Տիգրան Սարգսեան. Մեքենաների տեխզննման վերաբերեալ կառավարութեան որոշումը չի հակասում օրէնքին


Տիգրան Սարգսեան. Մեքենաների տեխզննման վերաբերեալ կառավարութեան որոշումը չի հակասում օրէնքին

  • 13-04-2011 21:39:51   | Հայաստան  |  Հասարակութիւն
Հայաստանում մեքենաների տեխզննման գործընթացի կանոնակարգերի վերաբերեալ կառավարութեան որոշումը բացարձակապէս չի հակասում օրէնքին՝ կառավարութիւնը չի վերացրել օրէնքի դրոյթները, ընդամէնը ֆիքսել է որոշակի գործառոյթներ։ Այս մասին Ազգային ժողով-կառավարութիւն ապրիլի 13-ի հարցուպատասխանի ժամին յայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը, յաւելելով, որ կառավարութեան որոշումը բխում է տեխզննում անցնող 300 հազար մեքենաների սեփականատէրերի շահերից։ «Տեխզննում իրականացնող կայանների միջեւ պէտք է լինի մրցակցութիւն, նրանք պէտք է պատշաճ ծառայութիւններ մատուցէն, եւ մեր քաղաքացիները կարող էն ընտրել այն տեխզննման կայանը, որն առաջարկում է աւելի բարենպաստ ծառայութիւն»,- ասաց կառավարութեան ղեկավարը։ Տիգրան Սարգսեանն ընդգծեց, որ տեխզննման ոլորտում կային լրջագոյն` մինչեւ 90 տոկոս հասնող, կոռուպցիոն ռիսկեր, եւ կառավարութիւնը պարտաւոր էր քայլեր ձեռնարկել դրանք վերացնելու ուղղութեամբ։ Հակակոռուպցիոն պայքարի ուսումնասիրութիւններ իրականացնելիս կառավարութիւնը բացայայտել էր, որ տեխզննման կտրօնները համատարած կերպով տրւում էին առանց տեխզննում իրականացնելու՝ 5000 դրամ կաշառք շորթելու դիմաց։ Երբեմն մեքենաները տեխզննում «անցնում էին» առանց տեխզննման կայան ժամանելու։ Կառավարութեան ղեկավարը ընդունեց Ազգային ժողովի «ՀՅԴ» խմբակցութեան անդամ Արա Նռանեանի առաջարկը` խնդրի առնչութեամբ խորհրդարանական լսումներ անցկացնելու վերաբերեալ։ «Պատրաստ ենք քննարկել հարցի իրաւական կողմը»,- ասաց Տ.Սարգսեանը։
  -   Հասարակութիւն