րդ տարեդարձի կապակցութեամբ ընդունվելիք յայտարարութեյան տեքստը հիմնովին վերամշակելու համար, իսկ նախապէս կազմուած տեքստը որակուեց «անատամ»:
  -   Քաղաքական